Քաղաքական

01.02.2021 14:29


ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ, սակայն այն չի կարելի քննարկել հիմա. Մեդվեդև

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ, սակայն այն չի  կարելի քննարկել հիմա. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,-հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով. «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,-հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:

Այս խորագրի վերջին նյութերը