Մեկնաբանություն

25.01.2021 17:10


Մելամաղձոտ «նապոլեոնիկ» մը՝ Դավիթ Տոնոյան անվանյալ, որ հարցազրույց է տալիս... ցուցմունք տալու փոխարեն

Մելամաղձոտ «նապոլեոնիկ» մը՝ Դավիթ Տոնոյան անվանյալ, որ հարցազրույց է տալիս... ցուցմունք տալու փոխարեն

Եթե Հայաստանը գոնե 5 տոկոսով «նորմալ պետություն» լիներ, եթե ՀՀ ԱԱԾ-ն 2 տոկոսով կատարեր իր բուն գործը, եթե ՀՀ դատախազություն կոչվող հաստատությունը 1 տոկոսով համապատասխաներ իր անվանմանը, ապա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ներկայումս պետք է պետական դավաճանության գործով մեղադրյալի կարգավիճակում ցուցմունքներ տար: Այդ թվում՝ գլխավոր մեղադրյալ փաշինյանի հետ առերես հարցաքննությունների տարբերակով: Իսկ նա, ահա հարցազրույց է տալիս:

«Մեդիամաքսին» Դավիթ Տոնոյանի տված հարցազրույցն, իհարկե, ցուցմունք չէ: Այն սեփական անձն ու նիկոլ փաշինյանին արդարացնելու անհաջող փորձ է։

Բուն հարցազրույցը հետաքրքիր բազմաթիվ տարրեր է պարունակում հետագա անխուսափելի հարցաքննությունների համար: Դեռ մի կողմ թողնենք նախկին նախարարի թույլիկ ու լղոզված արտահայտությունները, որոնցով փորձում է բացատրել «Նոր պատերազմ, նոր տարածքներ» իր տխրահռչակ թեզը կամ կարգախոսը:

Դավիթ Տոնոյանին միանգամայն տեղին հարց է տրվում նրա մեկ այլ հայտարարության՝ պատերազմի դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու վերաբերյալ, հիշեցմամբ, որ նման բան տեղի չունեցավ:

Եվ, նիկոլ փաշինյանի պաշտպանության նախկին նախարարը, երկար-բարակ լոլոներ կարդալուց հետո, խոսքը բերում, հանգեցնում է ծույլիկների քրեստոմատիկ արդարացմանը, թե ՝ «Մենք չհասցրեցինք պատրաստվել...»: Տվյալ դեպքում՝ Դավիթ Տոնոյանն ու իր անմիջական ղեկավար նիկոլ փաշինյանը չհասցրեցին պատրաստվել.. ««անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»:

Տեղին հարց է տրվում, առ այն, թե՝ որքանո՞վ էր համարժեք Տավուշում հուլիսյան մարտերի PR-արշավը: Սա պատասխանում է, թե՝ այդ «PR-կամպանիան» ու դրա հետ կապված՝ Ադրբեջանի, Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» «վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին»: Ու մեկ էլ. «Բայց մեզ համար անսպասելի էր Ալիևի և ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները...»:

Հա, ու նույն հարցազրույցում, նույն Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ հիշատակված «հուլիսյան մարտերից» մեկ ամիս առաջ, հունիսի 12-ի ԱԽ նիստում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է «ՊՆ եւ ԳՇ համակարգված և համաձայնեցված մոտեցումը»...

Կրկնում ենք, այս ամենն ասում է բացարձակապես նույն անձը, որը հիշեցնենք, նիկոլ փաշինյանի պաշտպանության նախարարն է եղել: Նախարարն, առհասարակ, քաղաքական պաշտոն է: Եվ սույն «նապոլեոնիկը», երևի, համարվում է քաղաքական, գուցե նաև՝ պետական գործիչ: Թերևս՝ հակապետական գործիչ:

Հակապետակա՛ն գործիչ, որը հլու-հնազանդ ծառայել է հակահայ «իշխանության:

Նախ՝ Դավիթ Տոնոյանի ասածները մեկը մյուսի հետ «չեն խոսում», հակասական են: Հիմնավորենք: Հիշյալ՝ 2020թ. հունիսի 12-ի ԱԽ նիստում ներկայացված ԳՇ և ՊՆ համաձայնեցված զեկույցը այն մասին էր, որ հնարավոր լայնածավալ ռազմական ագրեսիային կներգրավվի կամ խիստ մեծ է թուրքական ներգրավման հավանականությունը, ինչը կբերի մեր և հակառակորդների ռեսուրսների էական անհամապատասխանության:

Դրանից մեկ ամիս անց տեղի են ունենում «հուլիսյան մարտերը»՝ Տավուշի սահմանագոտում: Ու սրան՝ Դավիթ Տոնոյանին, պարզվում է, առանձնապես չի հետաքրքրել այն «PR-կամպանիան», որ ծավալել էր իր անմիջական ղեկավար ու տեր նիկոլ փաշինյանը, որին արդեն համարյա բոլոր ժամանակների ամենամեծ զորավար էին ներկայացնում նրա քայլակիցները:

Իբր դա քիչ է, Տոնոյանն ասում է, թե... իրենց համար անսպասելի էր ադրբեջանական ռեակցիան ու այն, որ դրան գումարվեց թուրքականը...: Լսեք, ո՞ւմ եք ձեռք առնում՝ ձեռառնելիքի առարկա լինելով: Ո՞նց կարող էր թուրքական ներգրավումն անսպասելի լինել, եթե ինքներդ եք համաձայնեցրել դրա առարկայական սպասելիության մասին ԳՇ զեկույցը: Վա՞տ եք: Հարցազրույց տալուց առաջ «զակուսկա չեք արե՞լ»:

Ի՞նչ է նշանակում՝ «PR-կամպանիան» ձեզ ու ԶՈՒ ներկայացուցիչներին հետաքրքրող վերջին բանն էր: Լո՞ւրջ: Բա մի հատ ինքներդ ձեզ հարց չէիք տալի՞ս, երբ նիկոլ փաշինյանը «հուլիսյան մարտերի» կապակցությամբ ձեզանից աննախադեպ ծավալով պարգևատրվողների ցուցակ էր ուզում ու երբ այդ ցանկը հաստատում էիք: Բա մի հատ չէիք ուզում հարցնե՞լ ձեր կապիտուլյանտ վերջապետին, թե՝ «էս ի՞նչ ես անում, արա՛...»:

Դավիթ Տոնոյան, ո՞ւմ ես ուզում «ֆռռացնել»: Դուք, ի՞նչ է, կարծում եք, թե ձեր նման հարմարվողականների կառավարության նիստո՞ւմ եք ելույթ ունենում, թե՞ ՔՊ («քանդել պետությունը») խմբավորման հավաքույթում, որտեղ ինչ անկապություն էլ դուրս տաք, փաշինյանի հոնքի շարժումով հալած յուղի տեղ կանցնի:

Թե բա՝ փիառը մեզ չէր հետաքրքրո՜ւմ: Տո լավ, է՜...

Չէր հետաքրքրում և պատերազմի ամբողջ ընթացքում հենց միայն «PR»-ի վրա՞ էիք հուպ տալիս՝ ձեր մամուլի քարտուղարի և ձեր ներկայացուցիչ Արծրուն Հովհանիիսյանի միջոցով ամենօրյա ռեժիմով ստելով և հանրությանը մոլորության մեջ գցելո՞վ...

Վա՞տ եք, թե՞ լավ չեք...

«Չհասցրեցինք»-ի մասին: Իսկ ի՞նչ եք արել, որ հասցնեիք: Չէիք հասցնում, ու փաշինյանին թույլ էիք տալիս, որ փիառվի՞ «հուլիսյան մարտերի» ֆոնին: Չէիք հասցնում պատրաստվել պատերազմին ու ոչ մի անգամ չէիք ասո՞ւմ՝ արա, ա՛յ փաշինյան, հերիք է տակուգլուխ դուրս տաս ու արագացնես պատերազմը, մենք հլա պատրաստ չենք:

Չէիք հասցնում ու «պատրոն Դավիթի» միջոցով Հորդանանից «սպիսատ արած» «ՕՍԱ»-նե՞ր էիք բերել տալիս: Չէիք հասցնում ու... «խաղալիք», ըստ էության՝ մարտական պայմաններում գործածման համար ոչ ենթակա Սու-30-ննե՞ր էիք գնում:

Չէիք հասցնո՞ւմ, ու այդ ռազմական «խաղալիք» օդանավերը բերում էիք ժամանակակից ՀՕՊ միջոցների փոխարե՞ն: Չէիք հասցնում և սպասարկում էիք նիկոլի աննայի՝ կամուֆլյաժով փիառվե՞լը:

Բա ի՞նչ էիք հասցնում. նույնիսկ КМБ («курс молодого бойца»-«երիտասարդ մարտիկի դասընթաց») չանցած մի ամսվա նորակոչիկներին տասնյակներով տանում էիք առաջնագի՞ծ: Ի՞նչ էիք հասցնում անել: Իմանալով, որ վաղը, մյուս օրը պատերազմ կարող է սկսվել, արտասահմանում ծննդյան միջոցառմա՞ն էիք հասցնում մասնակցել: Պատերազմի առաջին իսկ օրերին, հրաշալի տեղեկացված լինելով շարասյունների խոցման մասին, շարունակում էիք ռեզերվում եղած անձնակազմը ավտոշարասյուններո՞վ մարտական դիրքեր ուղարկել:

Լավ, ո՞ր մեկը ասենք:

Հա, ու մի բան էլ, որպես սեփական բացթողում, նշում է մի շարք էական կազմակերպչական բնույթի խնդիրներ՝ ներառյալ զորակոչի հետ կապված ու հղում է անում... օրենսդրական բացերին:

Ու նման անձը նախարարի կարգավիճա՞կ է ունեցել: Այսինքն, դուք իմացել եք, թե ի՛նչ է պետք անել՝ չպարտվելու և սարսափելի կորուստներ չունենալու համար, բայց ինչ-որ օրենսդրական «բացերի՞» հարցն է ձեզ հուզել: Ու այդքանից հետո, դեռ ինչ-որ տխմարություննե՞ր եք դուրս տալիս «քաղաքական մելամաղձի» մասի՞ն, ինչ-որ կեղտոտ սպառնալիքնե՞ր եք ակնարկում քաղաքական ուժերի կամ գործիչների հասցեի՞ն:

Ակնհայտ է, իհարկե, որ Դավիթ Տոնոյանը, կապիտուլյացիայից երկուսուկես ամիս անց, ջանում է այսպես ասած՝ «հրեշտակային կերպարով» ներկայանալ հանրությանը, կարծելով, թե՝ իր մեղքերը սրբել-վերջացրել է, հիմա մի բան էլ՝ փաշինյանի կեղտերը մաքրելով կարող է զբաղվել:

Ձեզ իզուր հույսեր մի ներշնչեք, պարոն Տոնոյան: Թե՛ անձամբ դուք, թե՛ ձեր անմիջական ղեկավար փաշինյանը, թե՛ առհասարակ հայության գլխին այս աղետն ու պարտությունը «դասավորած» բոլոր գլխավոր դերակատարներդ ամենախիստ ձևով ու անխուսափելիորեն պատասխան եք տալու դատարանի ու ժողովրդի առաջ: Մեր բոլոր զոհված ու հաշմված երեխաների առաջ: Մեր կորսված հայրենիքի, շեների ու քաղաքների առաջ:

Հարցազրույցը թույլ էր: Խայտառակ թույլ: Պատրաստվե՛ք ցուցմունքներ տալուն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը