Մեկնաբանություն

18.05.2011 21:14


Անարդյունավետ կառավարում

Անարդյունավետ կառավարում

Այս իշխանության կառավարումը կարելի է բնութագրել մեկ բառով՝ անարդյունավետություն։ Այդ եզրակացությանն, ի դեպ, կարելի է գալ անցած երեք տարիների պաշտոնական վիճակագրության տվյալներին ծանոթանալով։

Արդեն դպրոցական երեխաներն էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանը տնտեսական քաղաքականությունից ունի միայն մեկ ակնկալիք, այն է՝ որքան հնարավոր է շատ գումար հավաքել պետական կոչված բյուջե։

Հիմա կասեք, թե ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Պատասխանենք. պետական բյուջեի մեծ լինելը վատ բան չէ, բայց եթե այդ բյուջեի ծախսային մասը մեծ հաշվով չի վերահսկվում հասարակության կողմից և ծառայում է «լեգալ» կոռուպցիային, ապա, կոպիտ ասած, թքած այդ «մեծ» բյուջեի վրա, որը պետք է դառնա մարդկանց նեղ խմբի հարստացման աղբյուր ու հանրության լայն  շրջանակների կյանքի որակի անկման պատճառ։

Սերժ Սարգսյանն իր «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը կյանքի կոչելու համար վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, ում խնդիրը նշյալ ծրագիրն իրագործելն է, ինչը նշանակում է, որ տնտեսական քաղաքականությունը միտված է բիզնեսին ու հասարակությանը, բառիս ֆինանսատնտեսական իմաստով, քերթելուն։ Այդ ամենն, իհարկե, վարչապետը ներկայացնում է ժողովրդին որպես «Հայկական աշխարհ» կառուցելու, համեստ ապրելակերպով առաջնորդվելու,  քրիստոնեավայել կենցաղ վարելու լույսի ներքո, բայց ակնհայտ է, որ դա բլեֆ է. իշխանամերձ «հոգևորական» Նավասարդ Կճոյանի «Բենթլին» վկա։

Նմանատիպ քաղաքականությունը, բնական է, որ պարբերաբար դժգոհություններ է առաջացնելու մարդկանց մոտ։ Կառավարությանն այլ բան չի մնում, քան որոշակի  դիմադրության հանդիպելիս՝ հետուառաջ քայլեր անելը։ Այդպես եղավ մի շարք օրինագծերի հետ, երբ շատ կարճ ժամանակահատվածում դրանք ընդունվեցին, իսկ հետո արագ փոխվեցին։ Այժմ նման ճակատագրի է արժանացել նաև գործադիրի առաջարկած «Հսկիչ դրոշմապիտակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր լրացուցիչ հարկ մտցնել շշալցված, փաթեթավորված և պահածոյացված որոշակի խումբ ապրանքների դեպքում (ջուր, հանքային ջուր, սուրճ, մուրաբա և այլն)։

Նկատենք, որ հսկիչ դրոշմապիտակների կիրառումը, բացի բիզնեսին քերթելու լրացուցիչ լծակ լինելուց, նաև բիզնեսի յուրօրինակ տեսակ կարող է դառնալ, երբ այդ պիտակների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվի, ասենք, նախագահական նստավայրին մոտ կանգնած մեկը։ Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի գերշահութաբեր բիզնես կդառնա դրոշմապիտակ վաճառելը։ Նման դեպքերում ասում են՝ «օդից փող բռնել»։ Ինչևէ։

Կառավարությունը նշյալ օրինագիծը հիմա հետ է կանչել, թերևս, վախենալով սոցիալական ընդվզումներից, քանի որ լրացուցիչ հարկատեսակ մտցնելը կբերեր գնաճի է՛լ ավելի մեծացմանը։ Ինչպես հայտնի է, գնաճը մեզանում այժմ երկնիշ թվերով է չափվում։

Դատելով այն բանից, որ, ինչպես նշեցի, Սերժ Սարգսյանի ու նրա կամակատար Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը ծառայում է մարդկանց նեղ խմբի ֆինանսական ախորժակի բավարարմանը, մտահոգություն կա, որ տխրահռչակ դրոշմապիտակներին առնչվող օրինագիծը հետ է կանչվել՝ այն է՛լ ավելի վատացնելու նպատակով։ Վատացնել ասելով՝ նկատի ունեմ բիզնեսից ու, ի վերջո, սպառողներից ավելի շատ գումարներ գանձելու միտումը և ավելի շատ քանակի փաթեթավորված ապրանքների ներառումը հսկիչ դրոշմապիտակով հարկվելու դաշտ։ Արդարացվա՞ծ են մեր այս մտահոգությունները, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Այս կառավարությունը ապացուցել է, որ ամենաձախողվածն է ՀՀ նորանկախ պատմության ընթացքում և նրանից լավ բան սպասել հնարավոր չէ։ Տառապանքներս փորձ ունի։

Մնում է միայն հուսալ, որ «տիրացուն» մի նոր բան չի մոգոնի առաջիկայում, և ՀՀ տնտեսությունը կդիմանա նրան ու նախագահին, մինչև հասարակությունը կարողանա նրանց ուղարկել չվաստակած հանգստի։ Չվաստակածն, ի դեպ, նրանց հանրային ու քաղաքական գնահատականները հաշվի առնելով եմ ասում, թե չէ ֆինանսատնտեսական առումով նրանք լավ էլ վաստակած կլինեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը