Քաղաքական

06.02.2021 21:12


«Մի գյուղում երեք դրոշ է դրված, կարո՞ղ եք պատկերացնել` դա ինչ է». Հին Շենի գյուղապետ

«Մի գյուղում երեք դրոշ է դրված, կարո՞ղ եք պատկերացնել` դա ինչ է». Հին Շենի գյուղապետ

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակումներ էր գործել Արցախի մի քանի գյուղերի վրա, նրանց հաջողվել էր իր վերահսկողության տակ վերցնել Թաղավարդը, Խծաբերդը, նաև շրջափակել էին Շուշիի շրջանի Հին Շենի ճանապարհը, գյուղում այդ պահին եղել էին բնակիչներ։

Միայն դեկտեմբերի 16-ին էր ապաշրջափակվել Հին Շենի ճանապարհը։

168.am-ի հետ զրույցում Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո ադրբեջանական զինուժը գյուղի ուղղությամբ այլ սադրանքների չի դիմել, բայց միայն այն, որ թշնամին գյուղի մոտակայքում է դիրքավորվել, արդեն իսկ սադրանք է։

«Ինչպես Արցախի այլ վայրերում է, այնպես էլ այստեղ՝ նույն իրավիճակն է։ Բնակիչները դեռ լրիվությամբ չեն վերադարձել գյուղ։ Դե, պատերազմից հետո գյուղում գազը, էլեկտրաէներգիան վերականգնվել են։ Այդ միջադեպից հետո ադրբեջանական կողմը սադրանքի չի դիմել, բայց մեր գյուղի վերևում՝ մեզ կպած, դիրքավորվել են, այնտեղ պոստեր են պահում։ Կարևոր չէ, թե քանի մետր հեռավորության վրա են, եթե այստեղ են, ուրեմն այստեղ են, էլի։ Մի գյուղում երեք դրոշ է դրված՝ ադրբեջանական, հայկական և ռուսական, կարո՞ղ եք պատկերացնել՝ դա ինչ է»,-ասաց Սամվել Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Հին Շենում եղած առաջնային խնդիրներին, համայնքի ղեկավարը նշեց. «Մեզ համար առաջնայինը մեր անվտանգությունն է՝ բնակիչների, երեխաների համար։ Մենք գույքի կամ այլ բանի կարիք չունենք, թող տան նրանց, ով դրա կարիքն ավելի շատ ունի, մեզ համար անվտանգության ապահովումն է առաջնայինը»,-եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը