Քաղաքական

10.02.2021 15:55


Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցին խնդրանքով դիմել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների ծնողները որոշեցին խնդրանքով դիմել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների ծնողները Ռուսաստանի դեսպանատան մոտ էին՝ օգնություն խնդրելու վերադարձնել իրենց որդիներին:

Ծնողներն իրենց հետ նամակ են բերել, որի մեջ նշված են նաև անհետ կորածների անունները: Նրանք չգիտեն, թե ում կարող են արդեն դիմել իրենց հարցը լուծելու համար:

Քիչ առաջ ծնողներից մեկն առաջարկեց նամակն ուղղել նաև նրանց, ովքեր ուզում են իշխանության գալ: Մասնավորապես որոշում կայացվեց այն ուղղել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Ծնողներն ասացին, որ իրենք դեմ չեն, իրենց համար կարևորն այն է, որ հարցը լուծվի:

«Ես ծնող եմ, պատրաստ եմ բոլորին դիմել: Թող չասեն, որ հարցը քաղաքականացնում ենք: Մնացել է Քոչարյանին դիմենք: Եկեք այստեղից գնանք ու դիմենք Քոչարյանին»,-ասաց ծնողներից մեկը:

«Եթե մեր նամակը չվերցնեն, խնդրանքով գնալու ենք Քոչարյանի գրասենյակ: Թքեմ այս պետության վրա, որ կա պետություն»,-հավելեց նա:

Ռուսաստանի դեսպանատան մոտ անհետ կորած զինծառայողների նամակը որևէ մեկը չվերցրեց:

Քիչ առաջ նրանք պատռեցին ծրարն, իսկ նամակը, որի մեջ գրված էին իրենց որդիների անունները, վերցրեցին իրենց հետ:

Ծնողներից մեկը հայտարարեց, որ գնում են դիմելու Ռոբերտ Քոչարյանին. «Արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից: Պետություն չունենք: Արդեն 112 օր է»,-ասաց ծնողը:

Նշենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Էջմիածնի զորամասի մոտ շաբաթներ շարունակ ակցիաներ անող ծնողներին, ովքեր խնդրում են լուծում տալ իրենց որդիների հարցին, ովքեր անհետ կորած են:

Նրանց անընդհատ խոստումներ էին տալիս, սակայն, ինչպես երևում է, այդ խոստումներն այդպես էլ մնացին խոստում:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը