Կարծիք

06.02.2021 18:07


Բարձր դատարանը վերածվել է հակասահմանադրական մի անհասկանալի միավորի

Բարձր դատարանը վերածվել է հակասահմանադրական մի անհասկանալի միավորի
2021 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակը։ Հանրային իշխանության համակարգի այդ կարևորագույն ինստիտուտներից մեկը կոչված է մեր երկրում իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ Բարձր դատարանի իր առաքելությամբ ապահովելով Սահմանադրության անշեղ իրագործումը, մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեության սահմանադրականության ապահովումը։ Իր 25-ամյա գործունեության 24 տարիները միտված են եղել հենց այդ գաղափարի իրագործմանը, նաև ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այդ գործունեության արդյունքում էր, որ Սահմանադրական դատարանը վայելում էր մեծ հարգանք և հեղինակություն ոչ միայն մեր հասարակության մեջ, այլև միջազգային ասպարեզում։
Վերջին մեկ տարին ոչ միայն մեր երկրի, այլև Սահմանադրական դատարանի համար եղավ կործանարար մի աղետալի շրջան։ Հանցավոր խուժանի կոլեկտիվ ջանքերով, ապօրինի եղանակով, Սահմանադրական դատարան ներխուժեց փողոցային մի ձրիակեր արարած, որի խնդիրը, Արցախը թշնամուն հանձնելուց առաջ, Սահմանադրական դատարանը ներսից քանդելն ու դավաճանական համաձայնագրի համար հող նախապատրաստելն էր։ Ցավոք նա գտավ նաև իր թիմակիցներին Սահմանադրական դատարանի ներսում։ Դրա հետևանքն այն է, որ Սահմանադրական դատարանը ստիպված է իր 25-ամյա հոբելյանը նշել հինգ ոչ լեգիտիմ դատավորներով և ՍԴ անօրինական նախագահով։ Բարձր դատարանը, որը կոչված է ապահովելու սահմանադրական արդարադատությունը, վերածվել է հակասահմանադրական մի անհասկանալի միավորի, խորը ճգնաժամային վիճակում, անբնական կարգավիճակում և ապօրինի որոշումներով։
Ցավոք, այս կործանարար աղետն անտարբեր թողեց այդ դատարանի հիմնադրման ակունքներում կանգնած շատ մարդկանց, ՍԴ ներկա ու նախկին մի շարք դատավորների, որոնք, առնվազն իրենց լռությամբ, հանդուրժողականության միջավայր ձևավորեցին այն հակասահմանադրական, հակաօրինական և հանցավոր արշավին, որը կարճ ժամանակահատվածում ավերակի վերածեց այն ամենը ինչը ստեղծվել էր տարիների ընթացքում։
Այս ամենի մեջ միակ հուսադրողը մնում են այն հատուկենտ նվիրյալները, որոնք անձնուրաց կերպով փորձում են փրկել ոչ միայն Սահմանադրական դատարանի, այլև հայկական իրավունքի դեմքն ու պատիվը։
Մենք ամեն օր դեռ չմարող հույսեր ենք փայփայում, որ չարագործ դավաճանների պատճառով դժոխքի ու մղձավանջի վերածված մեր երկիրը, նորից կհառնի, նոր ուժ և կենդանություն կստանա։ Մեր հույսերի մի մասն է նաև, որ գոնե հաջորդ տարի այս օրը, Սահմանադրական դատարանի հիմնադրման տարեդարձը մենք նշենք այդ կառույցը կազմաքանդած բոլոր սրիկաներին՝ առաջին ատյանի դատարանի դահլիճում իրենց դատավճիռը լսած։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը