Մեկնաբանություն

15.01.2021 12:40


Հեղափոխության անփոխարինելի թերմացքը

Հեղափոխության անփոխարինելի թերմացքը

Նախկինում արդեն առիթներ եղել են նկատելու, որ Արգիշտի Քյարամյանը նիկոլ փաշինյանի համար ուղղակի անփոխարինելի կադր է:

Ուր ասես այս երկուսուկես տարվա ընթացքում «թավշյա» իշխանապետը Քյարամյանին չխցկեց. է՛լ ՊԵԿ, է՛լ ՊՎԾ (նախ, տեղակալ, իսկ նշանակումից մի քանի օր անց՝ Դավիթ Սանասարյանի ժպ), է՛լ 1 օրով Քնչչական կոմիտեի նախագահի տեղակալ (2020թ. մայիսի 4-5-ը), է՛լ ԱԱԾ փոխտնօրեն, է՛լ ԱԱԾ տնօրեն (2020թ. հունիսի 8-ից հոկտեմբերի 8), վերջերս էլ նորից նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ՝ վերադառնալով մայիսին 1 օրով զբաղացրած պաշտոնին: Ու այդ ամենը դեռ անգամ 30-ը չբոլորած:

Անհամեմատ ավելի գրագետ ու բանիմաց մասնագետներ կան, որ անգամ 30 տարվա մեջ նման հարուստ «սի-վի» կամ աշխատանքային կենսագրույթուն չունեն՝ զբաղեցրած պաշտոնների բազմազանության տեսանկյունից: Կոլեկցիա է:

Օրերս էլ Արգիշտի Քյարամյանին, ՆԱ-1-ի եթեր էին խցկել («նիկոլի անձնական», նախկին Հանրային հեռուստաընկերություն՝ Հ1): Հարցազրույց էր տալիս: Լսելուն զուգահեռ, անզուգական կատակերգակ Նորման Ուիզդոմի մարմնավորած կերպարը՝ միտր Պիտկինն էր մտքիս գալիս, հատկապես՝ «Միստր Պիտկինը՝ թշնամու թիկունքում» հանրահայտ կինոկատակերգության տարբերակով, որտեղ ներկայացված են նշված կերպարի արկածները՝ պատերազմի ժամանակ:

Ի դեպ, այդ ԽՍՀՄ-ում էր ֆիլմն այդպես վերավերնագրված ներկայացվում (այդպես ընդունված էր), բնօրինակում ֆիլմի վերնագիրը անգլերեն թևավոր խոսքի վրա կառուցված բառախաղ է՝ «Քառանկյուն ցցաձողը», որի ամբողջական արտահայտությունը հնչում է այսպես՝ «քառանկյուն ցցաձողը՝ կլոր անցքում» (բառացի թարգմանությամբ)՝ անհամապատասխանության կամ որևէ մեկի՝ իր տեղում չլինելու իմաստով:

Այդ տեսանկյունից, Արգիշտի Քյարամյանին լիովին սազում է ֆրազը, թե՛ Պիտկինի, թե՛ հատկապես ոչ իր տեղում գտնվելու իմաստով:

Նա, օրինակ, հեռուստալսարանին պատմեց, որ պատերազմի 3-րդ օրը որպես ԱԱԾ տնօրեն էր մեկնել Արցախ: Հետո, իր իսկ խոսքով, հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ պաշտոնանկության օրը վերադարձել էր, «հանձնել ԱԱԾ-ն», հետո հասկացել է, որ ինքն իրեն չի ների, եթե չվերադառնա Արցախ ու մեկնել է:

Հարց՝ ի՞նչ պաշտոնական կարգավիճակ ուներ: Պատասխանում է, որ որևէ պաշտոնական կարգավիճակ չի ունեցել: Ուղղակի, որպես նախկին պաշտոնյա, ԱԱԾ նախկին տնօրեն: Թե ինչո՞ւ է ընդամենը հունիսի 8-ին ԱԱԾ տնօրեն նշանակված Քյարամյանը պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում, ի դեպ, պաշտոնանկ արվել՝ ոչ մի խոսք: Ու, այս նախկին պաշտոնյան, որ օրացուցային 4 ամիս է միայն ԱԱԾ տնօրեն եղել, ըստ որում, ընդհանրապես այդ համակարգից չլինելով, Արցախում բավականին բազմաբնույթ գործունեություն է ծավալել: Իր պատմելով՝ որոշակի բեռների փոխադրմանն է աջակել, դասալքության հետ կապված դեպքերն է ուսումնասիրել (որպես ո՞վ, շատ հետաքրքիր է, ի՞նչ կարգավիճակով): Հետո, երբ վիճակը ծանրացել է, խրամատավորման աշխատանքների մեջ է ներգրավվել, զինված ստորաբաժանումների տեղակայման հարցերով...

Ունիվերսալն այն խոսքը չէ:

Շատ տպավորիչ էր Քյարամյանը, երբ սկսեց «կռուտիտ լինել» ապօրինի կամ զարտուղի տարբերակով 1400 ադրբեջանցիների ՀՀ անձնագրերով «հանդերձավորելու» մասին մեղադրանքների հետ կապված: Սույն բազմակողմանի կադրն ու անկասկած վունդերկինդը սկսեց լոլոներ պատմել... օտարերկրացիներին օրինական կարգով ՀՀ քաղաքացիություն և ՀՀ անձնագիր տրամադրելու կարգի մասին: Չգիտեմ, թե նա հատկապես ում էր որոշել երկարականջավոր կենդանու տեղ դնել, բայց կացնային ինքնավստահությամբ էր այդ թեմայով խոսում: Կարելի է կարծել, թե հիշյալ մեղադրանքներում խոսքն այն մասին էր, որ 1400 ադրբեջանական կամ թուրքական զինծառայող դիմում են ներկայացրել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ու նման բաներ:

Չէ, բայց նիկոլի իշխանության ոչ միայն սատարիչներն են տուժած ձեղնահարկով, այլև հենց պաշտոնավորները: Լավ էլ միմյանց գտել են: Տրամաբանության և մտքի առումով սրանց մոտ իսկապես «տորիչելյան դատարկություն» է:

Սակայն «կռուտիտը» վատը չէր: Ճիշտ է, նախկինում, ավելի երիտասարդ ժամանակ, ասենք, մոտ մեկ տարի առաջ Արգիշտի Քյարամյանն ավելի որակյալ «կռուտիտներ» էր անում: Կհիշեք, երևի: Այս երիտասարդ ու երդվյալ հակակոռուպցիոները, որ «հանցավոր ռեժիմի» օրոք, մինչև 2018 թվականը, քննիչ ու դատախազ է եղել, որպես ունեցվածք հայտարարագրել էր 2 առանձնատուն, 3 հողամաս, ավտոտնակ, իսկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, ևս 48 հազար դոլար, իսկ իր տիկինն էլ, ի դեպ, հայտարարագրել էր 26 մլն դրամ ու 46 հազար դոլար:

Տպավորիչ ունեցվածք է: Որտեղի՞ց այդ գումարները, թավշյա ու երիտասարդ ունիվերսալ կադրին: Արգիշտի Քյարամյանը, եթե չեք մոռացել, ասաց, որ քեռին էր ինչ-որ գնման համար եվրոպաներից գումար տվել, բայց գնում չէր արել ու՝ վերջ: Բա մնացա՞ծը: Մնացածն էլ, պարզվեց, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատությունն է ուղարկել: Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի կոռուպցիա-մոռուպցիա էլ չկա: Փոխարենը կա զիլ «կռուտիտ», այսինքն՝ խուսախոսություն:

Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա նիկոլ փաշինյանը կարող էր Արգիշտի Քյարամյանին հռչակել հատուկ հանձնարարություններով անփոխարինելի ամենապաշտոնյա, «ռևալյուշընֆյուրերի» ամենավստահելի ու անկրկնելի կադր:

Չէ, սրանք լրիվ «կադր» են: Բայց հայկական էժանագին սերիալի: Ավելի ճիշտ, փաշինյանի սիրած «կարգինի» այն մանրապատումից, որ կոլխոզի բոլոր գործերը ուզում են կախեն մեկի վրա, որ հա՛մ վարի, հա՛մ ցանի, հա՛մ հնձի...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը