Մեկնաբանություն

05.02.2021 18:00


Զարմանալի է, թե ինչու են զարմանում Ջալալ Հարությունյանի նշանակումից

Զարմանալի է, թե ինչու են զարմանում Ջալալ Հարությունյանի նշանակումից

Երբեմնի Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, գիտեք, ծանր վիրավորումից ապաքինվելուց հետո նախօրեին նշանակվեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ: Ինչո՞ւ «երբեմնի», կարծում ենք, պարզ է. 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9 տևած ու նիկոլ փաշինի ստորագրած խայտառակ ու կործանարար կապիտուլյացիոն ակտով դադարեցված պատերազմից հետո այն բեկորները, որ մնացել են, ի՞նչ են, եթե ոչ՝ «երբեմնի Արցախ»: Առնվազն, այսօրվա դրությամբ:

Հետաքրքիր է այլ բան. այն, թե ինչպես արձագանքեցին շատերը Ջալալ Հարությունյանի այս նոր նշանակմանը: Մասնավորապես, շատերը անթաքույց զարմացան, մյուսներն սկսեցին խոսել այն մասին, որ Ջալալ Հարությունյանին փաշինը «գնեց» այդ նշանակմամբ և այլն:

Իսկ մեզ զարմացնում է հայրենակիցների մի մասի, այդ թվում՝ ընդդիմադիր որոշակի շրջանակների զարմանքը: Պարոնա՛յք, հայրենակիցնե՛ր, բազմահազար ներողություն, բայց ինչի՞ վրա եք զարմացած, ինչո՞ւ:

Լավ, մի՞թե ակնհայտ չէ, որ ոչ Արցախի ՊԲ ղեկավար կազմում, ոչ էլ առհասարակ ՀՀ ԶՈւ բարձր հրամանատարության կազմում չկա՛ն իրապես ազգային ու պետական մտածողությամբ օժտված, իրապես պատվախնդիր բարձրաստիճան սպաներ, գեներալներ: Նրանք բոլորը, ովքեր նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կապիտուլյացիայից հետո շարունակում են ծառայել նիկոլ փաշինին, շարունակում են կատարել նրա հրամանները, ենթարկվում են կապիտուլյանտին, ըստ էության սպառված անձինք են թե՛ մարդկային, թե՛ սպայական, թե՛ մասնագիտական տեսանկյունից:

Դիտարկենք կոնկրետ Ջալալ Հարությունյանի պարագան:

Այ, երբ ասվում է, որ նախքան պատերազմի մեկնարկը կազմաքանդվել է Արցախի ՊԲ-ն, կատարվել են չարդարացված նշանակումներ մարտական ստորաբաժանումների հրամանատարական կազմում, ի՞նչ եք կարծում, ո՞վ է կատարել այդ հրահանգները: Ջալալ Հարությունյանը 2020-ի փետրվարի կեսերին նշանակվեց Արցախի ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար: Ինչ էլ ասվի, նա է եղել այն գործիքը, որի միջոցով նիկոլ փաշինը Արցախի ՊԲ-ում իրականացրել է իր ծրագիրը, իր կամայականությունները:

Ավելին, նախքան 2020-ի հոկտեմբերի 27-ին, հանրությանը դեռ լիարժեք չպարզաբանված հանգամանքներում ծանր վիրավորում ստանալը, Ջալալ Հարությունյանը եղել է Արցախում մարտական գործողությունների ծավալման հիմնական անվանական պատասխանատուն: Ըստ որում, Ջալալ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին սպայական կոչման բարձրացում է ստացել՝ գեներալ-լեյտենանտի կոչում: Հարց՝ ինչի՞ համար, ո՞ր հաջողված մարտական գործողության համար է պատերազմի միջնամասում նման կոչման կամ խրախուսման արժանացել: Այն դեպքում, որ ի տարբերություն Արծրուն Հովհաննիսյանի ու նրա միջոցով մոլորեցվող հանրության, առնվազն ինքը՝ Ջալալ Հարությունյանը (բնականաբար, իրեն գեներալ-լայտենանտի կոչմամբ խրախուսողը նույնպես) առավել քան քաջատեղյակ էր, որ ոչ թե՝ «Հաղթելու ենք», այլ պարտվում ենք և ահռելի կորուստներ կրում:

Անձը, որ համաձայնել է նման իրավիճակում ընդունել նման խրախուսանք, անձը, ում միջոցով նախապատերազմական պայմաններում իրականացվել են մարտական ստորաբաժանումների հրամկազմի փոփոխությունները, ինչո՞ւ պիտի հետագայում հրաժարվեր նույն «գերագույնից» այլ կոչում կամ պաշտոն ստանալուց կամ մերժեր նիկոլի առաջարկը:

Չէ, իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞վ էին պայմանավորված հատկապես ընդդիմադիր որոշ շրջանակների կամ հանրության՝ հակաիշխանական տրամադրություններ ունեցող հայրենակիցների այն ակնկալիքները, թե Ջալալ Հարությունյանը ինչ-որ բաներ է պատմելու՝ բացահայտելով իրականությունը, թե ինչ կամ ինչեր են կատարվել այս «տարօրինակ պատերազմի» ընթացքում:

Եթե մեկը հաճկատարորեն ծառայել է նիկոլին, նրանից պաշտոններ ու կոչումներ ստացել, ինչո՞ւ չպիտի շարունակեր իր այդ գործարքային հարաբերությունները: Միայն չասեք, թե խիղճն էր տանջելու կամ հազարավոր տղաների զոհվելու համար իրեն մեղավոր կամ պատասխանատու էր զգալու: Եթե նման բան լիներ, եթե նման անձինք իրականությունը ներկայացնելու մի փոքր քաջություն ունենային, ապա արդեն վաղուց խոսացած կլինեին: Քավ լիցի, արդեն գրեթե 3 ամիս է անցել նիկոլի կողմից կործանարար կապիտուլյացիայի ստորագրումից հետո:

Եթե Զինված ուժերի հրամկազմում, այսպես ասած՝ ռազմական էլիտայում իսկապես լինեին հայրենասեր, պատվախնդիր, ազգային ու սպայական արժանապատվությամբ օժտված գործիչներ, ապա կամ նիկոլ փաշինյանը այլևս իշխանության ղեկին չէր լինի, կամ առնվազն իրենք պաշտոնաթող եղած կլինեին: Բայց՝ ո՛չ, իրենք իրենց ստորադասել են կապիտուլյանտ իշխանությանը և, միգուցե հաճույքով կամ, հնարավոր է՝ տհաճությամբ շարունակում են կատարել «վերևից եկող հրամանները»: Հաճույքո՞վ են կատարում, թե՞ տհաճությամբ, գիտեք, պետության ու բանակի կործանման տեսանկյունից դա բացարձակապես էական չէ:

Մարդիկ պարտված ու աղետային հետևանքներով պարտված պատերազմում նորանոր կոչումներ ու պարգևներ են ստացել, ու դա շատ նորմալ են ընդունել և ընդունում: Իսկ դուք դեռ զարմանում եք, թե այդ ինչպե՞ս է, որ համաձայնում են նոր պաշտոններ կամ կոչումներ ստանալ:

Զարմանալի չէ: Բնութագրակա՛ն է: Ցավոք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը