Քաղաքական

10.02.2021 12:57


Արևմուտքը ձգտում է հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտությունների և լարվածության գոտու վերածել․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը ձգտում է հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտությունների և լարվածության գոտու վերածել․ ՌԴ ԱԳՆ

Արեւմուտքը ձգտում է հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտության եւ լարվածության գոտու վերածել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մեր հարեւան պետություններում իրավիճակն ապակայունացնելու փորձերը շարունակվում են` դրանց զարգացման վեկտորն արմատապես փոխելու, Ռուսաստանից պոկելու եւ խորթ արժեքային համակարգի մեջ մտցնելու համար: Մենք տեսնում ենք Արեւմուտքի` հետխորհրդային տարածքը մշտական ​​հակամարտության եւ լարվածության գոտու վերածելու ձգտումը: Մեր խնդիրն այդպիսի քաղաքականությանը հակազդելն է: Ընդ որում, երբեմն մեզ մեղադրում են իբր Խորհրդային Միությունը վերստեղծելու պլանների մշակման մեջ: Դա ճիշտ չէ. Մոսկվան հետեւողականորեն պաշտպանում է հավասար եւ փոխշահավետ համագործակցությունը հետխորհրդային բոլոր երկրների հետ` ապավինելով տարբեր ոլորտներում առկա ավանդական կապերին: Վստահ ենք, որ ԱՊՀ գործընկերները հստակ պատկերացնում են այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք իրենց մեջ պարունակում են դրսից ներշնչված ներքին ցնցումները: Հուսով ենք, որ մեր ընկերները կկարողանան կառուցողականորեն լուծել իրենց առջեւ ծառացած քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները: Մեր կողմից մենք բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք` օգտագործելով այդ թվում նաեւ ինտեգրացիոն միությունների` ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հնարավորությունները»,-ասել է նա:

***

Մոսկվան ելնում է այն փաստից, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Նրանք կարեւոր ավանդ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման մեջ, որոնցից շատերն արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Սա վերաբերում է թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջը տեղակայված շրջանների վերադարձին Ադրբեջանին, թե՛ փախստականների վերադարձին, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Նախկինի պես շարունակում է պահանջարկված մնալ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թվական) որոշումների համաձայն՝ դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա:

«Եռյակը» միջազգային հզոր աջակցություն ունի եւ կարող է օգտակար լինել հետագա քայլերի փոխընդունելի մոտեցումներ մշակելու հարցում, այդ թվում՝ կարգավիճակի հարցերում: Բայց զգուշավոր, չշտապելով, երբ ժամանակը գա:

Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող էին ակտիվություն դրսեւորել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության միջոցառումների ամրապնդման հարցերում: Քաղաքացիական հասարակության շրջանակում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը եւ քաղաքական ուղիում հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,-նշել է նա:

Ի պատասխան հարցին՝ Մոսկվան մտավախություն չունի՞ արդյոք Ղարաբաղում հակամարտության արդյունքում Անդրկովկասում Թուրքիայի ռազմական ներկայության ուժեղացման առումով՝ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաներ կառուցելու Թուրքիայի մտադրությունների մասին լուրերը, Ռուդենկոն նշել է. «Ելնում ենք այն փաստից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով մեր փոխգործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում:

Այսպիսի կենտրոնի բացումը դիտարկելով որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը