Քաղաքական

27.01.2021 16:29


Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար

Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,-ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,-ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝ պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում: «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը