Ամբաստանյալի աթոռին Հայոց Պետականությունն էր․ սրբենք-մաքրենք խայտառակության խարանը
Տևական շրջան է՝ միաձայն մի բան եք հարցնում՝ ի՞նչ է ասում Նախագահն, ի՞նչ է մտածում՝ հույսներս Ինքն է ...
Անխոս ուրախալի է՝ գերակշիռ մեծամասնությունը մեր հանրության դարձի է եկել, գիտակցել է՝ առանց Իր պետական-քաղաքական փորձառության, անձնային որակների, պետականաձիգ մտքի, հեղինակության ու վճռականության անհնար է լինելու ազգն ու երկիրը դուրս բերել անդնդից, որում հայտնվել ենք դավադիր ձեռամբ։
Երբեմն նեղսրտում եմ՝ ինչո՞ւ բոլորդ, ովքեր ընդդիմադիր եք այսօր կոչվում, դեռ նախանցյալ տարի, թեկուզ անցյալ տարի կողքիս չէիք, երբ Ինքն իր վրա առավ պետականադավ այս իշխանության առաջին ու մեծագույն հարվածը, երբ շուրջ երկու տարի կռիվ տվեց՝ հավատարիմ սեփական խոստմանը՝ պետք լինի, կգա, կնստի, կպայքարի մինչև վերջ, երբ ի դեմս Նախագահի՝ հանուն պետության կռվում ձայնս սպառվում էր, իսկ Նախագահին հիշեցիք միայն այնժամ, երբ դանակը ոչ թե հասավ, այլ կտրում է պետության ոսկորն արդեն, բայց իսկույնևեթ հիշելով Նրա՝《Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է》կարգախոսը՝ հասկանում եմ՝ Քոչարյանը բոլորինը չէ, բայց բոլորն են Քոչարյանինը, ուստի պիտի մեջք մեջքի տամ դարձի եկած ամենքի հետ ու Իր առաջնորդությամբ կռվեմ ներքին, ապա՝ նաև արտաքին թշնամու դեմ։
Ադրբեջանի դրոշի օրը Շուշին հանձնած ու Մոնթեի ծննդյան օրը Քարվաճառն առանց գեթ մեկ կրակոցի թշնամուն ընծայածները Շուշիի ազատագրման օրը Շուշին, նաև ողջ Արցախն ազատագրած Նախագահին նստեցրին ամբաստանյալի աթոռին՝ իր հետ նաև մարտական փառավոր ուղի անցած գեներալներ Ս. Օհանյանին ու Յ. Խաչատուրովին ... Չդատեցին Նրանց, դատեցին Երրորդ Հանրապետությունն, Արցախը, հաղթանակը, հաղթական ոգին, զարգացումը, հեռանկարն, անցյալս, ապագաս, դատեցին ամենն, ինչ կապված էր հայի շահին ...
Ամբաստանյալի աթոռին Հայոց Պետականությունն էր։
Ի՞նչ չարեց Նախագահը մեզ համար, ի՞նչ չտվեց, որտե՞ղ մեղանչեց ... Անցնող երկուս և կես տարին լավագույնս գնահատեցին Նախագահին՝ Նա այն բացառիկ նվաճողն էր, ով շենացրեց հայրենին ու ահի մեջ պահեց թշնամուն՝ սոցիալ-տնտեսական աճ, ազգային մտքի վերելք, հաղթական պատերազմ, Հայ Դատի պահանջատիրության առաջխաղացում, արժանապատիվ ներքին և արտաքին քաղաքականություն, իսկ դեմոնիզացիան, վարկաբեկումը, քարկոծումը պարզվեց՝ գործն է ձեռքի ազգի տականքի ... Իսկ ինչպե՞ս մենք փոխադարձեցինք, անտարբերությա՞մբ, երբ սևացրին Նրան ու մենակ թողնելո՞վ, երբ սեփական կամքով եկավ կենաց ֊ մահու կռվի ... Ինչևէ, գեթ հանուն հայրենյաց՝ ուղղենք սխալները, վերագնահատենք Նախագահի վաստակը մեր առաջ և մեր պետության, վստահ լինելով՝ թե՛ մեր, թե՛ պետության համար կռվելու է անմնացորդ, երրորդ անգամ խնդրենք-հանձնառենք Իրեն գալիքը՝ հաշվի առնելով նախորդիվ փորձը, որն առավել քան հաջողված էր, շնորհենք լեգալ ու լեգիտիմ մանդատ իշխանության, որ ապրե՜նք, արարե՜նք, հաղթանակե՜նք ...
Իսկ մինչ այդ խայտառակության խարանը, որ դաջվել է ճակատներիս, սրբենք-մաքրենք՝ վաղը կանգնելով կողքին Կնքահոր Պետականության, միաժամանակ ելնելով սեփական փորձից՝ ևս մեկ հավաստում՝ այդ մենք չենք ուժ տալիս Նրան դատարանի առջև ու առհասարակ, Ինքն է մեր ուժը, քանզի թե առջևից Քոչարյանն է ընթանում, կրակներից էլ անցնելու՛ ես, հաղթելու՛ ես ...
Պատվախնդիր ընկե՛ր, թե երբևէ պիտի հարցնես՝ ի՞նչ է ասում կամ մտածում Նախագահը, եղի՛ր վաղը՝ ժամը 12։00-ին, Կոմիտասի անվան պանթեոնի հարակից՝ Շենգավիթի դատարանի առաջ, Հերոսի կողքին ...
Ամբաստանյալի աթոռին Հայոց Պետականությունն էր․ սրբենք-մաքրենք խայտառակության խարանը