Կարծիք

16.05.2011 12:45


Որքան հեռու կտանի Վրաստանին չերքեզական խաղաքարտի գործարկումը

Որքան հեռու կտանի Վրաստանին չերքեզական խաղաքարտի գործարկումը

Վերջին օրերին Վրաստանի խորհրդարանի օրակարգում է հայտնվել չերքեզների նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 21-ին ընդառաջ, որը Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում, Սիրիայում, Հորդանանում, Իսրայելում եւ այլ վայրերում բնակվող չերքեզների շրջանում ճանաչված է որպես չերքեզ զոհերի հիշատակի օր, նման հարցի քննարկումն ու որոշման կայացումը նոր սրացումներ են խոստանում առանց այդ էլ ռուս-վրացական բարդ հարաբերություններում: Վրաստանի խորհրդարանի Կովկասի եւ հայրենակիցների հարցերով կոմիտեում լսումները կասկած չեն թողնում, որ վրացական իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել չերքեզների ցեղասպանության հարցը վերջնականապես ներառել Վրաստանի կովկասյան քաղաքականության հիմքում:

19-րդ դարում Կովկասը հպատակեցնելու համար ցարական Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունները ծանր հետեւանքներ ունեցան չերքեզների համար: Կովկասյան պատերազմի արդյունքում, որը տեւեց մոտ կես դար եւ ավարտվեց 1864 թվականին, ոչնչացվեցին կամ բռնի տեղահանվեցին չերքեզական բազմաթիվ բնակավայրեր, իսկ չերքեզ ժողովրդի մի մասն էլ ստիպված եղավ արտագաղթել Օսմանյան կայսրություն:

Դեռեւս 1994թ. մարտ ամսին ՌԴ Կարաչաեւո-Չերքեզիայի հանրապետության նախարարների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանել մայիսի 21-ը: 1864թ. հենց այդ օրը Սոչիի մոտ գտնվող ներկայիս Կրասնայա պոլյանա վայրում տեղի ունեցավ Կովկասյան պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացված ռուսական զորքերի զորահանդեսը:

2010թ. սկզբին Չերքեզական միջազգային կոնգրեսը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ խնդրելով չերքեզ ժողովրդի խորհրդանիշները հիշատակել 2014թ. Սոչիի օլիմպիադայի ժամանակ այնպես, ինչպես Վանկուվերի օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործվել էին Կանադայի բնիկների խորհրդանիշները։ Դիմումի հեղինակները ենթադրում էին, որ այդ քայլը դրականորեն կազդի չերքեզ ժողովրդի ազգային նսեմացված զգացմունքների վրա եւ թույլ կտա օլիմպիադան անցկացնել հանգիստ պայմաններում։ Սակայն ՌԴ նախագահին ուղղված այդ դիմումը որքան աննկատ մնաց Ռուսաստանում, նույնքան սեփական քաղաքական ծրագրերի առաջմղման համար կարեւորվեց Վրաստանում։

ՌԴ նախագահին ուղղված դիմումից երկու շաբաթ անց` 2010թ. մարտ ամսին,  Թբիլիսիում անցկացվեց չերքեզական խնդրին նվիրված միջազգային համաժողով, որը պատրաստեց մի դիմում` ուղղված արդեն Վրաստանի խորհրդարանին: Համաժողովը խորհրդարանից խնդրում էր ճանաչել 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից իրականացված չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը։

Վրացական իշխանությունների ձեռնարկած հետագա քայլերը, երբ սեպտեմբեր ամսին Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում ներառվեց նաեւ Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասին ու մասնավորապես՝ չերքեզներին նվիրված երկրորդ համաժողովը, վկայեցին, որ 2014թ. Սոչիի օլիմպիադային ընդառաջ Վրաստանի իշխանությունների կողմից չերքեզական խաղաքարտի օգտագործումը Վրաստանի համար Ռուսաստանի վրա ազդելու կարեւոր քաղաքական գործիքի է վերածվում:

Աշխարհաքաղաքական շահերի ծիրում ուկրաինական Գոլոդոմորից հետո չերքեզական ցեղասպանության ակտուալացումն այս օրերին Կրեմլի համար Արեւմուտքից եկող հերթական բարոյական հզոր հարվածի տպավորություն է թողնում: Այլ երկրների համար այն կարող է ծառայել նոր մարտահրավերների դեմ պայքարելու` Ռուսաստանի ունակությունը որոշելու ծանրաչափ եւ ցուցանել արտաքին քաղաքականության մեջ Կրեմլի ներկայիս հնարավորությունների սահմանը: Ուստի Մոսկվան ստիպված է քաղաքական նոր լծակներ գտնել այս ցեղասպանության ճանաչման հետագա տարածումը կանխելու համար: Հատկապես, որ դեռեւս թարմ է աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրների կողմից ճանաչված Գոլոդոմորի քաղաքական վնասների հիշողությունը:

2010թ. ապրիլին Գոլոդոմորի ճանաչումը ԵԽԽՎ-ում հնարավոր եղավ կասեցնել միայն Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի կողմից ուկրաինական պաշտոնական նոր դիրքորոշումը հրապարակելուց հետո, ով հայտարարեց, որ 1930-ական թվականներին տարածում գտած սովը չի կարելի համարել ուկրաինացիների ցեղասպանություն եւ այն ԽՍՀՄ կազմում եղած ժողովուրդների ընդհանուր ողբերգությունն է: Այս ձեւակերպումն էլ ընկավ հաջորդ օրը ԵԽԽՎ ընդունած բանաձեւի հիմքում:

Մեծ է հավանականությունը, որ այս ցեղասպանության ճանաչման փաստը կարող է առավել լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել Ռուսաստանին եւ, հետեւաբար, դառնալ 2008թ. պատերազմից հետո ռուս-վրացական քաղաքական հակամարտության հերթական սրացման պատճառ: Կրեմլի պատասխան քայլերի հիմքում կրկին կարող են դրվել կովկասյան ժողովուրդների խնդիրները, քանի որ առաջին հերթին հենց նույն այդ ժողովուրդների փոխհարաբերությունները շահարկելու փաստով է պայմանավորված չերքեզների խնդրի ակտուալացումը: Պաշտոնական Վրաստանի համար դա ոչ միայն 2008թ. Ցխինվալիի դեմ ձեռնարկած ռազմական գործողությունների արդյունքում իր խախտված դիրքերը հյուսիսկովկասյան ժողովուրդների շրջանում վերականգնելուն է ուղղված, այլ նաեւ` Թուրքիայում եւ այլ երկրներում աբխազական եւ չերքեզական հարյուր հազարանոց համայնքների պառակտմանը: Երկու ազգակից համայնքներ, որոնք համատեղ գործակցությամբ բավական կենսունակ են գտնվել Աբխազիայի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ լուռ, բայց կայուն հարաբերությունների հաստատման գործում եւ դրանցից մեկի ապակառուցողական դերի չեզոքացումը մեծ հաջողություն կդիտվի Վրաստանի համար իր կովկասյան պատրոնաժ քաղաքականությունն իրագործելու ճանապարհին:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը