Մեկնաբանություն

02.02.2021 13:12


Հայկական և թուրքական նախագծերի պայքարը

Հայկական և թուրքական նախագծերի պայքարը

Նիկոլ Փաշինյանն ուզում է հերթական հակապետական քայլին գնալ՝ անցկացնել արտահերթ ընտրություններ։ Իր վարչապետության պայմաններում։

Արտահերթ ընտրություններ պահանջում է նաև Հայրենիքի փրկության շարժումը, սակայն մինչև այդ, ըստ միասնական ընդդիմության, պետք է հեռացվի Նիկոլը, վերանա անիշխանությունը, Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, կառավարվի հետպատերազմական վիճակը, երկրում հաստատվի կայունություն, նախապատրաստվեն արտահերթ ընտրությունները և առնվազն մեկ տարի անց տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

Վազգեն Մանուկյանը դեմ է Նիկոլի վարչապետությամբ ու հապշտապ արտահերթ անցկացնելուն։ Նա գտնում է, որ պետք է ժողովրդի ճնշմամբ հեռացնել Նիկոլին, հետո նոր անցնել մյուս քայլերին։ Սա քաղաքական, ողջամիտ և անցնցում տարբերակ է։

Այսօրվա վիճակով արտահերթի գնալը նշանակում է է՛լ ավելի խորացնել քաոսը։ Նիկոլը հրաժարականի փոխարեն արտահերթի գնալով փորձում է իր կաշին փրկել։ Նա գիտի, որ գրեթե զրոյական վարկանիշ ունի, բայց հույս ունի ընտակեղծիքների միջոցով քերել որքան հնարավոր է ձայն, որպեսզի խուսափի պատերազմի արդյունքների համար պատասխան տալուց։

Նիկոլին արտահերթ ընտրությունների դրդում են նաև արևմտաթուրքական ուժերը՝ «թավշյա» իշխանության փայատերերը։ Նպատակն աշխարհաքաղաքական է, ավելի կոնկրետ՝ հակառուսական ու հակաիրանական։

Թուրքերն ու ամերիկացիներն արցախյան դավադիր պատերազմից հետո ձգտում են Հայաստանում ռեաբիլիտացնել տեղական «Նավալնիին»՝ Նիկոլին, որպեսզի այդպիսով օգնեն ռուս Նավալնիին սեպտեմբերին կայանալիք ՌԴ պետական դումայի ընտրություններից առաջ։ Ըստ այդմ՝ եթե Հայաստանում մինչև սեպտեմբեր տեղի ունենան արտահերթ ընտրություններ ու դեռ մի բան էլ Նիկոլին հաջողվի կեղծիքներով «խփել» ցանկալի տոկոսները, ապա դա միանշանակ թուրքական նախագծի շրջանակներում է լինելու և հանգեցնելու է Հայաստանի ֆիզիկական ոչնչացմանը։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս դեմ է Նիկոլի վարչապետությամբ ու այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելուն, սակայն եթե այն այնուամենայնիվ տեղի ունենա, ապա ինքն անպայման մասնակցելու և կրելու է։

Քոչարյանի մասնակցությամբ արտահերթի անցկացումն ակնհայտորեն երկբևեռ քաղաքական դաշտ է ձևավորելու։ Մրցելու են հայկական ու թուրքական նախագծերը։ Հաղթանակի, խաղաղության ու բարեկեցության խորհրդանիշը մրցելու է պատերազմի, պարտության և վատ կյանքի խորհրդանիշի հետ։ Ի դեմս Քոչարյանի ու Փաշինյանի անուղղակիորեն մրցելու են նաև ռուսներն ու սորոսաթուրքական ուժերը։

Նիկոլը՝ Էրդողանի ու Ալիևի, աջակցությամբ, փորձելու է կեղծել որքան հնարավոր է ու վերարտադրվել։ «Հպարտ» քաղաքացու ականջներից փորձելու են կախել «հեսա թուրքական ճանապարհները բացվեն ու լավ կապրենք» մակարոնեղենը։ Իսկ այն, որ թուրքերն ու ադրբեջանցիները տարբեր ձևերով աջակցելու են Նիկոլին, որպեսզի Արցախից հետո նաև Հայաստանը սկուտեղի վրա ստանան, չեն էլ թաքցնում։ Համացանցային բոլոր հարթակներում Նիկոլին ամենակատաղի ձևով պաշտպանում են ադրբեջանական օգտատերերն ինչպես Հայաստանի, այնպես էլ դրսի վիրտուալ քննարկումներում։

Ռ․Քոչարյանն առաջնորդվելու է հայկական նախագծով, ինչը ենթադրում է հետպատերազմական վիճակի կառավարում, արժանապատիվ խաղաղության հաստատում, բանակի վերականգնում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցով բանակցությունների վերականգնում, հայ–ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի վերականգնում, բարեկամ երկրների հետ կապերի վերահաստատում, Հայաստանի փլուզված իմիջի վերականգնում, տնտեսության գահավիժման կանգնեցում, ներդրումներ, տնտեսական աճ, բիզնես միջավայրի աշխուժացում, մարդկանց սոցիալական վիճակի բարելավում, հանրային մթնոլորտի ապաթունավորում, պատերազմի արդյունքների քննություն և իրավաքաղաքական գնահատական։

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա անկախ ընտրություններին մասնակցելու ձևաչափից՝ նրանք պետք է որոշեն՝ տեղավորվում են հայկակա՞ն, թե՞ թուրքական նախագծի մեջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը