Քաղաքական

21.01.2021 14:54


Փաշինյանի ընտանիքն ընդունել է, որ կերել են այդ խավիարը և հերքել են, որ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՊԵԿ-ի ղեկավարը տուգանել է այդ ռեստորանատիրոջը. Նարեկ Սամսոնյանը՝ սև խավիարի գործի մասին (տեսանյութ)

Փաշինյանի ընտանիքն ընդունել է, որ կերել են այդ խավիարը և հերքել են, որ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՊԵԿ-ի ղեկավարը տուգանել է այդ ռեստորանատիրոջը. Նարեկ Սամսոնյանը՝ սև խավիարի գործի մասին (տեսանյութ)

Առաջին նիստն է լինելու այս գործով, քանի որ կորոնավիրուսի և այլ տարբեր պատճառներով հետաձգվում էին նիստերը և, բնականաբար, դատարանից ակնկալում ենք արդարադատություն, ինչպես ցանկացած այլ դատարանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով սև խավիարի դատական նիստին:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը նաև նշել էր, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ իրենց շատ հետաքրքիր է այս դատավարությունը, քանի որ այս քրեական գործում կա ամեն ինչ՝ բացի իրավաբանությունից:

«Ֆուտուրիզմ կա այս քրեական գործում, նատյուրմորտ՝ ևս, այս քրեական գործում կան արվեստի այլ ուղղություններ, պոստմոդեռնիզմ և այլն, ամեն ինչ՝ բացի իրավաբանությունից: Այս քրեական գործն արվեստի գործ է, մենք էլ որպես արվեստի գործ կվերաբերվենք»,-ասաց Մելիքյանը:

Դիտարկմանը, որ սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել, և փաստերն իրականությանը չեն համապատասխանում, ո՞րն է լինելու իրենց անելիքը, իրավապաշտպանն ասաց, որ իրենք ունեն կարևոր հարցադրումներ և դրա հիման վրա դիրքորոշումներ:

«Սուտ մատնություն այստեղ գոյություն չունի և գոյություն ունենալ չէր կարող»,-ասաց Մելիքյանը:

Նարեկ Սամսոնյանն էլ ասաց, որ ինչ վերաբերում է փաստերին, կտրոն ունենալ պետք չէ, քանի որ խավիարը գնելու մասին խոսք չի եղել, խոսքն այն մասին էր, որ ինքն ի ցույց է դրել վարչապետի ընտանիքի աչքածակությունը և չտեսությունը:

«Դա եղել է 100 տոկոսանոց իրականություն, ավելին՝ գործով դա չի հերքվել, և հենց դա է պատճառը, որ սա դարձել է քրեական գործ: Ի դեպ, սուտ մատնությունը ոչ թե վերաբերում է խավիար ուտել-չուտելուն, այլ նրան՝ արդյո՞ք վարչապետը հանձնարարել է որևէ մեկին, գնալ և տուգանել խավիարը վաճառողներին, թե ոչ: Այսինքն` իրենք քրեական գործով ընդունել են, որ իրենք կերել են այդ խավիարը և հերքել են մի փաստ, որ վարչապետը գնացել ու հանձնարարել է ՊԵԿ-ի ղեկավարին, որ գնա և տուգանի այդ ռեստորանատիրոջը»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Սամսոնյանի խոսքով՝ ստացվում է, որ վարչապետի ընտանիքն ի սկզբանե ընդունել է խավիար ուտելու փաստը, խնդիրն այն է, որ իրենք փորձել են և փորձում են ընդդիմադիր խոսքը լռեցնել:

«Սա հերթական նմանատիպ ապացույցն է, քանի որ սուտ մատնության համար անհրաժեշտ ցուցմունքը, որը պետք է լիներ, գոյություն չունի: Ավելին՝ ես ՀՔԾ-ում Շուշին հանձնողների հանցակից քննիչին՝ Լեռնիկ Ստեփանյանին տված ցուցմունքում գրել եմ, որ սույն քննիչը խեղաթյուրել է իմ խոսքը, հետևաբար ցուցմունքը գրված չէ իմ ձեռքով, և ես չեմ կարող ստորագրել և հրաժարվում եմ ապագայում որևէ ցուցմունք տալուց»,-ասաց Սամսոնյանը:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը