Քաղաքական

16.01.2021 10:13


էդուարդ Աղաջանյանը «Իմ քայլի» դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն․ «Ժողովուրդ»

էդուարդ Աղաջանյանը «Իմ քայլի» դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն․ «Ժողովուրդ»

«Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պատգամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց: Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել: Որոշ մասը վախենում է խայ­տառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն: Հիմա կառա­վարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավոր­ներին բաժանի, դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզա­պես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամա­վորներին զենք տալուն։

Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կա 132 պատգամավոր«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններից և 8 անկախ պատ­գամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաև ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ․ «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»:

Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որևէ վտանգ չի տես­նում, տրանսպորտով է երթևեկում, ու որևէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամա­վոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը ևս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը:

Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունե­ություն ծավալող և մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունե­նալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկման դրվեց»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը