Քաղաքական

12.01.2021 20:56


Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով վարույթը կասեցվել է

Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով վարույթը կասեցվել է

Փաստինֆո-ն գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով վարույթը կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ընթացքում դատավորի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու , բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։

Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ լուրերը տարածվել էին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերի ձգձգման հետ։ Խնդիրն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով 2020թ մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը մարտի 16-ին ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։

Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։

Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ 2020թ դեկտեմբերի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելը։

Այս խորագրի վերջին նյութերը