Մեկնաբանություն

26.01.2021 17:15


«Թավշյա» զրո ամբողջ զրոներն ու եվրափարիսեցիությունը՝ ԵԽԽՎ-ում

«Թավշյա» զրո ամբողջ զրոներն ու եվրափարիսեցիությունը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանն է: Ու ԵԽԽՎ-ն որոշեց, որ ռուսական «նիկոլի»՝ Նավալնու ձերբակալությունն առավել հրատապ թեմա է, քան... ադրբեջանական գերությունից Հայաստանի զինվորականներին վերադարձնելու հարցը: Դե, ԵԽԽՎ-ում արձանագրված եվրափարիսեցիությունն ակնհայտ է, դա իր պատճառներն էլ ունի, ու հընթացս դրան էլ կանդրադառնանք:

Բայց այստեղ հարցն այն է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը առաջ էր քաշել մեզ համար կարևոր հարց՝ «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»: Այդ հարցը՝ ի թիվս 7 այլ խնդրի, առաջարկվել էր ընդգրկել նստաշրջանի «ընթացիկ հարցերի» շարքը: ԵԽԽՎ-ն, ինչպես ասվեց, Նավալնու, հա, մեկ էլ տեխնոլոգիական ընկերությունների ինչ-որ սպառնալիքների խնդիրներն ավելի հրատապ էր համարել:

Լավ, բա ո՞նց սրանց, նկատի ունենք՝ փաշինյանին ու իր «փաշիկներին» չբնորոշես որպես հենց «զրո» (0): Ավելի ճիշտ, եթե փաշինյանը զրոն է, ապա սրա «ուսապարկերը» զրո ամբողջ զրո, զրո-ներ են: Կամ, թող ներեն մեզ ճշգրիտ գիտությունների սիրահարներն ու մաթեմատիկան, սրանք էլ «մինուս զրո» են՝ - 0:

Բա «զրո» չեն, ի՞նչ են: Եթե, օրինակ, նիկոլը հայտարարում է, որ մոսկովյան բանակցություններում ամենից կարևորը ռազմագերիների վերադարձի հարցն է, հետո Մոսկվայից հետ է գալիս ու թե՝ էդ հարցը չմտավ բանակցությունների օրակարգ, դրան ի՞նչ ասես, եթե ոչ՝ զրո՛: Բա գետինը մտնեիր, բայց հարցը օրակարգ մտցնեիր, առավել ևս, որ գերիների հարազատներին ճղճիմաբար պատանդ ես վերցրել՝ քո անիմաստ իշխանության քարոզչական կեղտոտ շահերի սպասարկման նպատակով...

«Գերագույն» զրոյից գործնականում ձգտում են հետ չմնալ նաև նրա «զրո ամբողջ զրո, զրո»-ները, այս դեպքում՝ ԵԽԽՎ-ում ներկայացված:

Մեկը կա դրանցից, որ հարցնես, կպարզվի՝ իրեն մինիմում Շառլ-Մորիս է, այն է՝ Թալեյրան է երևակայում կամ առնվազն՝ «դիվանագիտական գայլուկ»: Մինչդեռ նա իրականում թյուրիմացություն է, ավելի ստույգ՝ տեխնիկական թյուրիմացություն, որը նույն ԵԽԽՎ-ում կարող է «դուխով» սխալ կոճակ սեղմել, ասենք՝ Ռուսաստանի դեմ, հետո գրեթե երկտակ խոնարհված գնալ ներողություն հայցելու ռուսական պատվիրակությունից, թե՝ «պռաստի, Իվան, էտը բիլ տեխնիչեսկի աշիբկա»...

Ճի՛շտ կռահեցիք: Նկատի ունենք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, տխրահռչակ «թավշիստ» Ռուբեն Ռուբինյանին: Կգան, կասեն, թե մենց առաջարկեցինք, մենք փորձեցինք, բայց դե տեսաք, էլի, Եվրոպայի համար Նավալնու հարցն ավելի կարևոր էր... Կամ էլ նման մի բան, գուցե՝ շատ ավելի անհեթեթ բաներ կասեն (իրենց դեպքում տիպիկ է անհեթեթություններ ասելը, որովհետև դրանց «ինծելեկտի» բարձրակետը անգրագետ պողոսներն են):

Իսկ ո՞վ պիտի աշխատեր: Չէ՞ որ խնդիրը հենց միայն ԵԽԽՎ-ի նստաշրջանի մեկնարկում առաջարկություն անելը չէր: Դրանից առաջ ի՞նչ աշխատանք է տարվել, նույն Ռուբինյանի ու պատվիրակության մյուս անդամների կողմից: ԵԽԽՎ նստաշրջանը վաղուց հայտնի էր, թե երբ է մեկնարկելու: Ահա այդ նախամեկնարկային մեկ-մեկուկես ամսվա ընթացքում նույն Ռուբինյանն ու նրա գլխավորած պատվիրակության հատկապես «քայլական» ներկայացուցիչները ի՞նչ աշխատանք են տարել: Քանի՞ երկրի պատգամավորների հետ են շփվել, քանիսի՞ն են համոզել, որ ռազմագերիների վերադարձի հարցը շատ ավելի կարևոր է և այլն, և այլն: Դա այն «սևագործ աշխատանքն» է, որը որպես կանոն չի երևում ու չպետք է երևա էլ, բայց որի արդյունքները լինում են մեր շահերին համահունչ կամ մեր պետության շահերից բխող նախագծերն օրակարգ մտցնելը, բանաձևեր ընդունելը կամ որևէ բանաձևում նպաստավոր կետ ներառելը:

Չնայած, սա ո՞ւմ ենք ասում: «Թավշյա» զրոների բոլոր մոտեցումները հանգում են նույն «իզմ»-ին՝ ցուցադրականության, փիառվելու, դատարկախոսության ամենակուլ «իզմ»-ին:

Թե բա՝ «ռազմագերիների վերադարձի հարցը մեր իշխանության համար կարևոր է»: Լո՞ւրջ: Բա լուծե՛ք: Ինչո՞ւ չեք լուծում: Չեք կարողանո՞ւմ, թե՞ չեք ցանկանում: Կարծում եմ, և՛ անկարող եք, և՛ անտարբեր:

Այդ ո՞ր իշխանությունը կամ այդ ովքե՞ր պիտի ռազմագերիների հարց լուծեն: Սրա՞նք, որ տարան ու հազարներով մի քանի սերնդի երիտասարդների նետեցին իրենց իսկ բորբոքած «տարօրինակ պատերազմի» մսաղացը: Սրա՞նք, որ «սգո երթի» անվան տակ փաշալիևի «մեծարման ցերեկույթ» կազմակերպեցին՝ հրելով ու քաշքշելով զոհվածների հարազատներին ու կոխկրտելով շիրիմները...

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, թե՝ Նավալնու հարցն ավելի կարևոր է: Էհ, իրենց համար, այո, ավելի կարևոր է, որովհետև իրենք Ռուսաստանից պոկելու բան ունեն կամ Ռուսաստանն էլ տապալելու վաղեմի և անփոփոխ շահ: Իբր ե՞րբ նույն Եվրոպան կամ ավելի լայն ընդգրկմամբ՝ «միջազգային հանրություն» ներկայացողը կեղծավոր, երկդիմի, աներես ու ցինիկ չեն եղել: Այդ ե՞րբ դրանց համար «մարդու իրավունքներ, ազատություններ, ժողովրդավարություն» ասվածները հարմար դագանակ չեն եղել՝ սրա-նրա գլխին բամփելու և զուտ իրենց առևտրա-նավթա-խողովակային շահերը առաջ հրելու համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը