Կարծիք

19.05.2011 13:08


Իրականության արտացոլանք

Իրականության արտացոլանք
Եվ այսպես, ի ուրախություն մեզ, ունեցանք ազգային պետություն, ազգային բանակ և բազմաթիվ հայորդիների արյան գնով ձեռք բերած հաղթանակ և հենց այս երեք գործոնների շնորհիվ է, որ մենք շարունակում ենք ապրել։ Ապրում ենք, բայց ոչ մեր ուզած ձևով ու ավելի ճիշտ կլինի ասել, որ ապրում են շատ քչերը, իսկ մնացածը պարզապես գոյատևում են իրենց իսկ երազած անկախ պետությունում, նույնիսկ հերթ սահմանելով աղբարկղերի մոտ: Իսկ որն է այս ամենի իրական պատճառը: Այս հարցին ի պատասխան ասեմ, որ, ճիշտ է, ունենք արդեն քսանամյա երիտասարդ պետություն, բայց դեռ չունենք ձևավորված պետական մտածելակերպ: Իսկ ինչ է այդ պետական մտածելակերպ ասածը: Դա հենց այն է, որ պետության ներսում գտնվող ամեն մի քաղաքացի պետք է գիտակցված պիտանի լինի իր պետությանը գործով, խոսքով, թե իր գրչով դա այդքան էլ էական չէ: Այս ամենը ավելի ու ավելի բարձր մակարդակի վրա կլիներ, եթե մեր “բարձր” խավի գործիչները հենց իրենք օրինակ ծառայեին, որը մեծ նախադրյալ կլիներ շարքային քաղաքացիների համար: Ինչևէ այս ամենը դեռ այնքան վտանգավոր չէ, որքան այն հանգամանքը, որ մեր անկախության սերունդը,  չունենալով ձևավորված լուրջ գաղափարական արժեհամակարգ, գտնվում է դեգերումների մեջ և իր հույսը երբեմն փորձում է կապել անգամ ամենահետամնաց պետությունների հետ, այլ ոչ թե հայրենիքի, քանի որ այստեղ նրանք փաստացի չունեն ինքնադրսևորվելու հնարավորություն: Իսկ այդ սերնդի ներկայացուցիչներից ոմանք էլ, իրենց համարելով “բարձր” խավի ներկայացուցիչներ, շարունակում են իրենց “պետականամետ” ծնողների հակապետական գործելաոճը, սեպ խրելով մեր պետության կայացման գործընթացի մեջ: Այսպիսով, մեր երկրի ապագա կերտողները կառուցում են իրենց իսկ պատկերացումներին համապատասխան պետություն, որտեղ գտնվում են բոլորը, ապրում են քչերը, իսկ երկար սպասված հաղթանակի բերկրանքը վայլում են մի քանիսը: Հենց այս ամենն էլ հանդիսանում է անարդարության մթնոլորտի ձևավորման հիմնաքարը, որն էլ հենց ծնում է հասարակական և գաղափարական հակասություններ: Այս ամենի շուրջ մտորումներից հետո, անշուշտ, մարդկանց մոտ արթնանում է արդարության ձգտումը, որը, իմ պատկերացմամբ, պետք է նորից  հանդիսանա մեր պետականության և ազգային պետության գաղափարական հիմնաքարերից առաջնայինը, քանզի մեր “երազած” անկախ պետության ստեղծման ժամանակ՝ 1988–ին  աշխարհասփյուռ հայ ժողովրդին համախմբողը արդարության գաղափարն էր, իսկ հավաքական հայ ժողովուրդը պայքարում էր հենց անարդարության դեմ, որն այդ ժամանակ պսակվեց հաջողությամբ: Բայց անցան տարիներ և անարդարաթյունը նորից գլուխ բարձրացրեց, բայց արդեն մեր «երազած» երկրի ներսում: Եվ այս ձևավորված անարդարության մթնոլորտում, իմ կարծիքով, անհնար է համախմբվել և միասին դիմագրավել մեր անկախ պետությանը սպառնացող վտանգներին, հետևաբար՝ սթափվել է պետք։

Աշոտ Մարտիրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը