Լրահոս

06.02.2021 14:59


Ներքին Խնձորեսկից հենակետեր են անցել թշնամուն, դեռ հայտնի չէ՝ որքան տարածքային կորուստ ունենք, բայց զգալիորեն կրճատվել են արոտավայրերը, մարդիկ անասուն չեն կարողանում պահել. համայնքապետ

Ներքին Խնձորեսկից հենակետեր են անցել թշնամուն, դեռ հայտնի չէ՝ որքան տարածքային կորուստ ունենք, բայց զգալիորեն կրճատվել են արոտավայրերը, մարդիկ անասուն չեն կարողանում պահել. համայնքապետ

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների զինվորականները վրաններ են տեղադրել. սահմանի ճշգրտում է տեղի ունենում, մեր ձեռքն առավելություններ են եղել, հիմա GPS-ով չափում են, ճշտումներ են անում ու ասում են՝ հետ գնացեք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը:

Նրա խոսքով՝ 2 օր առաջ է հակառակորդն ասել, որ Ներքին Խնձորեսկի մոտ գտնվող հենակետերն իրենցն են: «Մեզ հարցրել են՝ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ հետ գնաք, ասել ենք՝ երեք ժամ: Բայց այդ օրվանից հետո դեռ ձայն չեն հանում»,-պատմեց նա:

Համայնքապետը հավելեց. «Ճիշտ է՝ այդ GPS-ը չի համապատասխանում իրականությանը, այնպես չէ, որ մեր սրտով է, բայց հիմա դրանով են առաջնորդվում, ի՞նչ կարող ենք մենք անել: Ես կարող եմ իմ գյուղի քարտեզը տանեմ, ցույց տամ, ադրբեջանցին էլ ասում է՝ դու գուցե մի քարտեզ ես բերում, որ մինչև Կուբաթլու մեջը նշված է, հիմա սա ենք հիմք ընդունում»:

Մալունցի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, խնդիրն արոտավայրերն են: «Խնդիր է առաջացել անասուններին արոտավայր տանելու, չգիտեն՝ ինչ են անելու, որովհետև արոտավայրերը կրճատվել են: Այդ տարածքներն արդեն անմիջապես սահմանին կպած են, ազատագրված տարածքներից նախկինում օգտվել են գյուղացիները, հիմա չեն կարողանում: Եկամտի աղբյուրից են զրկվել մարդիկ»,-ասաց նա:

Հարցին՝ որևէ քայլ անո՞ւմ է կառավարությունը՝ օգնելու խնձորեսկցիներին, համայնքապետն ասաց. «Դե տեղյակ են խնդրից, հիմա՝ կօգնեն, չեն օգնի, չգիտեմ, այս պահին ոչ մի բան չկա: Քիչ են արոտավայրերը, ամբողջ գյուղն ունի ընդամենը 88 հա արոտավայր, անասունին քիչ է, մտածում են՝ կա՛մ վաճառեն, կա՛մ գյուղից հանեն, բայց տեղ չեն գտնում, որ տեղափոխեն»,-շեշտեց նա:

Խնձորեսկի համայնքապետը նշեց՝ գյուղն ունի 36 ընտանիք, 4 ընտանիք էլ Արցախի Հադրութի շրջանից ունեն, 40 տուն է: Նրա խոսքով՝ արտագաղթ դեռ չկա, մարդիկ սպասում են, որ պետությունը կաջակցի: «Եթե չեն կարողանում անասուն պահել, պետք է այլ եկամուտի աղբյուր ճարվի: Պետք է օգնեն, չեմ իմանում, այս պահին այս մասին դեռ խոսք չկա»,-նշեց նա:

Ճշտող հարցին՝ արդեն պա՞րզ է՝ Ներքին Խնձորեսկից որքան արոտավայրեր են մնալու թշնամուն, նա պատասխանեց. «Վերջնական դեռ ճշտված չէ, թե ինչքան տարածք է անցնելու թշնամուն, գիծը դեռ գծված չէ, որ իմանանք՝ ինչքան կորուստ ունենք»:

Հարցին էլ՝ իրեն որպես համայնքի ղեկավար, նախապես զգուշացված եղե՞լ է, որ պետք է տարածքներ անցնեն թշնամուն, նա ասաց, որ դա Պաշտպանության նախարարության հարցն է: «Իրենք էլ գալիս են այդ գործողությունները անում, ես՝ որպես երկու գյուղի ղեկավար, իմ մասնակցությունն ունեմ, տեղյակ եմ, ինքս եմ գնում, տեսնեմ իրականությանը համապատասխանում է, մի մետրն էլ ինձ համար խնդիր է»:

Այս խորագրի վերջին նյութերը