Լրահոս

06.02.2021 14:04


ՀՀ-ում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով. ԱԻՆ-ը զգոիշացնում է

ՀՀ-ում և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով. ԱԻՆ-ը զգոիշացնում է

Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա, գրանցվել էր 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 6-7 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում` 4-6 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն՝ փետրվարի 5-ից 6-ը (ժամը 11։00-ի դրությամբ), որից 5 հատը՝ M≥2.5 (բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը):

Անհրաժեշտ է նշել, որ վաղ գործիքային ժամանակաշրջանում նկարագրվող էպիկենտրոնային գոտում` 1933 և 1947 թվականներին տեղի են ունեցել համապատասխանաբար M=5․0 և M=4․8 մագնիտուդներով երկրաշարժեր: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ, ԱՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Կապված վերը նշված սեյսմիկ իրադարձությունների հետ, առանձնակի ուշադրություն է դարձվել ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմանը։

Կատարվել է երկրաֆիզիկական և հիդրոերկրաքիմիական տվյալների վերլուծություն: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի։

Այս խորագրի վերջին նյութերը