Մեկնաբանություն

29.01.2021 11:15


Մուրադովից կախված Հայրենիքը և մեր անելիքը

Մուրադովից կախված Հայրենիքը և մեր անելիքը

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտնեց շատ ուշագրավ միտք, որը կարծես դուրս մնաց քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննարկումներից։ Հայաստանյան ավանդույթի համաձայն՝ առավել շատ ուշադրություն դարձվեց ներքաղաքական հարցերին ու ինտրիգներին։ Ինչևէ։

Քոչարյանը նշեց, որ այսօր ռուսական զորքն Արցախում ոչ միայն ու ոչ այնքան խաղաղապահ առաքելություն է իրականացնում, որքան պաշտպանում է Արցախի անվտանգությունը։

Ըստ Քոչարյանի՝ Մուրադովն ավելի մեծ դերակատարում ունի արցախահայության պաշտպանության հարցում, քան բազմաթիվ հայ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արցախի ու Հայաստանի առաջին դեմքերը։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է։

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած կապիտուլյացիոն պատերազմի արդյունքում մենք Արցախում պետականություն ենք կորցրել, իսկ այն, ինչ մնացել է, արդեն դե ֆակտո ռուսական ազդեցության տարածք է։ Այսինքն՝ Մուրադովն Արցախում ոչ թե խաղաղապահ առաքելության ղեկավար է, այլ Արցախի գեներալ–գուբերնատոր։

Քոչարյանը մեկ այլ ուշագրավ միտք էլ հայտնեց մեր պաշտպանունակության թեմայով։ Նա ասաց, որ բանակի զինտեխնիկայի զգալի մասը ոչնչացված է և կոտրված է բանակի ողնաշարը։

«Հայաստանի հարևաններից յուրաքանչյուրն այսօր կարող է գրավել մեր երկիրը, և չկա բանակ, որը կկարողանա ապահովել մեր անվտանգությունը»,–նկատեց Քոչարյանը։

Սա՛ էլ է բացարձակ ճշմարտություն։ Նիկոլի ղեկավարած Հայաստանը տարածաշրջանային հետնապահի է վերածվել ու աղքատ բարեկամի։ Ու ինչքան նա մնա, այնքան վատանալու է մեր վիճակը։

Նիկոլին փոխելը Հայաստանի փրկության անհրաժեշտ պայման է։ Անհրաժեշտ, բայց ոչ բավարար։ Բավարարի համար պետք է լինի այնպիսի ղեկավար ու այնպիսի թիմ, որը կկարողանա վերականգնել մեր երկրի պաշտպանունակությունը, թույլ չտալ սոցիալ–տնտեսական կոլապս, տեր կանգնել Արցախին, կարգավորել հայ–ռուսական հարաբերությունները և Հայաստանը դուրս բերել փալասի ու իզգոյի կարգավիճակից։ Նման բան հնարավոր է անել։ Հնարավոր է բանիմաց ու փորձառու ղեկավարի պարագայում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը