Մեկնաբանություն

12.01.2021 22:10


Պարետ Ավինյանը մամուլի նոր քարտուղար ունի, այլևս Հայաստանը փրկված է

Պարետ Ավինյանը մամուլի նոր քարտուղար ունի, այլևս Հայաստանը փրկված է

Փաշինյանական հակահայ վարչախմբում փոխվարչապետ գրանցված Տիգրան Ավինյանը մամուլի նոր քարտուղար ունի՝ Նժդեհ Հովսեփյան: Կարևոր նշանակում է, բնականաբար: Առանցքայի՛ն: Դարակազմիկ: Պատմական, թերևս: Հաշվի առնելով, որ նշանակվողը, եթե չենք սխալվում, պատմաբան է:

Մի խոսքով, սա հենց այն էական կադրային տեղաշարժն էր, որ հետպատերազմյան, ավելին՝ փաշինյանի, նույն Ավինյանի ու այդ ամբողջ խմբավորման համառ ու հետևողական ջանքերով կապիտուլյացիոն կործանման փոսը նետված Հայաստանը կարող է փրկության թեկուզ փոքրկ, բայց հույս ունենալ:

Իրականում, հասկանալի է, որ սարկազմով ենք արտահայտվում, որովհետև ինչ-որ փոխվարչապետի ինչ-որ մամուլի քարտուղարի նշանակվելու կամ աշխատանքից ազատվելու հարցը 15-րդական նշանակություն ունի, առավել ևս՝ մեզ ու մեր ընթերցողին հետաքրքրական մակարդակից խիստ ցածր հարթության վրա գտնվող իրադարձություն է ծավալուն ուշադրության արժանացնելու համար:

Թերևս կարելի է հիշատակել այն, որ Տ.Ավինյանի նորանշանակ մամուլի քարտուղարը հանդես է եկել, այսպես ասենք՝ խիստ հակառուսական մոտեցումներ արտահայտող հրապարակումներով: Հանդես է եկել հայտնի «5-րդ շարասյան» համարում ունեցող 1in.am-ում ևս, որը գիտեք, ուղղակիորեն շաղկապված է տխրահռչակ Արման Բաբաջանյանի հետ:

Որոշակի դիտանկյունից այս նշանակման ամբողջ հետաքրքրականությունն այն է, որ փաշինյանական կապիտուլյանտ թիմը «տակից» ներգրավում է, այսպես ասենք՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված մոտեցումներ ունեցող անձանց:

Մյուս կողմից, ինքնին հետաքրքրական է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առաջնահերթ հենց նման հարցերով է զբաղված, ինչպես ասենք՝ մամուլի քարտուղար ունենալ-չունենալը: Կարելի է կարծել, թե, օրինակ, վարչապետ (համարվող) նիկոլ փաշինյանի մամուլի քարտուղարն այնքան խիստ է զբաղված, որ չի կարող ապահովել նաև փոխվարչապետի՝ հանրային կապերի և տեղեկատվության պահանջմունքները: Ու, առհասարակ, կարելի է կարծել, որ փաշինյանի հակահայ կառավարությունն այնպիսի մի ծանրաբեռնվածությամբ է գործում, այնքան մեծ ծավալի ու բազմակողմանի աշխատանք է իրականացնում, որ էլ դու՝ խոս: Իրականում դրանց կառավարության ամբողջ կազմի արած գործը կամ աշխատանքը հակադարձ համեմատական է դրանց ստացած աստղաբաշխական աշխատավարձերին ու էլ ավելի տնաքանդ պարգևավճարներին:

Լավ, իսկ ո՞վ է Տիգրան Ավինյանն, առհասարակ: Ի՞նչ է արել: Պատերազմական դաժան իրողություններն, իհարկե, միառժամանակ մոռացության են մատնել անմիջապես նախորդած շրջանում արձանագրված իրողությունները: Բայց չզլանանք և թեթևակի հիշեցնենք:

Տիգրան Ավինյանը փաշինյանական կառավարության այն գործող անձն է, որ հռչակվեց կորոնավարակային արտակարգ դրության ՀՀ պարետ: Այսինքն, հակահամաճարակային գործունեության տեսանկյունից՝ հենց Տիգրան Ավինյան անուն-ազգանունով ջահելն էր Հայաստանի թիվ 1 պատասխանատուն: Եվ...

Եվ՝ ի՞նչ: Վարակից մոտ 3 հազար մահացած, աշխարհի երկրների շարքում համաճարակային առումով ամենավատ վիճակներից մեկը, կաթվածահար տնտեսություն, խայտառակ վատ ու շիլաշփոթ վիճակ:

Ընդ որում, նման խայտառակ վիճակ, փաստորեն նախապատերազմական շրջանում:

Այնպես որ, եթե այս «տարօրինակ պատերազմի» հետ կապված մեղադրանքի հիմնական սլաքներն ուղղվում են նիկոլ փաշինյանի վրա՝ հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, գերիներ և անհայտ կորածներ տալու, պարտության ու նաև կենսական տարածքային կորուստների համար, ապա ոչ պակաս խիստ մեղադրանքներ է վաստակել նաև նրա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Իսկ նա, ահա, մամուլի քարտուղար է նշանակում: Դա էլ, երևի այն նկատառմամբ, որ իր անունը քիչ շրջանառվի զանազան կոռուպցիոն սխեմաների վերաբերող աղմկահարույց պատմությունների մեջ:

Նշանակեք, ազատեք, հետո նորից նշանակեք: Քիչ մնաց, շուտով ձեր բոլոր վախերը լիովին կարդարացվեն: Շարունակեք դողալ: Դա միակ ճիշտ բանն է, որ հիմա կա ձեր կյանքում՝ վախը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը