Մեկնաբանություն

10.02.2021 14:10


նիկոլ-Արցախի «նիկոլ» տանդեմը շարունակում է սպասարկել ադրբեջանաթուրքական շահերը

նիկոլ-Արցախի «նիկոլ» տանդեմը շարունակում է սպասարկել ադրբեջանաթուրքական շահերը

Նախօրեի լրահոսում շրջանառված առնվազն երկու տեղեկություն այլ պարագայում ուղղակի ցասման ու վրդովմունքի փոթորիկ կհարուցեին: Հիմա՝ «նոյեմբերի 10-ի անվան» Հայաստանում դա երևի թե աննշան կամ շատերի համար ուշադրության անարժան մի բան է: Ինչի՛ մասին է խոսքը:

Եթե խիստ հակիրճ, ապա խոսքը այն մասին է, որ Արցախի Պաշտպանության բանակը, ըստ էության, վերացվում է կամ, լավագույն դեպքում, վերածվում «ժողովրդական դրուժինայի» նման մի բանի: Երկրորդ՝ զորակոչված ժամկետային զինծառայողները այլևս միայն ՀՀ տարածքում են ծառայելու: Վերջինի մասին տեղեկացանք «Սպուտնիկ-Արմենիայի» միջոցով:

Սկզբունքորեն, սա ի՞նչ է նշանակում: Իսկ սկզբունքորեն սա նշանակում է, որ երկիրը, ժողովրդին ու բանակը աղետային կապիտուլյացիայի մեջ նետելուց հետո նիկոլ փաշինյանը և Արցախի «նիկոլը»՝ Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով, շարունակում են սպասարկել ալիևի ու էրդողանի կամ ադրբեջանաթուրքական շահերը:

Տեսեք, եթե խոսվում է այն մասին, թե Արցախի պաշտպանությունը իրականացվելու է պայմանագրային հիմունքներով վերակազմավորված զինստորաբաժանումներով, ապա ամենից առաջ ակնհայտ է, որ նույնիսկ 75 տոկոսով փոքրացված, բեկորի վերացված Արցախի պաշտպանության խնդիրը լուծելու համար հազիվ թե հնարավոր լինի պայմանագրային հիմունքներով բավարար քանակությամբ մարտունակ զորք ապահովել: Ի լրումն, դրա համար պահանջվելու են ահռելի նյութական միջոցներ, որոնք, իրատես լինենք, չկան: Եղած միջոցներն էլ անբավարար են լինելու: Չենք խոսում դեռ այն մասին, որ համապատասխան խնդիր լուծելու ենթակա այդքան բնակչություն էլ չկա:

Ակամայից մտաբերում ես Արցախի «նիկոլի», նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե պետք է պատրաստ լինեն ավելի «ծանր որոշումների»: Ըստ էության պաշտպանունակության վերջին փշուրները կորցնելը նման մի «ծանր որոշում» է: Ի լրումն, այնպիսի որոշում, որ բխում է բացառապես Բաքվի ու Անկարայի շահերից:

Թույլ տանք մեզ նկատել նաև, որ Արցախում, ըստ ակնարկվող հայտարարությունների, ձևավորվելիք «պայմանագրային գվարդիան», թերևս միայն հրազենային սպառազինություն է ունենալու, զուրկ՝ ռազմական անհրաժեշտ տեխնիկայից: Առավել ևս՝ Արցախի երկինքը ռուս-թուրքական համատեղ անօդաչուական հսկողության տակ վերցնելու և հայկական ուժերի կողմից անգամ կապիտուլյացիոն ակտով նախատեսված ճանապարհային միջանցքը չվերահսկելու պայմաններում գրեթե անիրատեսական է պատկերացնել, թե որևէ մեկը թույլ է տալու Արցախի «պայմանագրային գվարդիան» ապահովել պատշաճ պաշտպանության համար անհրաժեշտ ռազմամթերքով ու սպառազինությամբ:

Երկրորդը՝ զորակոչի հետ կապված տեղեկությունը, պետք է ասել, քյարթու նիկոլականների սրտի ծղրտոցին համապատասխանում է լիովին: Այն, որ ասում են՝ «վա՜խ, ինչ լավ ա, որ էլ մեր էրեխեքը չեն գնա էդ անտեր Ղարաբաղում ծառայելու...»:

Նման բան ասողները կարող են, իհարկե, ցնծալ: Արդեն, ինչպես նշված է հիշատակված հրապարակման մեջ, զորակոչիկների տեղաբաշխման վիճակահանության ցանկում չկան Արցախի զորամասերը:

Բայց գործնականում դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանի օրվա քաղաքական (ոչ բարով) ղեկավարությունը հրաժարվում է Արցախի անվտանգության ապահովման անգամ նվազագույն պարտավորությունից: Եթե չի նախատեսվում Հայաստանից զինուժով աջակցություն ցուցաբերել, ըստ էության, Արցախը, ավելի ճիշտ, Արցախի մնացորդները պաշտպանելու խնդրի լուծումը դառնում է անհնար:

Չենք կարող չնկատել, որ երեկ այս խնդրահարույց տեղեկություններին զուգահեռ, խոսվեց ադրբեջանական կողմից 5 հայ գերիների վերադարձնելու մասին:

Իսկ դա էլ, իր հերթին, հուշում է, որ ալիևն ու էրդողանը, գերիների վերադարձի քարտը շահարկելով, իրենց նիկոլի ու նիկոլի Արայիկի միջոցով իրականացնում են իրենց շահերի սպասարկումը: Դա նրանց համար առանձնապես բարդ չէ, քանզի գործնականում Հայաստանում ու Արցախում ունեն նիկոլի ու Արցախի «նիկոլի» նման հավատարիմ ծառաներ կամ սպասարկուներ: Ինչպես կուզեք՝ անվանեք, դրանից իրողության բովանդակությունն ու դրա կործանարար հետևանքները ավելի ընդունելի չեն դառնում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը