Քաղաքական

18.01.2021 18:25


Ռուսաստանը շարունակում է մերկացնել փաշինյանական իշխանությանը

Ռուսաստանը շարունակում է մերկացնել փաշինյանական իշխանությանը

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը օրերս մերկացրեց չգիտես ինչու՝ Հայաստանի վարչապետ համարվող ապիկարի ստերը, ապա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ի ասուլիսում բավականին թափանցիկ մեղադրեց «հայկական կողմին» ռազմագերիների ճակատագրի հանդեպ անփույթ վերաբերմունքի համար:

Ո՞րն է խնդիրը: Ռուսաստանի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով եռակողմ հայտարարության համաձայն ռազմագերիների փոխանակման խնդրին, մասնավորապես ընդգծեց, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է ամբողջական ցուցակ, մինչդեռ հայկական կողմը մեծ խնդիրներ է ունեցել՝ թշնամական գերության մեջ հայտնված զինվորականների ցուցակ ներկայացնելու հարցում:

Ի՞նչ է նշանակում այս՝ ոչ այնքան բացահայտումը, որքան արձանագրումը:

Տեսեք, փաշինյանական «իշխանությունը», այդ իշխանության թափթփուկ-ներկայացուցիչներն այս ընթացքում բազմիցս շահարկման ու ճղճիմ մանիպուլյացիաների առարկա են դարձրել գերեվարված հայ զինվորականների հարցը: Ավելին, իրենց ողորմելի իշխանությունը պահպանելու նպատակով ու մի՛միայն այդ նպատակով, փաշինյանական իշխանությունը պատանդ է վերցրել գերիների ծնողներին ու հարազատներին և այդ դժբախտ մարդկանց օգտագործում է, օրինակ, փաշինյանի հեռացումը պահանջող գործիչների և ուժերի դեմ: Սա՝ իր հերթին:

Միաժամանակ, սրանք, այսինքն՝ այդ հակահայ «իշխանությունը»` ի դեմս «թավշապետի» ու այլ ներկայացուցիչների, շարունակ նշում է, թե իրենց համար ամենից կարևորը գերիների և նրանց վերադարձնելու հարցն է: Բայց, ըստ իրենց՝ «բանակցությունների հանճար», իսկ իրականում անմակարդակ ու նաև ոչնչից՝ ոչինչ փաշինյանը չի կարողանում այդ հարցը մտցնել մոսկովյան հանդիպման օրակարգ, այն դեպքում, երբ հենց իրենք էին նախապես հայտարարել, որ դա այդ այցի հետ կապված իրենց հիմնական խնդիրներից մեկն է:

Մի խոսքով, սրանք, մանավանդ, «ֆեյսբուքներում» և հրապարակային հարթակներում մի կեցվածք են ընդունել, որ կարելի է կարծել, որ փաշինյանական իշխանության համար գերիներին հայրենիք վերադարձնելուց կարևոր խնդիր իրենց համար չկա:

Եվ, ահա այդ կեցվածքով հանդես եկող իշխանությունը, ուղղակիորեն գերիների վերադարձին վերաբերող հարցում դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն, անփութություն և, մեծ հաշվով՝ գերեվարվածների ճակատագրերի նկատմամբ՝ անտարբերություն: Իսկ հնարավո՞ր է այլ կերպ մեկնաբանել այն արձանագրումը, որ հայկական կողմը չի կարողացել և ամենամեծ պրոբլեմներն է ունեցել՝ գերվածների ցուցակ ներկայացնելու հարցում:

Ոնց ուզում եք՝ դիտարկեք: Մեկը կասի, թե այնպիսի «բառդակ» է, որ չեն կարողացել ցուցակ կազմել: Բայց եթե անգամ խայտառակ շիլաշփոթ է համապատասխան գերատեսչությունում և կառավարությունում, ո՞ւմ են դրանք պետք: Իսկապես, ո՞ւմ են դրանք պետք, եթե մինչև այժմ չգիտեն՝ քանի՞ հոգի է գերված, քանի՞սը անհայտ կորած:

Դա հնարավոր է միայն մեր տղաների կյանքի ու ճակատագրի նկատմամբ անտարբերության դեպքում, եթե ավելի կոպիտ չասվի:

Ի դեպ, Լավրովն անդրադարձել է նաև նոյեմբերի 9-ից հետո գերեվարված մի քանի տասնյակ (նշվում է 62 թիվը) հայ զինվորականների հարցին: Այդ տղաների գերեվարումն էլ է ամբողջությամբ փաշինյանական ապիկար իշխանության մեղքը:

Այս ամենի մեջ հետաքրքիր է և այն, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, շարունակում է մերկացնել փաշինյանին ու այս ամբողջ գործընթացում դրա կոպտագույն, եթե չասվի՝ հանցավոր սխալները, դրսևորումները, ստերը: Կարելի է դա մեկնաբանել նաև այն տեսանկյունից, որ Ռուսաստանում շատ կոնկրետ արձանագրել են փաշինյանական իշխանության կողմից այս ընթացքում Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելն ու տարածելը: Ի լրումն, կոնկրետ հայտարարություններով, բացեիբաց ցույց են տալիս, թե «քամին որ կողմից է փչում» ու հատկապես ո՛վ է փչում, որ հարցերում:

Մեկ այլ ակնարկ Լավրովի խոսքում կար նաև այն առումով, որ վիճակը պատերազմականի բերելու հարցում էական դեր են ունեցել փաշինյանի արկածախնդրական ու անպատասխանատու հայտարարությունները: Մի բան, որ առանց Լավրովի ասելու էլ, իհարկե, հայտնի էր, առավել ևս՝ մեր կողմից բազմիցս արծարծված: Բայց այս դեպքում կարևորն այն է, թե ով է դրա մասին խոսում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը