Լրահոս

29.01.2021 14:49


Տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում

Տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 2021 թվականը կլինի Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի, բայց հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, ես 2021 թվականը կորակեմ ​​տարի, երբ լիովին կգիտակցենք, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել Հայաստանը: Այս մասին Երևան-Մոսկվա տեսատակամուրջի ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

«Ի սկզբանե, 2020 թ.-ին կանխատեսվում էր 4.8% տնտեսական աճ, բայց վերջերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ մենք կունենանք շուրջ 8.5% անկում (ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման անկում ևս): Իհարկե, կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմը Արցախում շատ մեծ հարված հասցրին երկրի տնտեսությանը, բայց իշխանությունները չկարողացան մշակել ճիշտ և հակաճգնաժամային քաղաքականություն, որի արդյունքում 2021-ին մարդիկ նույնպես կշարունակեն զգալ այդ բացասական հետևանքները: Ցավոք, ոչ միայն այսօր կառավարությունը չի տալիս պատասխաններ, թե ինչպես է լուծում այդ խնդիրները, այնպես էլ չի ներկայացնում հասարակությանը, թե ի՞նչ է անելու հետագայում»,-ասաց նա:

Ըստ Ղուկասյանի, միևնույն ժամանակ հայտնի է, որ Հայաստանը պատրաստվում է այս տարի պետական ​​պարտքը հասցնել 8 միլիարդ դոլարի (Արժույթի միջազգային հիմնադրամից 400 միլիոն դոլար ենք վերցնելու):

«Նույն Փաշինյանը հայտարարեց, որ բանակը կարող է զարգանալ միայն զարգացած տնտեսության պարագայում, բայց ակնհայտ է, որ տնտեսության զարգացումը չի կարող իմիտացիոն լինել, ինչպես դա եղել է վերջին 2.5 տարվա ընթացքում: Պետք է ներկայացվեն հատուկ ծրագրեր ու կոնկրետ քայլեր»,-շեշտեց Ղուկասյանն ու ավելացրեց, որ դեռ պետք է հստակ պատկերացում կազմենք անցած տարվա ընթացքում Հայաստանի կրած կորուստների բոլոր մասշտաբները:

Փորձագետը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է մեծ դեր ունենալ ՀՀ տնտեսության վերականգնման գործում, բայց ամեն դեպքում, տնտեսության վերականգնումն անհնար է առանց հատուկ գործիքակազմի ու մեթոդաբանության, որոնք պետք է հստակ ձևակերպվեն ՀՀ կառավարության կողմից:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման օրակարգին, Ղուկասյանը հորդորեց մեր երկրի փորձագիտական ​​համայնքին վերլուծել ու ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող է կրել այս գործընթացն իր մեջ, ինչպես կարող է Հայաստանը նվազագույնի հասցնել այդ ռիսկերը և ինչպես հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունը մեր զարգացման համար.

«Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է ունենան մեր քաղաքացիները: Կառավարությունը պետք է ազնվորեն ներկայացնի իրավիճակի իր տեսլականը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծումները, քանի որ այնպես, ինչպես եղել է անցած 2.5 տարում, այլևս չի կարող լինել»,-ամփոփեց նա:

Իր հերթին, մոսկովյան ստուդիայի հյուրը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Արտեմ Պիլինը նշեց, որ համաձայն է, որ Հայաստանը դեռ պետք է գնահատի կորուստների մասշտաբները և միայն դրանից հետո ճշգրտի հստակ տնտեսական քաղաքականությունը: Բայց ակնհայտ է, ասաց նա, որ 1-3% տնտեսական աճը, որը ԱՄՀ-ն կանխատեսել էր Հայաստանի համար, չի կարելի անվանել լիարժեք վերականգնում:

Ըստ նրա ՝ լավագույն դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել 2019 թվականի 4-րդ եռամսյակի մակարդակին, այսինքն նախաճգնաժամային իրավիճակին ոչ շուտ, քան 2022 թվականին: Եվ սա այն դեպքում, եթե իրավիճակը չվատթարանա:

«Հետևաբար, մենք պետք է մտածենք, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար, այդ թվում` տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ պայմանավորված: Սա շատ կարևոր թեմա է, քանի որ երկար տարիներ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ստանում է հնարավորություն ցամաքային սահման ունենալ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով: Ստեղծվում է աշխատանքային խումբ, և Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր արտադրանքը ռուսական շուկա տեղափոխելու լրացուցիչ հնարավորություն ստանալու հարցում, քանի որ Ռուսաստան ներկայիս արտահանման հնարավորություններն այլևս չեն բավարարում հայկական արտադրանքի ավելացված ծավալների պատճառով»,-նշեց ռուս փորձագետը:

Այս խորագրի վերջին նյութերը