Քաղաքական

12.01.2021 17:43


Ինչը կարող է խոչընդոտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը

Ինչը կարող է խոչընդոտել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացման վերաբերյալ հայտարարությունը, որը ընդունվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքում, կյանքի կկոչվի միայն այն դեպքում, եթե վերջնականապես լուծվի սահմանների և գերիների հարցը, այլապես ինչպես կարող են բացվել երկու երկրների կոմունիկացիաները, երբ Բաքվում 100-ավոր գերիներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով երեկ Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը։

«Իհարկե ողջունելի է ցանկացած քայլ խաղաղության, որը արվում է երկու երկրների միջև, սակայն խաղաղությունը պետք է լինի արդար հիմքի վրա, փոխվստահության հիմքի վրա, որտեղ սահմանազատման ժամանակ մարդկանց տները չկիսվեն երկու մասի, նույնիսկ գյուղերը չկիսվեն, սա ուղղակի նվաստացուցիչ գործընթաց է կոնկրետ Հայաստանի հանդեպ»,-ասաց նա։

Նրա խոսքով, եթե դելիմիտազացիայի և դեմարկացիայի խնդիրների լուծման համար կարող են տարիներ պահանջվել, և որի երկարաձգումն ինչ-որ առումով հասկանալի է, ապա կոմունիկացիաների բացումն առանց գերիների խնդրի վերջնական լուծման այդքան էլ իրատեսական չէ։ Ըստ Բոզոյանի` իր համար իսկզբանե էլ պարզ էր, որ մոսկովյան այցի շրջանակում Փաշինյանը չի կարող խնդրի կարգավորման հասնել։

«Իմ համար ակնհայտ էր, որ այս խնդիրը չէր լուծվելու, որովհետև Ադրբեջանը զգալով Հայաստանի թուլությունը և Նիկոլ Փաշինյանի հանդեպ հասարակության ճնշող մեծամասնության անվստահությունը՝ շատ հասկանալի պատճառներով, փորձում է քայլ առ քայլ ճնշումներով հասնել իր նպատակներին, իսկ Ադրբեջանի նպատակները հասկանալի են»,-նշեց քաղաքագետը։

Բոզոյանի կարծիքով` միայն արմատական իշխանափոխության արդյունքում հնարավոր կլինի հասնել երկրի առաջ ծառացած օրհասական խնդիրների լուծմանը, հակառակ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ հարաբերություններ չեն կարող հաստատվել։

Այս խորագրի վերջին նյութերը