Աշխարհ

31.01.2021 22:32


Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան են բերել խորհրդարանի շենքի մոտ

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան են բերել խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստներն այսօր ցույց են իրականացրել երկրի խորհրդարանի մոտ, ուր դատարկ սառնարան են բերել, որի վրա գրված էր. «Ժողովուրդը սովամահ է լինում»:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Ռուսթավելի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիան իրականացրել է «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» շարժումը: Մոտ հարյուր մարդ է դուրս եկել բողոքելու երկրում գործող սահմանափակումների դեմ՝ պահանջելով վերացնել դրանք:

«Սառնարանը կորցրել է իր գործառույթը, և այդպես գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Այդ իսկ պատճառով իմ խնդրանքն ու կոչն է բացել տնտեսությունը: Նրանք ժամանակ ունեն մինչև վաղը՝ փետրվարի 1-ը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշվում է, որ նույն պահանջով ևս մեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում:

Ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նաև Քութայիսում: Ցուցարարները պահանջում են վերացնել սահմանափակումներն այն ոլորտներում, որոնց աշխատանքն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման հետ:

Նշենք, որ Վրաստանում սահմանափակումներ են սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 258 111 մարդ, որից 3178-ը մահացել է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը