Քաղաքական

20.01.2021 15:16


Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից. փաստաբան

Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից. փաստաբան

2018թ. հուլիսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վերջինս անպատասխան չթողեց՝ դատական կարգով պատասխանատվության կանչելով այդ մտքերն արտաբերողին:

10.08.2018թ. նա հայցադիմում ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին:

Ս/թ հունվարի 14-ին, ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական datalex.am տեղեկատվական համակարգը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, այդ գործով վճիռ կայացրեց:

«Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի:

Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին։

Հայցը մնացած մասով, մերժել։

Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել` 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար»,-նշված է վճռի մեջ:

168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանն ասաց, որ բացի վերոնշյալից, իրենք նաև 2 միլիոն դրամի փոխհատուցման պահանջ ևս ներկայացրել էին՝ որպես բարոյական վնասի հատուցում, որը մերժվել է:

«Դատարանը բավարարել է հերքման պահանջն ամբողջությամբ, իսկ գումարային պահանջը՝ մերժել, բավարարել միայն փաստաբանի ծախսը՝ 300 000 դրամ»,-ասաց Անահիտ Սարգսյանը:

Հարցին՝ բողոքարկելո՞ւ են արդյոք վճիռը, փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցին իր վստահորդի հետ քննարկելուց հետո նոր կկարողանան անդրադառնալ:

«Ես՝ որպես փաստաբան, կարծում եմ, որ պետք է բողոքարկել: Գոնե սիմվոլիկ ինչ-որ գումար պետք է բավարարվեր, և դա ոչ թե նրա համար, որ Յուրի Խաչատուրովին այդ գումարն անհրաժեշտ է, կամ ոչ թե Ստեփան Գրիգորյանը կպատժվի այդ գումարով, այլ դա կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա դեպքերի համար, որովհետև մինչև մարդուն գումարային տեսքով չես ցավեցնում, արդյունք չի լինում: Որովհետև նման մարդիկ կարող են հերքել, հետո էլի անվանարկել»,-ասաց փաստաբանը:

Այս խորագրի վերջին նյութերը