Քաղաքական

11.02.2021 12:56


Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը

Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ի կեսօրին:

Հիշեցնենք, որ միջնորդությունը փետրվարի 9-ին կայացած նիստին ներկայացրել էր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Ներկայումս գեներալ-գնդապետ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքի տեսքով, որը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ: Փաստաբանը շեշտել է հերոսների նկատմամբ նման վերաբերմունքի անթույլատրելիությունը` միաժամանակ մատնանշելով, որ իր պաշտպանյալը ոչ մի դատական ​​նիստ բաց չի թողել:

Յուրի Խաչատուրովը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ միասին, անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի` առանձին վարույթի մեջ առնված մասով: Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 13:00-ին:

***

Իրավագիտության ծաղր է տեղի ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ մեկնաբանելով իր պաշտպանյալի խափանման միջոցը չեղարկելու դատարանի մերժումը:

Միհրան Պողոսյանը շեշտեց, որ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է գործում, որի կարգավորումը ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել: «Այս խափանման միջոցը պետք է չեղարկվի, ինչը եւ եղել է միջնորդության հիմնավորումը: Մենք ցանկանում ենք, որ այս դատավարության շրջանակում բոլոր որոշումները իրավական լինեն: Սակայն պաշտպանության կողմի միջնորդությունները կա՛մ հետաձգվում են, կա՛մ մերժվում: Որպես այդպիսին, չկա իրավական գործընթաց: Դատավոր Աննա Դանիբեկյանը միայն ապահովում է աբսուրդի թատրոնի շարունակումը: Ստիպված չես լինում խոսելու իրավական գործընթացների մասին»,-շեշտեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը ստանալուց հետո իրենք կմտածեն բողոքարկման մասին: Յուրի Խաչատուրովն իր գործողություններով ապացուցել է, որ խափանման միջոցի կարիք չկա, հավելեց Պողոսյանը:

Փետրվարի 11-ի կեսօրին դատավորը հրապարակեց խափանման միջոցը չեղարկելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Միջնորդությունը մերժվեց: Ներկայումս գեներալ-գնդապետ Խաչատուրովի նկատմամբ ընտրված է կալանքի խափանման միջոց, որը փոխարինվել է գրավի դիմաց ազատ արձակմամբ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը