Լրահոս

12.02.2021 09:07


12 ոստիկան կես ժամ դաժանաբար ծեծի է ենթարկել վարորդին․ ոստիկանությունը դեպքի մասին լռել է (տեսանյութ)

12 ոստիկան կես ժամ դաժանաբար ծեծի է ենթարկել վարորդին․ ոստիկանությունը դեպքի մասին լռել է (տեսանյութ)

2020 թվականի օգոստոսի 22-ին Ոստիկանության Գայի վարչության շենքում 12 ոստիկանի կողմից քաղաքացուն դաժանաբար ծեծի ենթարկելու կոծկված միջադեպից Yerevan.Today – ը կադրեր էր հրապարակել։ Հիշեցնենք՝ խոսքը հանրության շրջանում հայտնի Փոսի գայի շենքում ծեծկռտուքի աղմկահարույց դեպքի մասին է, որը ոստիկնապետ Վահե Ղազարյանի կողմից խնամքով թաքցվել է հասարակությունից ու ավելին՝ ի սկզբանե փորձ է արվել անգամ քննությունից թաքցնել, հատուկ միջոցներ են գործի դրվել, ինչի մասին կցկտուր տեղեկություններ է հայտնում տուժածը տեսանյութում:

Բայց ահա միջադեպի հետևանքով քաղաքացու ստացած մարմնական ծանր վնասվածքներն ինչ-որ պահի ստիպում են ջարդարար ոստիկաններին քայլեր ձեռնարկել. գիշերը 22.20-ից Փոսի գայի շենք մտած քաղաքացուն այնտեղից դուրս են բերում 23.30–ի սահմաններում, ընդ որում՝ ոչ թե շտապօգնության մեքենայով, այլ գայի ծառայողական մեքենաայով:

Մեր հավաքագրած ամբողջական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ շտապօգնություն չի կանչվել՝ փաստացի միջադեպը կոծկելու համար: Հարվածներից թուլացած մարմինը մի կերպ տեղավորելով մեքենայի մեջ՝ սկզբում տանում են Ոստիկանության Էրեբունու բաժանմունք, այնտեղ արյունոտ, պատառոտված շորերով, ձեռնաշղթայով, բայց անգիտակից վիճակում տղամարդուն տեսնելուց հետո, հերթափոխի ոստիկանները տղերքին «գլխի են գցում», որ թեման լուրջ է, տարեք հիվանդանոց:

Եվ խիստ ուշագրավ է այն փաստը, որ ջարդարար ոստիկաններն իրենց զոհին փոխարենը տեղափոխելու մոտակա ցանկացած հիվանդանոց, չգիտես ինչու Փոսի գայի շենքից ամենահեռու գտնվող պետական Սբ. Գրիգոր Լուսավորիչ (Մասիվի) հիվանդանոցն են նախընտրում, որը, ի դեպ, հեղափոխությունից հետո գլխավորում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորսյանի ընկեր Արման Հովակիմյանը:

Հաջորդ խիստ ուշագրավ դրվագը․ այստեղ Սբ. Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ի առաջին հարկում է գրանցվել, ինչը առկա է անվտանգության համակարգից առգրավված տեսանյութերում:

Բացի այն, որ ուշագրավ զրույցներ են ծավալվում հիվանդանոցի առաջին հարկում ջարդարար ոստիկանների և հերթապահ բժիշկների միջև, որոնք, ի դեպ, ծխելով են զրուցում հիվանդանոցի տարածում և 15 րոպե սրահում պահելով քաղաքացու ջարդված մարմինը, այդպես էլ ամբողջ ընթացքում «գյալաջիի» բռնված՝ առաջնային բուժօգնության որևէ գործողություն չեն իրականացնում։ Ավելին, տեսնում են որ նա գիտակից վիճակում չէ, ուշագնած ընկած է սայլակին, հարկ չեն համարում անգամ տուժածին գիտակցության բերել:

Ստացվում է՝ այս մարդկանց լրիվ ձեռնտու էր քաղաքացու անգիտակից վիճակը, ինչո՞ւ...

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Առանձնակի քննության առարկա պետք է դառնա այն փաստը, թե ինչու է ջարդարար ոստիկանական խումբը և ո՞ւմ հրահանգով է որոշել, որ պետք է որովայնի և գլխի շրջանում 30 րոպե անընդմեջ հարվածներից հետո թուլացած, ծանր վնասվածքներ ստանացած տղամարդուն տանել մի հիվանդանոց, որը բացառապես կորոնավիրուսով վարակվածների սպասարկող ԲԿ-ի հատուկ կարգավիճակ էր ստացել նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ դեռևս 2020թ․ ապրիլից սկսած:

Այս հանգամանքը, ըստ էության, պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, պաշտոնեական դիրքի չարաշահում․ միայն այս դրվագը առնվազն հուշում է, որ հնարավոր է՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ընթացքին կամ պոստֆակտում՝ առողջապահական ոլորտի այդ ժամանակվա պատասխանատու նախարար Արսեն Թորոսյանի և այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջև:

Yerevan.Today-ի ձեռքի տակ հայտնված տեսանյութում առկա է միջադեպի սկիզբը, 30-35 րոպե տևած ծեծկռտուքի ողջ տեսարանները՝ ոստիկանական շենքի ներսում և տարածքում, ապա միջադեպին հետևած բոլոր զարգացումները, մինչև այն դրվագը, երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի առաջին հարկում քաղաքացուն անտարբերության մատնելուվ` 15 րոպե ինչ-որ բաներ քննարկելուց հետո հարկադրված հենց նույն հիվանդանոցի հերթապահ բժիշկը շտապօգնություն կանչելով՝ տղամարդուն տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց:

Նշենք, որ չնայած միջադեպը կոծկելու բոլոր փորձերին՝ Հատուկ քննչական ծառայությունը, այդուհանդերձ, քննություն է սկսել և ենթադրվում է, որ այստեղ միակ խանգարող հանգամանքը եղել է Թիվ 1 հիվանդանոցից ահազանգը:

ՀՔԾ-ն նախաքննությունն ավարտել, և գործը վերջերս ուղարկել է դատարան. հատկանշական է այն, որ միջադեպին ուղիղ մասնակցություն ունեցել է առնվազն 12 ճանապարհային ոստիկան և երկու քաղաքացի՝ տուգանային հրապարակ իրենց մենքենայի ետևից եկած քաղաքացի Արթուր Մեսրոպյանը իր եղբոր հետ, բայց դատարան մտած գործով տուժող են ճանաչվել վերջին երկուսը, այսինքն` ծեծի ենթարկված քաղաքացիները. իսկ ահա 12 ջարդարար ոստիկանից միայն երկուսի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել և կասեցվել է նրանց ծառայությունը: Իսկ ընդամենը երեք ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քր․օր 392 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այսինքն՝ մեղադրյալ է ընդամենը 3 ոստիկան:

Հետաքննության ուշագրավ դրվագները դիտեք ստորև ներկայացվող տեսնյութում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը