Կարծիք

20.05.2011 10:05


Սթափվելու ժամանակը

Սթափվելու ժամանակը

Դանդաղ, բավական ուշացած, բայց ինչ-որ բան սկսել է փոխվել Հայաստանում: Սկսվել են գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս հուսալ, որ մեր երկիրը չի փլուզվի: Իսկ որ մենք կանգնած ենք փլուզման շեմին, փաստ է:

Երբ պետական պաշտոնյան լքում է պաշտոնական պատվիրակությունը և թաքնվում Հոլանդիայում, ապա մեկ անգամ ևս պարզ է դառնում, թե ինչ տխուր պատկեր է մեր երկրում: Նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու պատգամավոր եղբայրն Ազգային ժողովի շենքում հարձակվում և այլանդակ հայհոյանքներ է տեղում լրագրողուհու վրա, իսկ Գալուստ Սահակյանը կանգնած հետևում է այս ամենին, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ բարոյալքման մակարդակն անցել է թույլատրելի նորմայից: Այն, որ երկրում հաստատ ինչ–որ բան այնպես չէ, գիտեն բոլորը, բայց գերակշիռ մեծամասնությունն առայժմ ոչինչ չի անում այս երկրում ինչ–որ բան փոխելու համար:

Իրենց անկախ, բայց վաղուց արդեն ավելի քան պատասխանատու լրատվամիջոցները չփորձեցին Սերժ Սարգսյանից հետաքրքրվել, թե ո՞րն է պատճառը, որ մեկ թեթև ապտակն անհանդուրժելի արարք է, իսկ երիտասարդ լրագրողուհու վրա հարձակումը՝ ոչ: Եթե մենք այնքան ուժ չունենք, որ մի կողմ դնելով մեր քաղաքական և ոչ քաղաքական կողմնորոշումները՝ կանգնենք տուժած լրագրողուհու կողքին, ապա պետք է ընդունենք, որ հայտնվել ենք ծանրագույն վիճակում:

Ի դեպ, օրերս ինչ–որ մեկը գրել էր, թե Սաշիկ Սարգսյանն ավելի վտանգավոր է, քան եկեղեցու տարածք ներխուժած և հոգևորսությամբ զբաղվող Եհովայի վկան: Իրականում հենց այս եզրահանգումը ևս վկայում է մեր հասարակության մեջ տիրող վիճակի մասին: Եթե մենք արդեն ընտրում ենք վատի և վատթարագույնի միջև և, անկախ մեզնից, աջակցում մեր հասարակությունը պառակտող կազմակերպությանը, որն իրականում որևէ կապ չունի քրիստոնեության հետ, ապա մենք իրոք կանգնած ենք փլուզման եզրին: Իրականում Սաշիկ Սարգսյանն իր պահվածքով շատ ավելի ազգանվեր գործ է անում, քան մեղմ ժպիտով բարձր տեխնոլոգիաներից խոսող Տիգրան Սարգսյանը: Սաշիկ Սարգսյանի նմանները պարբերաբար միամիտներին հուշում են, թե ովքեր են ղեկավարում Հայաստանը և ստուգում մեր զգոնությունը: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը, աղանդավորական քարոզչի նման ժպտալով, իր ամենօրյա գործունեությամբ վնաս է հասցնում մեր երկրին, սակայն գտնվում են մարդիկ, որոնք չեն կարողանում հավատալ, թե ինչպես կարող է նման կիրթ անձնավորությունը կործանել մեր երկրի տնտեսությունը: Այնպես որ, մենք դեռ Սաշիկ Սարգսյանից պետք է շնորհակալ լինենք:  Չէ՞ որ նա հանրության առաջ շատ լավ մերկացնում է իր եղբորը և ցույց տալիս նրա խոցելի տեղերն ու իրական դեմքը: Ավելին, նա նույն հանրությանն ասում է, թե տեսեք՝ ում հետ է ցանկանում երկխոսել Հայ ազգային կոնգրեսը:

Ի դեպ, որքան մոտենում է մայիսի 31-ի հանրահավաքը, այնքան ավելի բոցաշունչ ելույթներ են հնչում իշխանափոխության անհրաժեշտության մասին: Տարօրինակն այն է, որ իշխանափոխության անհրաժեշտության, արտահերթ ընտրությունների կարևորության մասին շեշտում են ՀԱԿ գրեթե բոլոր առաջնորդները, սակայն տարօրինակ լռություն է պահպանում Լևոն Տեր-Պետրոսյանը: Իհարկե, նույնիսկ ոզնուն է հասկանալի (ներողություն եմ խնդրում ռուսերենից բառացի թարգմանության համար), թե ինչու այս հարցում ակտիվություն հանդես չի բերում առաջին նախագահը: Հասկանալի և չափից ավելի պարզ է, թե ինչու կոնգրեսականները սկսեցին խոսել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նրանք ևս հասկանում են, որ երկրում բավական հետաքրքիր գործընթացներ են սկսվել, և եթե իրենք շարունակեն քշել իրենց էշը, ապա կգնան այնտեղ, որտեղ չեն ուզում: Բացի այդ, Կոնգրեսի առաջնորդները հասկանում են, որ կորցնում են իրենց ընտրազանգվածին: ՀՀ քաղաքացիներն այնքան միամիտ չեն, որքան կարծում են ոմանք: Նրանք շատ լավ տեսնում են, որ Կոնգրեսի ծրագրերում այլևս արտահերթ ընտրությունների հարց գոյություն չունի: Բնական է, որ նրանք երես են թեքելու այն ուժից, որն իրենց պարզապես օգտագործում է նեղ անձնական խնդիրներ լուծելու համար:

Երբ հայտարարում են, թե երկխոսության ժամանակ, բացի արտահերթ ընտրության մասին հարցից, այլ խնդիրներ չեն կարող շոշափվել, միանգամից ուզում ես հարցնել՝ իսկ ո՞վ է ասել, թե բանակցությունների օրակարգը որոշում է երկխոսող կողմերից միայն մեկը: Երկխոսող կողմերից մեկն արդեն հոգնել է կրկնելուց, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Ավելին, նույն Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան պարզ ասել է, թե երեք պահանջների կատարումից հետո երկխոսելու են մարտի 1-ին ներկայացված մյուս 12 պահանջների կատարման մասին, իսկ այդ պահանջների մեջ արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ չկա: Բայց դե յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն է ընտրում և լավ է, որ ամեն ինչ պարզվում է և լղոզվածությունը՝ վերանում։ Ի վերջո, բոլորին կհասնի այն՝ ինչին իրենք արժանի են։

Մեկ բան ակնհայտ է. անկախ Կոնգրեսի և վարչախմբի ցանկությունից և կամքից՝ Հայաստանում գործընթացներ են սկսվել, որոնք փոխելու են առկա իրավիճակը: Ընդ որում, այդ փոփոխությունից շահելու են և՛ այսօր իշխանության մեջ գտնվողները, և՛ նրանք, ովքեր դեռ հավատում են Կոնգրեսի առաջնորդներին: Ավելին, շատ շատերը, ովքեր այսօր ինչ-ինչ պատճառներով Կոնգրեսի և վարչախմբի կողքին են, հարելու են այն ուժին, որն, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, երկիրը տանելու է փրկության ճանապարհով: Հիմա բաժանարար գծեր տանելու ժամանակը չէ: Հիմա երկիրը կործանումից փրկելու, բարոյալքումը վերացնելու ժամանակն է: Չմոռանանք, որ ինչ–որ մի երկիր բերանը բացել և սպասում է, թե մի քանի ագահ և իշխանատենչ երիտասարդների ջանքերով Հայաստանը երբ է հայտնվելու բացված երախում: Բարեբախտաբար, մենք դեռ այնքան ներուժ ունենք, որ կարող ենք ոտքի կանգնեցնել մեր երկիրը և դեռ բացված երախի մեջ էլ բոլորովին այլ բան դնել:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը