Քաղաքական

18.01.2021 18:23


«Եվրոպական դատարանն ակնհայտորեն վերաբերմունք է փոխել, ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ հաց եք ուտում, կենացներ եք ասում». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Եվրոպական դատարանն ակնհայտորեն վերաբերմունք է փոխել, ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ հաց եք ուտում, կենացներ եք ասում». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում տապալվեց գերիների հարցով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսի ժամանակ ազգընտիրներին հիշեցրեց, թե ինչի համար է նախատեսված խորհրդարանի ամբիոնը:

«Խորհրդարանն այն տեղը չէ, ուր մարդիկ գնում են աշխատանքի, աշխատավարձ են ստանում, պարգևավճար են ստանում, ամեն ինչ լավ է, գնում են տուն: Խորհրդարանը թիվ 1 քաղաքական ամբիոնն է, թիվ 1 ներկայացուցչական մարմինն է, դա այն մարմինն է, որտեղ պետք է քննարկվեն հասարակությանն ամենահուզող հարցերը: Մեր հասարակությանը ամենաշատը հուզող 3 հարցերից մեկը ո՞րն է, գերիների հարցը չէ՞, եթե գերիների հարցի քննարկումը տապալվում է, իրենց իսկ կոլեգայի կողմից պիտակված ուսապարկերն ասում են՝ դուք շահարկումներ եք անում, բա էդ դեպքում ինչի՞ համար է Ազգային ժողովը, եթե չպետք է քննարկվի մեր հանրությանն ամենաշատը հուզող պայմանական 3 հարցերից մեկը: Գերիների հարցը բոլորիս է հուզում, պատասխան տվեք՝ ի՞նչ եք արել, ի՞նչ չեք արել, ի՞նչ եք պատրաստվում անել: Այն, որ այդ հարցի քննարկումը տապալվեց, նշանակում է՝ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական պրոցես, քաղաքական պրոցեսն ԱԺ-ում չէ: Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, իմ պատկերացմամբ՝ փոքրիկ խմբակի գործունեություն է, որը նպատակ է հետապնդում ամեն գնով պահպանել իշխանությունը, թե ինչի՞ համար, տարբեր պատճառներ կարող են լինել»,-ասաց Մելիքյանը:

Նա հիշեցրեց օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը չհաջողվեց լուծել:

«Մեկ նախադասությամբ իրենց ղեկավարը փակեց այդ հարցը մոսկովյան հանդիպումից հետո, ասաց՝ կներեք, չստացվեց, այ քեզ բան»,-ասաց Մելիքյանը:

Մինչև հանդիպմանը մեկնելը՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր համար ամենակարևորը գերիների հարցն է, հետո՝ ճանապարհների ապաշրջափակումը: Ռուբեն Մելիքյանը երկու վարկած ունի, թե ինչո՞ւ է այնպես ստացվում, որ Փաշինյանը չի կարողանում լուծել իր համար գերակա խնդիրը, փոխարենը՝ ստորագրում է այլ հայտարարություն:

«Այս ամբողջ պատմությունը երկու մեծ վարկած ունի: Մեկը, որ մենք գործ ունենք լրջագույն դավաճանության հետ, գնալով ավելի շատ մարդիկ են հակվում այս տարբերակին, որ սա դիտավորյալ թշնամական գործունեություն է ՀՀ-ի նկատմամբ: Գերիների մասով կարող է իմիտացիայի դրսևորում լինել, գուցե այդ մարդկանց դա չի հետաքրքրում: 2-րդ վարկածն ապաշնորհությունն է, այսինքն՝ այս մարդիկ դավաճան չեն, ապաշնորհ են, ուղղակի ձեռքներից ոչինչ չի գալիս: Երկու վարկածի դեպքում էլ ունենք իրավիճակ, որ այս մարդիկ ուղղակի ունակ չեն գերիների հարցը լուծել: Իմիտացիաներ են անում, ասում են՝ մեզ համար սա առաջնահերթություն է, հերթական անգամ տապալվեց ձեր պլանը, եթե դա պլան էր, ձեր ծրագիրը: Փաշինյանն ասաց՝ եթե այս հարցը չլուծվի, մնացածն ինձ չի հետաքրքրում, բա ո՞նց եղավ, որ մնացածը ստորագրվեց, իսկ գերիների հարցը չլուծվեց»,-ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նաև նկատեց, որ այսօր Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնարկել է, թե ՀՀ իշխանությունը պատշաճ կերպով չի զբաղվում գերիների խնդրով:

«Այսօր նաև Լավրովի խոսքում բավական թափանցիկ ակնկարկ կար, որ մեր պաշտոնական իշխանությունները ևս բավական լուրջ մեղք ունեն, որովհետև չեն ներկայացրել ցուցակները, պատշաճ ձևով չեն վերաբերվել այս հարցին, դրա համար այս հարցը չի լուծվել մինչև հիմա»,-ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանի պնդմամբ՝ գերիների վերադարձը գործընթացի վերջին փուլն է, նախ՝ պետք է ստիպել Ադրբեջանին՝ թափանցիկ կերպով Հայաստանին, միջնորդ երկիր Ռուսաստանին և Կարմիր խաչին ներկայացնել գերիների իրական թիվը, քանի որ անհետ կորածները ևս կարող են լինել գերության մեջ: Իրավապաշտպանը նաև նկատեց, որ նոյեմբերի 9-ից հետո ՄԻԵԴ-ում վարքագիծ է փոխվել:

«Մինչև նոյեմբերի 9-ը չկար քաղաքական պրոցես, Եվրոպական դատարանն իրենից ներկայացնում է լրացական, լրացուցիչ մարմին, եթե կա մեկ այլ պրոցես, ինքը չի խառնվում, կամ ավելի թույլ է խառնվում: Նոյեմբերի 9-ից հետո Եվրոպական դատարանն ակնհայտորեն վերաբերմունք է փոխել, ասում են՝ դե, դուք գնում եք, իրար հետ, հեն ա, հաց եք ուտում, պայմանական եմ ասում, կենացներ եք ասում, էսօր խայտառակագույն տեղեկություն տարածվեց, որ՝ Աստված եմ կանչում, որ դա ճիշտ չլինի, որ ոչ միայն հաց են կիսել, այլև իրար կենաց են խմել, Ալիևի կենաց է խմել Նիկոլ Փաշինյանը, բա Եվրոպական դատարանը կամ մեկ այլ մարմին դրանից հետո այս հարցով լուրջ կզբաղվի՞, երբ պարզվում է, որ լավ էլ հարաբերությունները կարգավորել եք, ի՞նչ եք ուզում մեզանից»,-ասաց Մելիքյանը և ավելացրեց, որ մեր իշխանությունները ճիշտ չեն ներկայացնում գերիների հարցը:

Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանում մեր գերիներին դատում են՝ որպես հանցագործների, և նրանց նկատմամբ չեն տարածում միջազգային հումանիտար իրավունքի երաշխիքներ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը