Մեկնաբանություն

28.01.2021 17:50


«Թուրքական հետքն» ուղղակի աչք է ծակում. Քոչարյանի ուշագրավ դիտարկումը

«Թուրքական հետքն» ուղղակի աչք է ծակում. Քոչարյանի ուշագրավ դիտարկումը

Նախօրեի հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին ուշագրավ դիտարկում արեց՝ պատերազմի ընթացքում անընդհատ հրթիռակոծվող և ԱԹՍ-ներով ռմբահարվող Ստեփանակերտում նախագահական նստավայրի ու անմիջական մերձակայքի անվնաս մնալու հետ կապված: Մինչ այժմ այդ՝ առաջին հայացքից արտառոց հանգամանքին հատուկ ուշադրություն դարձրել էր «7 օր»-ը ևս, ինչը մեր կայքում արտացոլվել է:

Փաստորեն, միայն մեր կայքը չէ, որ նկատել և արձանագրել է այդ հանգամանքը: Ասենք, դա անհնար էլ էր չնկատել: Այլ հարց է, թե ինչ տեսանկյունից է ուշադրության արժանացնել:

Կարծում ենք, Արցախի ՊՊԿ ղեկավար, առաջին նախագահ, ապա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարագրած տարբերակով խնդրի արտառոց լինելն ավելի է աչքի զարնում:

Նախագահ Քոչարյանը նախ հիշեցրեց, որ Արցախի ազատամարտի տարիներին, երբ ինքը ՊՊԿ ղեկավարն էր ու, սկզբունքորեն, նույն շենքում էր իր աշխատավայրը, այդ շենքը, կառավարական շենքերն առհասարակ, թշնամական հրետանու նաև օդուժի թիրախում էին: Ըստ որում այնպես, որ շենքի վերևի հարկը քարուքանդ էր եղել արկերի ու «գրադի» հրթիռների հարվածներից: Սկզբունքորեն, տարօրինակ ոչինչ չկա այն բանում, որ պատերազմի ընթացքում թշնամին ձգտում է առաջին հերթին կամ ըստ հնարավորության՝ հարվածել այն շենք-շինություններին, որտեղ գտնվում է իր հակառակորդի ղեկավարությունը:

Բայց արի ու տես, որ փաշինյանի հետևողական ջանքերով հրահրված այս «տարօրինակ պատերազմի» ընթացքում ադրբեջանական կողմը, որ ԱԹՍ-ների միջոցով գերճշգրիտ հրթիռային հարվածներ էր հասցնում ամենատարբեր կառույցների և օբյեկտների, ենթակառուցվածքների, զինուժի կուտակումների, ահա նույն այդ թշնամին առանձնահատուկ «խնամքով» էր վերաբերվում այն կառույցներին, որտեղ կարող էր գտնվել Արցախի ղեկավարությունը, մասնավորապես, Ստեփանակերտի՝ նախագահական նստավայրն ու մերձակայքը գերազանցապես անվնաս են մնացել:

Տարօրինա՞կ է: Իսկ մի՞թե այս խայտառակ պատերազմում դա միակ տարօրինակ բանն էր: Ամենևին էլ՝ ո՛չ:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ներկայիս «իշխանությանը» ուղղակիորեն չմեղադրեց դավաճանության մեջ: Բայց Ռոբերտ Քոչարյանը նաև միանգամայն կարևոր հանգամանք ընդգծեց:

Առհասարակ, եթե որևէ երկիր պատրաստվում է պատերազմել հարևան երկրի (կամ որևէ այլ պետության) դեմ, ապա դիմում է մի շարք քայլերի: Նման քայլերի ստանդարտ փաթեթը ներառում է թշնամական երկրի հասարակությունը պառակտելուն, բանակն ու անվտանգային համակարգերը խարխլելուն, պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելուն և, իհարկե, հակառակորդի և նրա դաշնակից, բարեկամական երկրների հարաբերությունները փչացնելուն նպատակաուղղված գործողություններ:

Սկզբունքորեն, նշված 4 ուղղություններով էլ նիկոլ փաշինյանը և նրա «ուսապարկերի» հավաքույթը վերջին 2,5 տարվա ընթացքում արել են հնարավոր առավելագույնը, և դա այնքան հանրահայտ է, որ նույնիսկ լրացուցիչ հիշեցնելու կարիք չի զգացվում: Եվ, փաշինյանենք այդ՝ թշնամուն ձեռնտու ուղղություններով «աշխատել են» մեծ ջանասիրությամբ, ոգևորությամբ, հետևողականորեն, ինչպես դա միանգամայն տեղին նկատեց Ռոբերտ Քոչարյանը:

«Չեմ կարող ասել, թե այս իշխանությունները թուրքական գործակալներ են:

Բայց կարող եմ ասել, մի բան՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանի Հանրապետությունում»:

Հավելենք միայն, որ նախագահ Քոչարյանը դեռ բավականին կոռեկտ արտահայտվեց ու՝ զուսպ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը