Ոմանք հայրենիքը սիրելու համար վտանգում են կյանքը և կալանավորվում, ոմանք էլ` հայրենիքը դավաճանելու համար շարունակում են ստանալ պարգևավճարներ
Պատերազմի օրերն էր. Հադրութում էինք, շատ ծանր օր էր, ռմբակոծություններն անդադար էին, օդում անօդաչուները վխտում էին։ Սերգոն զանգ ստացավ Մարտակերտի հոսպիտալից, դե այդ օրերին Արցախում գրեթե բոլոր հոսպիտալների հետ կապ էինք պահպանում, անհրաժեշտության դեպքում բժշկական ապրանքներ էինք հասցնում, երբեմն նաև վիրավորներ տեղափոխում։ Մարտակերտի հոսպիտալում կարևոր ապրանքների պակաս կար, ընդորում շատ շտապ էր անհրաժեշտ։ Նման լարված իրավիճակներում տեղաշարժվել, այն էլ Հադրութից Մարտակերտ, պոտենցիալ ինքնասպանություն էր։ Ես պնդում էի, որ մի փոքր սպասենք, մի քիչ օդը հանդարտվի, նոր շարժվենք Մարտակերտ։ Սերգոն պնդում էր, որ ինքը միայնակ կգնա կգա։ Մենք բոլորս դեմ էինք այդ մտքին, հարցը հասավ վեճի, ես և ընկերս վիճեցինք։ Վեճի վերջում զարմանալիորեն ես հաղթեցի, Սերգոն համաձայնեց ինձ հետ և որոշեց, որ մի փոքր ուշ կգնանք։ Դե ես համոզվեցի, որ ընդհանուր համաձայնության ենք եկել և գնացի հադրութեցի մեր ընկերներին անհրաժեշտ իրեր տալու։
Իսկ գիտե՞ք վերջում ինչ պարզվեց.
Սերգոն ինձ հանգստացրել էր, ինձ ասել էր «այո», բայց ինքն իրենով` թաքուն, առանց մեզ ասելու գնացել էր Մարտակերտ, որպեսզի այդ վտանգի միջով մենք չանցնենք, ինքն անցնի միայնակ։
Ինչի համար եմ պատմում այս ամենը, որովհետև հիմա էլ դրան շատ մոտ իրավիճակում ենք. մենք ընկերներով ազատության մեջ ենք, իսկ իմ ընգերը` իմ քավորը անազատության մեջ անցնում է կրկին դժվարությունների միջով։ Հավատացեք, ինքը հիմա ամենաերջանիկն ա, որ մենակ ինքն ա անցնում այդ դժվարության միջով, որ մենք «ապահով» ենք։
Սերգոն անազատության մեջ է միայն մեկ պատճառով` նա չէր կարող համակերպվել հայրենիքի վաճառքի դավաճանական գործարքի հետ, ինչպես որ չկարողացավ համակերպվել այն մտքի հետ, որ հոսպիտալ մեկ ժամ ուշ գնալու հետևանքով կարող է զոհվել այդ նույն հայրենիքի համար անձնվիրաբար պայքարող ևս մեկ զինվոր։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում Սերգոն իր անվտանգությունը և ազատությունը ստորադասել է հայրենիքից։
Հ.Գ. Տեսակի խնդիր է` ոմանք հայրենիքը սիրելու համար վտանգում են կյանքը և կալանավորվում, ոմանք էլ` հայրենիքը դավաճանելու համար շարունակում են ստանալ պարգևավճարներ։
Ոմանք հայրենիքը սիրելու համար վտանգում են կյանքը և կալանավորվում, ոմանք էլ` հայրենիքը դավաճանելու համար շարունակում են ստանալ պարգևավճարներ