Քաղաքական

27.01.2021 17:24


Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է․ Պուտին

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Այս մասին տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: «Ինչպես հայտնի է, նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները եռակողմ հայտարարություն են ստորագրել: Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրականացվում է»,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ ամենակարևորն այն է, որ հաջողվել է հասնել կրակի լիարժեք դադարեցման և սկսել կայունացման գործընթաց:

«Մենք ձգտում էինք հետևել պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որի համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,-ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ դա «համագործակցության լավ օրինակ է»:

«Միջազգային հանրության, և, անկասկած, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև խնդիր է դրված՝ աջակցելու տուժած շրջաններին, կարգավորելու մարդասիրական խնդիրները՝ կապված փախստականների վերադարձի հետ, վերականգնելու փլուզված ենթակառուցվածքը, պաշտպանելու և վերականգնելու պատմության, կրոնական և մշակութային հուշարձանները»,-նշել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը