Քաղաքական

25.01.2021 19:20


Երբ ձևակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել (տեսանյութ)

Երբ ձևակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել (տեսանյութ)

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ ընթերցվեց Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսի ուղերձը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ես տեսնում եմ այստեղ ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում ենք, որ վտանգված է հայրենիքը, պետականությունը։

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը։ Սրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորվել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր։

Առանց այդ արժեքների այսօր մենք չենք ունենա մեր տեղը աշխարհի և քաղաքական քարտեզի վրա, ուրեմն առավել քան կարևորվում է մշակույթի, գիտության, կրթության, և եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությունը։ Սակայն, ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար, մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի, և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը։

Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն՝ ինչ մնացել է, ապահով պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը զարգանա այդ տեմպերով և հիմքեր ստեղծենք կորցրածը վերականգնելու համար։

Սիրելի ներկաներ, վստահ եմ՝ գիտեք, թե որն է իմ նպատակը, երազանքը, ես իմ հայրենիքին տվել եմ ու շարունակում եմ տալ իմ պարտքը որպես Հայկական բանակի սպա։

Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, այսօր հասունացել է մի իրավիճակ, որ պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից, եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած մեկ մարդու պես մտածենք և գործենք։

Ես վստահ եմ՝ եթե մի ազգի ճանաչված և հեղինակավոր ներկայացուցիչներ միասնաբար ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձևակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը, և համատեղ կոչով հանդես գան ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ձգողությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կձևավորվի հսկայական մի ուժ, որի առջև չդիմանա և ոչ մի ապիկար իշխանություն։

Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որպեսզի մենք անցնենք մեր բուն գործին։ Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը, հիշենք, որ այսօրվա մեր թշնամին ինչպես միշտ նենգ է և վախկոտ։

Նա հենց այդպիսի միասնությունից է վախենում, եթե ապավենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում»:

Այս խորագրի վերջին նյութերը