Լրահոս

04.02.2021 16:36


Աբովյան քաղաքի N1 դպրոցի սկանդալը շարունակվում է. ոստիկանություն են հրավիրվել նախկին տնօրենը, փոխտնօրենն ու ուսուցիչը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի N1 դպրոցի սկանդալը շարունակվում է. ոստիկանություն են հրավիրվել նախկին տնօրենը, փոխտնօրենն ու ուսուցիչը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած՝ տնօրենի ընտրությունների շուրջ սկանդալը շարունակվում է. այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը, տնտեսվարները և Հայոց պատմության առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Հայկ Փայտյանը նշեց, որ իրենց ուղարկվել են ծանուցագրեր՝ ոստիկանական բաժին ներկայանալու համար։

Նրանք ներկայանալու են բաժին՝ դպրոցի նորանշանակ տնօրենի՝ Քարմելա Առաքելյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստվող նյութերի քննության անհրաժեշտությունից ելնելով։

Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են բոլոր ուսուցիչները և աշակերտները։

Ուսուցիչ Փայտյանն ասաց, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր նորանշանակ տնօրենը դպրոց է եկել ոստիկանների ուղեկցությամբ։

«Այստեղ կան նաև ԱԱԾ աշխատակիցներ, սակայն համազգեստով չեն, հարցնում ենք՝ մեկն ասում է ՝ ոստիկան եմ, մյուսն ասում է՝ ԱԱԾ աշխատակից, ԿԳՄՍ նախարարությունից էլ մարդիկ կան, ընդունում-հանձնում է կատարվում»,-նշեց ուսուցիչը։

Փայտյանը պնդեց, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ունի մտերիմներ՝ Կոտայքի Բալահովիտ, Ակունք, Վերին Պտղնի համայնքերի, Հրազդան քաղաքի դպրոցների կառավարման խորհուրդներում.

«Զավեշտն այն է, որ միևնույն մարդիկ միաժամանակ ընդգրկված են մի քանի դպրոցների կառավարման խորհուրդներում: Այդ մարդկանցից մեկը օրինակ Ռոմանոսի կինն է՝ Արմինե Պետրոսյանը, ով ընդգրկված է Աբովյան քաղաքի թիվ 2, 7, 10 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում։ Մյուսը Ռոմանոսի քենի Անի Հակոբյանն է, ով նույնպես ընդգրկված է Աբովյանի թիվ 1, 4 և 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում: Վերոնշյալ դպրոցների կառավարման խորհուրդների կազմում է նաև Մելինե Գասպարյանը, ով Կոտայքի մարզպետարանում է աշխատում և Ռոմանոսի կադրերից է:

Ռոմանոսի մյուս «վստահելին» դպրոցների կառավարման խորհուրդներում, մարզպետի պաշտոնում իր նախկին օգնական Անի Չիլինգարյանն է, ով ընդգրկած է Աբովյանի թիվ 1 ավագ և թիվ 7 հիմնական դպրոցների կառավարման խորհուրդներում: Հաջորդը այս ցուցակում Մայրանուշ Նավոյանն է, ով Ռոմանոսի եղբոր կինն է, նա էլ ընդգրկված է Աբովյանի թիվ 1, թիվ 4 , թիվ 6 ավագ դպրոցների կառավարման խորհուրդներում»։

Այս խորագրի վերջին նյութերը