Մեր ողջ պատմության ընթացքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հայերը եղել են բաժանված ժողովուրդ՝ տարբեր մենթալ ու քաղաքական դիմագծերով: Պատմական որոշ ժամանակներում անգամ երկուսից ավել մասերի էլ են բաժանված եղել՝ հայ քաղքեդոնականներ, հայ հակաքաղքեդոնականներ ու մուսուլման հայեր: Խլաթի սուլթանության ճարտարապետական ժառանգության վրա ընդամենը մեկ հայացք գցելու դեպքում պարզ է դառնում նրանց հայկական դիմագիծն, անգամ հայազգի սուլթաններ են եղել՝ Դանիշմենդիները: Նաև էպոսում Սասուցի Դիվիթն ու Մսրա Մելիքը եղբայրներ են, դեպքերն էլ Խլաթի տարածաշրջանում էին ընթանում, բայց դա մի կողմ դնենք, դա չի մեր վարկածի թեման, կենտրոնանանք քրիստոնյա հայերի քաղաքակրթական տեսակների վրա:
2018 թվականի իշխանափոխությունն ու այսօրվա քաղաքական բանավեճերը մեզ խնդրի առաջ են կանգնեցրել: Իշխանության եկածները կարծես թե մեր իմացած հայերը չեն, դրանք այլ տեսակ են, այլ մենթալիտետ ու արժեքներ ունեն ու պայմանական «սորոսը» չէր կարող նրանց հնարել, ընդամենը կարող էր քաղաքական փաթեթավորում տալ, ոչ ավելին։
Այդ դեպքում ովքեր են այդ «նոր հայերը», որտեղից են հայտնվել։
Մինչ ռուսների գալը, 1828-ից առաջ, քաղաքական իմաստով կար երկու տեսակի հայ՝ պարսկահայ ու օսմանցի հայ։ Բնական է, որ նրանց քաղաքական պատկերացումներն ու աշխարհընկալումները տարբեր էին, տարբեր էին նաև նրանց կարգավիճակները։ Եթե Պարսկաստանում հայերն ունեին ինքնավարություն Արցախի ու Սյունիքի մելիքների ինստիտուտի տեսքով ու զորամիավորումներով, ապա օսմանահայերն անգամ զենք կրելու ու ձի նստելու իրավունք չունեին։
Բնականաբար, օսմանահայերն էլ իրենց հերթին միատեսակ չէին, օրինակ Սասունի ու Մուշի հայերը նույնպես որոշակի ինքնավարություն էին պահպանել ու պարբերանար ապստամբում էին, կար նաև Վանի հայերի քաղաքական տեսակը։ Կար Ախթամարի կաթողիկոսություն, որտեղ ազգային քաղաքական ծրագրեր էին փորձում իրականացնել ու օսմանյան-պարսկական պատերազմների ժամանակ շատ վանեցիներ գաղթում էին Պարսկաստան ու այնտեղից,1828-ից հետո, արդեն որպես պարսկահայեր բնակվում Արևելյան Հայաստանում ու նաև Արցախում։ Պատահական չի, որ այսօրվա շատ արցախցիներ Վանի ծագում ունեն։
Սա գրում եմ նրա համար, որ պարսկահայեր-օսմանահայեր ասվածը խիստ պայմանական բաժանում է, դրանով նկատի ունեմ ընդամենը մենթալիտետն ու աշխարհընկալումը։
Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում «օսմանցի» ասվածը։ Իսկական օսմանցին թուրքը չէր, ավելին, իսկական թուրքերը Օսմանյան կայսրությունում արհամարված տարրեր էին։ Նրանց հիմնական մասն այսօրվա ալեվիներն են։ Իսկական օսմանցին բյուզանդիայի քաղաքական ժառանգորդներն էր, արյունով հիմնականում կրոնափոխ քրիստոնյա։ Օսմանյան կայսրության կորիզը կրոնափոխներն էին։ Քրիստոնյա Բյուզանդիայի քաղաքական պրոյեկտի տապալումից հետո ստեղծվեց մուսուլման Բյուզանդի։ Կրոնափոխ հույներն դրանով իրենց վրեժն էին լուծում կաթոլիկներից, որոնք տապալել էին Բյուզանդիան։ Այս վարկածի վրա ևս կանգ չեմ առնի, այս թեմայի վերաբերյալ կարելի է գտնել շատ լուրջ գիտական գրականություն։ Միայն մի փաստ նշենք, երբ օսմանցիները պաշարել էին Կոնստանդնապոլսը, Հռոմի պապը (որը պահանջում էր, որ բյուզանդացիները հրաժարվեն ուղղափառությունից ու կաթոլիկություն ընդունեն), 200 զինվոր է ուղարկում քաղաքը պաշտպանելու համար,այդ ժամանակ հույները հավաքվել էին Սոֆիայի տաճարի դիմաց ու վանկարկում էին, որ «որ թուրքական չալման ավելի լավ է, քան պապի տիարան»:
Դեռ Բյուզանդիայի ժամանակ կային կայսերական հայեր՝ քաղքեդանականները, և հայ ազգայինները՝ հակաքաղքեդոնականները, որոնց հովանավորում էին պարսիկները, հետո արաբները, հետո մոնղոլները, որպեսզի կտրեն իրենց թշնամի Բյուզանդիայից։ Օրինակ, Եգիպտոսում քաղքեդոնական քրիստոնյաներին հենց այդպես էլ անվանում էին, մելկիտներ, այսինքն մելիքի՝ կայսեր հպատակներ։ Բյուզանդահպատակ հայերին այլ կերպ էին անվանում, չնայած կարելի էր նույն կերպ՝ մելկիտներ անվանել։
Քաղքեդոնականներին այն ժամանակ անվանում էին «հայ հոռոմներ», այսինքն հայ հռոմեացիներ, կայսրության հպատակ հայեր։ Այսօր այդ անվանումն են կրում ադրբեջանցիների մի հատվածն՝ այրումները («այրում» անվանումն առաջացել է «հայ հոռոմից» ), դրանք իսլամ ընդունած հայ քաղքեդոնականներն էին։ Իմիջիայլոց, առաջին դավանափոխ հայերը պավլիկյաններն էին, որոնց մնացած քրիստոնյաները դաժանորեն հալածում էին, նույնը տեղի ունեցավ Բոսնիայի պավլիկյանների՝ բոգոմիլների հետ, որոնք չդիմանալով մյուս քիստոնյաների հալածանքներին, ինքնակամ իսլամ ընդունեցին։ Դրանք են այսօրվա բոշնիակների՝ Բոսնիայի մուսոլմանների հիմնական հատվածն են։
Այսպիսով, հայկական մենթալիտետի մեջ եղել է պայմանական երկու քաղաքական մտածողության կրողներ՝ կայսերական՝ ժամանակին բյուզանդիական, հետո օսմանյան՝ օսմանահպատակներ, և ազգայնականներ, որոնց պայմանական անվանենք պարսկահայեր։
Պայմանական օսմանցի հայի կոդն էր «հպատակվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ», իսկ պայմանական պարսկահայինն՝ ինքնավար քաղաքական պրոյեկտ ստեղծելն էր։ Պատահական չի, որ հայկական պետականության պրոյեկտը 18-րդ դարում ծնվել էր Արցախի ու Սյունիքի մելիքների կողմից, իսկ մինչ այդ այդ գաղափարն էին առաջ տանում Ջուղայի վաճառականները։
Բնական է, որ դա գենետիկական կոդ չի, այլ քաղաքական մտածողություն է։ Օսմացի հայի հետնորդը կարող է կրել պայմանական պարսկահայի քաղաքական կոդեր, և հակառակը, ինչպես այսօրվա Արցախի նախագահն է, ու ոչ միայն նա։
Անկախությունից ի վեր Հայաստանի քաղաքական բանավեճերը կարելի է դիտարկել նաև այս կոնտեքստում՝ երկու քաղաքական մտածողություն ունեցող հոսանքների պայքար։ 2018-ին իշխանության եկան պայմանական օսմանահպատակները՝ «ենթարկվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ» կոդերով։ Պայմանական պարսկահայերն, այսօր, ժամանակավորապես պարտություն են կրել։
Նորից եմ կրկնում, սա ընդամենը վարկած է, բաժանումն էլ պայմանական։ Դա բացարձակապես ծագումնաբանական բաժանում չի, այլ ընդամենը քաղաքական մտածողության բաժանում, կամ քաղաքական մտածողության ծագումնաբանություն։
Հայերի տեսակները. վարկած