Քաղաքական

29.01.2021 15:43


Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված գործարարների ադամանդի գործարանի բացմանը

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված գործարարների ադամանդի գործարանի բացմանը

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ի դեպքի բացահայտումից, թե ովքեր են կաշառք տվել էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային, եւ ինչպես է ՀՀ վարչապետը անձամբ ներկա գտնվել ըստ նախաքննական մարմնի կաշառք տված գործարարների ադամանդի գործարանի բացմանը:

Ըստ այդ տեղեկությունների՝ վերջիններս գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյաններն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը:

Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018թ.-ին Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականին հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ» ընկերությունը։

Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ գործարանի բացումը «խաբկանք է, բլեֆ», քանի որ այդքան աշխատող երբեք չեն ունեցել, արտադրանք մեծ ծավալներով չեն տվել, եղբայրները դա ընդամենը բացել են, որ քողարկեն մաքսանենգությունը` մշակված ադամանդ բերեն չմշակվածի տակ, թե իբր գործարանում են մշակել:

Հավելենք, որ ԱԱԾ-ի կողմից գործարար եղբայները եւս բերման են ենթարկվել: Հիշեցնենք, որ ԱԱԾ այսօր հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարնել:

Այս խորագրի վերջին նյութերը