Կարծիք

19.01.2021 14:24


Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ

Սթափվելո՞ւ ենք, թե՞ շարունակելու ենք նույն կերպ

Մաս առաջին. Թուրքիայի վտանգը

Թուրքիան եւ Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ Հայաստանի արեւմտյան սահմանների անմիջական մատույցներում, Գյումրիին շատ մոտ: Անցած տարի, երբ թուրքերն ու ադրբեջանցիները զորավարժություններ անցկացրին Նախիջեւանում, ինչպես նաեւ Հայաստանի արեւելյան սահմանների մոտ եւ ադրբեջանցի զինվորների շարքերով գրեցին՝ հաջորդ կանգառը Շուշի, հասարակությունը եւ իշխանությունն անտարբեր եղան, իսկ մի խումբ փորձագետների, քաղաքական գործիչների ահազանգերը տեղ չհասան:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց, ցուցադրաբար պատրաստվում էին պատերազմին,Փաշինյանի իշխանությունը զբաղված էր ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր հարուցելով, Արցախն ազատագրած քաղաքական եւ զինվորական գործիչների դատավարությամբ: Կարող եք կրկին ուշադրություն չդարձնել Կարսի զորավարժություններին: Կարող եք կառչած մնալ իշխանությունից: Կարող եք շարունակել խաբել հանրությանը, բայց դրանից իրականությունը չի փոխվում,Հայաստանի գլխին կանգնած վտանգը չի մեղմվում։ Կարսը Գյումրիից հեռու է ընդամենը 65 կմ, իսկ Կարսի գավառը՝ իլը Շիրակի մարզից բաժանում է ընդամենն Ախուրյան գետը։ Եւ չնայած այս փաստին, վարչախումբը Գյումրիիում զբաղված է Վազգեն Մանուկյանի դեմ սադրանք կազմակերպելով։

Մաս երկրորդ. «Թուրքիայի գործակալի» վտանգը

Մի քանի օր էամբողջ Հայաստանը քննարկում է Արարատ Միրզոյանի մասին արված բացահայտումը։ Չկա մի տուն, որտեղ դա չքննարկվի։ Բայց պետական ինստիտուտների կողմից չկա համարժեք արձագանք: ԱԱԾ-ի հերքումը թերի էր. մեծ հաշվով, մեղադրանքը պետք է հերքեին թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ նրանց գործակալ լինելու մեջ էր Արարատ Միրզոյանը մեղադրվում։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը պատերազմի օրերին եղել է հրամանատարական բունկերում։ Ընդգծենք նաեւ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այդ պաշտոնում առաջարկել է հենց Արարատ Միրզոյանը՝ 2018-ի հեղափոխության օրերին՝ ՖԲ-ով, հապճեպ, ափալ-թափալ, երբ դեռ իշխանության չէին եկել։

Մաս երրորդ. Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին

Շարունակվում է մարտի 1-ի գործով դատական աբսուրդը։ Պատերազմ հրահրողները, պատերազմն ամեն գնով չկանգնեցնողները, կապիտուլյացիայի խայտառակ հայտարարություն ստորագրողները, Շուշին եւ Հադրութը հանձնողները, Հայաստանի սահմանները զիջողները, 5 հազարից ավելի զոհերի եւ տասնյակ հազարից ավելի վիրավորների եւ հաշմանդամ դարձածների համար պատասխանատուներն ու մեղավորները դատում են Շուշին ազատագրողներին։ Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը դատում է Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին։ Իսկ այս ամենին հետեւում են Կարսում զորավարժությունների կազմակերպիչները։ Հետեւանքները կարող են շատ ծանր լինեն։

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբ

Այս խորագրի վերջին նյութերը