Քաղաքական

23.01.2021 11:39


«Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին․ «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանը կատարում է Ալիևի պատվերը․ այլ բացատրություն չունեմ». «Շուշի» հիմնադրամի նախագահը՝ Շուշիի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին․ «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախսատականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում «Շուշի» հիմնադրամի նախագահ, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, նշեց, որ այն առնվազն տարակուսանք է առաջացնում։

«Ինքս տարիներ շարունակ զբաղվել եմ Շուշիի մշակույթի, հուշարձանների ուսումնասիրությամբ, մեր հիմնադրամն ահռելի աշխատանք է կատարել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման միտք արտահայտելը պետք է որ պատվեր լինի, այլ բացատրություն չունեմ, գուցե նման հայտարարություն է անում, որպեսզի արդարանա, որ Շուշին հանձնել են։ Գիտեք, Շուշին չեն գրավել, այլ հանձնել են, որին մասնակից է Նիկոլ Փաշինյանը։ Նա նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև Շուշին 3000 տարվա պատմություն ունի։ Մինչև 1920 թվականի մարտի 23-ն այնտեղ հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում, մարտի 23-ին հայտնվեցին թուրք ասկյարները և տեղի մահմեդական բնակիչները կազմակերպված կոտորեցին հայ բնակչությանը, այդ երեկոյան 5 հազար մարդ են սպանել։ 16 հազար մարդ էլ, օգտագործելով մառախուղային եղանակը, կարողացել են փախչել՝ թողնելով ամեն ինչ։ Խորհրդային տարիներին քաղաքը մնում է ադրբեջանցիներին, այդ ամենը ծրագրված էր։ Մինչև Շուշիի ազատագրումն այնտեղ ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում, բայց այնտեղ 4000 մարդ էր ապրում։ Նիկոլ Փաշինյանն այս մասին պետք է խոսեր, այլ ոչ թե խորհրդային տարիներից խոսեր, մարդաբանական բոլոր տվյալները կան, կարող էր օգտվել։ Շուշին բացարձակ հայկական քաղաք է»,- նշեց Բակուր Կարապետյանը։

Ըստ նրա՝ երբ չափագրում էին Շուշիի հայկական խաչքարերը, այնտեղ եղել է միայն մի քանի ադրբեջանական հուշարձան, այսինքն՝ մի քանի մզկիթներ։

«Ես ուրիշ կերպ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չեմ կարող բնորոշել, քան պատվեր, նա, կարող է՝ կատարում է Ալիևի պատվերը, որովհետև այլ բացատրություն չունեմ: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է երկրի վարչապետը նման հայտարարություն անի՝ մեկ՝ «դժբախտ ու դժգույն» քաղաք է Շուշին, մեկ՝ «ադրբեջանական»։ Շուշիի բերդաքաղաքն աշխարհի ամենահզոր բերդերից մեկն է։ Մենք ծրագիր էինք մշակել, որ Շուշին հայտարարեինք համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք, ու հանկարծ նման հայտարարություն անել»,-հավելեց Բակուր Կարապետյանը։

Շուշիի և առհասարակ Արցախի պատմությանը լավ ծանոթանալու համար, Բակուր Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց ծանոթանալ իր գրած «Շուշիի բերդաքաղաքը» մենագրությունը, եթե գիրքը չգտնի, ապա պատրաստ է տրամադրել, նաև «Գուլիստան նամե» գիրքը։

«Եթե Նիկոլ Փաշինյանն այս գրքերը կարդա, լավ կլինի, բայց նա գրողներին, գիտնականներին չի սիրում ու չի ընդունում, եթե ընդուներ, ապա մեր պատմությանն այսքան անծանոթ չէր լինի, գուցե՞ դիտավորյալ է անում, այս ամենը շատ վատ է, և ես նրանից խորը հիասթափություն եմ ապրում»,-շեշտեց նա։

Բակուր Կարապետյանի բնորոշմամբ՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում ժամանակին ապրել են հազարավոր հայեր, սակայն հայերը երբեք չեն ասում, որ այդ քաղաքները հայկական են, քանի որ հայերը կիրթ են, լայն աշխարհայացք ունեն։

«Հայերը Սումգայիթում ապրել են, բայց չենք կարող ասել՝ հայկական քաղաք է, նույնն էլ մյուսները, իհարկե, դրանց կառուցմանը, շենացմանը հայերը մեծ մասնակցություն են ունեցել, բայց դրանք հայկական չեն, դրանք խորհրդային քաղաքներ էին։ Դրանք մերը չէին, դրանք բոլորինն էին։ Երբ մարդիկ կտրվում են իրենց մշակույթից, այսպիսի դեպքեր են լինում, մարդիկ իրենց քաղաքը չեն ճանաչում, նույնիսկ վարչապետի մակարդակով, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, չեն ուզում պահել մեր երկիրը, հազարամյակներից եկած մեր Արցախը, մերն անընդհատ տալիս ենք օտարներին։ Պետք է տեր կանգնենք մեր մշակույթին, որ սերունդն էլ իմանա՝ ինչի համար է պայքարում»,-ընդգծեց նա։

Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը հակահայկական ու կեղծված պատմություն է գրում և ամբողջ աշխարհում հարյուր-հազարներով տարածում է, իսկ Հայաստանը ոչինչ չի անում, հակառակը՝ հալածվում է այն մարդը, որը նման աշխատանք է կատարում»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը