Քաղաքական

30.01.2021 09:10


ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ կոնսենսուս չկա «Իմ քայլում»․ «Ժողովուրդ»

ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ կոնսենսուս չկա «Իմ քայլում»․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որևէ ձևով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:

Ըստ մեր տեղեկությունների՝ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը, իմքայլականների կարծիքով, անիրագործելի է, և կարծիք են արտահայտել, թե իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում:

Եվ հենց այդ պատճառով էլ իշխող թիմում անգամ չեն էլ ցանկանում այն քննարկել առաջիկայում: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Վահագն Հովակիմյանը այնպիսի մտքեր, առաջարկներ է ներկայացնում, որ պատգամավորների համար շատ դեպքերում ծիծաղելի են թվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Վահագն Հովակիմյանից պարզել՝ արդյոք իրակա՞ն է այն տեղեկությունը, որ խմբակցությունում իր առաջարկած նախագիծը հավանության չի արժանացել: «Դեռևս այդ նախագիծն այդպես չի քննարկվել, այսինքն՝ քննարկման փուլում է, ու չեմ էլ բացառում, որ հավանության չի արժանանա, բայց այս պահին այդպիսի որոշում չունենք:

Ո՛չ բացասական, ո՛չ դրական որոշում չկա, իմ ակնկալիքն է, որ հավանության արժանանա, բայց ես չեմ բացառում, որ հավանության չի արժանանա»,-գալուստսահակյանական ոճով հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

Մեր դիտարկմանը, թե երբ են պատրաստվում իր առաջարկությունները քննարկել խմբակցությունում, ասաց. «Չգիտեմ, երևի առաջիկայում: Ես մտադիր չէի այդպես արագացնել դրա քննարկումը, ուղղակի հարցը եկավ մամուլի դաշտ, սկսվեց քննարկվել»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը