Կարծիք

02.02.2021 10:07


Չարիքի ծաղիկները կամ պետություն չունենալու ճանապարհը

Չարիքի ծաղիկները կամ պետություն չունենալու ճանապարհը

Երեկ Շուշան Պետրոսյանը շատ զգացական, կասեի՝ գրողական մի գրառում էր արել. ռմբակոծությունից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շոշ գյուղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, Հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցավ, բաց վերք, որը կփակվի միայն մեր հավաքական վերադարձով, մեր խլված տունն ու դավաճանված Հայրենիքը վերագտնելով: Այս պատկերը, ողբերգության հույզն ու ապրումն անգամ բառերի, մեկնության կարիք չունի. ամեն բան այնքան հասկանալի է, ցավալիորեն հոգեմաշ:

Բայց՝ ոչ: Երևի շատերն են տեսել այս գրառման տակ <<հայերի>> մտքի թռիչքը, անձնական վիրավորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում ֆբ-ում, ան<<երևակայելի, կենդական ազդակներին հագուրտ տալով՝ հայհոյախոսում է: Էս էն տեսակն է, որ քյաբաբի ու խաշլամայի արանքում մայրերի, օջախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պես, չբավարարված որձի վավաշոտ հայացքով փեշ է փնտրում: Դրա գրառումը մի քանի տասնյակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնյակ նոր գրառումներ, ու, ցավալիորեն, նրանց մեջ մեծաթիվ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրվում է մեր գլորվելու խորությունից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:

Մտածում եմ, որ Մաթևոսյանի <<Գոմեշը>> կարդացած լինեին՝ այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Հարություն Խաչատրյանի <<Սահմանը>> դիտած լինեին/սահմանամերձ բախման ժամանակ այրվող տներ, կորսված ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորված ցուլ…/՝ այսպիսին չէին լինի:

Բայց սասունցի պապս՝ բաբո ֆայաթն էլ Հրանտ Մաթևոսյան չէր կարդացել, ոչ էլ գիտեր՝ ով է Հարություն Խաչատրյանը, ու իմ տատին՝մամե Ուստոյին, մինչև կյանքի վերջին օրն <<ըմ նշանած>> էր ասում՝ չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խոսեին հետը:

Բա էս ո՞նց եղավ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, մի՞թե չեք տեսնում, որ հատակում ենք, մի՞թե սա է մեր հիմնական տեսակը…

Երեկ, զարմանալի զուգադիպությամբ, մի գրառում էլ աչքիս ընկավ. հարևանները հայհոյել էին փողոցները սառույցից մաքրելու կոչ անող, սեփական բակում բահով ձյուն մաքրող քաղաքապետ Հայկ Մարությանին, անգամ բանը հասել էր բռունցքների: Պատկերացնո՞ւմ եք՜ քաղաքապետին, հարևանները…

Այն, որ Մարությանը բահ օգտագործել գիտե, վատ չէ, բայց չէ՞ որ քաղաքը ձյունից մաքրելու համար ծառայություն կա, այդ նպատակի համար հատկացված բյուջե, ու քաղաքապետը պոպուլիզմի փոխարեն գուցե աշխատանքի գնար և քաղաքապետարանի կառուցվածքն ու պարտականությունները ուսումնասիրեր: Իհարկե, այս ամենն իմանալու համար ուշ է, և այս գրառումն էլ ձախողված քաղաքապետի մասին չէ, և ոչ էլ այն մասին, թե ինչու պիտի սիթքոմի ոչ պրոֆեսիոնալ դերասանը քաղաքապետ դառնար…

Բայց ինձ չի ուրախացնում հատուցման անբեկանելի օրենքը և այն, որ մեր հասարակության սևերի ու սպիտակների բաժանման մունետիկն ինքն է վայելում իր ցանած պտուղները:

Չէ, ես ուրախ չեմ, ամեն ինչ շատ ավելի ծանր է ու տագնապեցնող: Սա հեղինակությունների ու արժեքների կորստի մասին է, ցեղային ինստինկտների մասին: Մեր հավաքական անկման և բարոյական արժեքների այսպիսի դեգրադացիան չի կարող ուրախացնել: Սա պետության կորստի ճանապարհն է…

նիկոլական ստի, մանիպուլյացիաների, երեսպաշտության ու դավաճանության այս միջավայրը մի օր հանգեցնելու էր սրան:

Հասարակության մի մասն ատում է ու հայհոյում մյուսին: Մենք միմյանց չենք լսում, չենք սիրում, չենք հանգուրժում…ոչ քաղաքական, ոչ բարոյական ինստիտուտները չեն աշխատում…մնում է անեծքն ու հայհոյանքը: Հիշու՞մ եք Բաբելոնի աշտարակն ինչու քանդվեց և ինչու կործավեցին Սոդոմն ու Գոմորը…

նիկոլ, դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել, սրտի ցավով ասում է Շուռնուխի համայնքապետը…

նիկոլ, ամեն օր մտքիս մեջ հարյուր անգամ սպանում եմ քեզ, դարձյալ սրտի ցավով ու արցունքն աչքերին ասում է դավաճանված ազատամարտիկը…

Երկուսն էլ ճիշտ են, արդար են, որովհետև նիկոլը բարոյականության ու մեղքի գիտակցում չունի, դավաճանությունը կախված է կոկորդներիցս, պարտությունն ամենօրյա է, ու չափանիշ չկա, մեղավոր չկա, պատասխան տվող չկա: Իսկ նա շարունակում է ամեն օր իրեն հերքելով խճճվել ու ավելի անճարակ, ողբերգական ու քստմնելի դառնալ, անտանելի ու զազրելի…

Ավերումի ու կորստի այս ճանապարհը հնարավոր է կասեցնել միայն նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականությունը վերականգնելով:

Իսկ մինչ այդ Հայաստանն ամեն օր մի քիչ փոքրանում է, որովհետև փոքրանում է նաև մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մեջ սպանել դավաճանին…

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը