Մեկնաբանություն

12.01.2021 15:10


Գերիների հարցը փաշինյանի համար ընդամենը ներքին շանտաժի մանրադրամ է

Գերիների հարցը փաշինյանի համար ընդամենը ներքին շանտաժի մանրադրամ է

Հայաստանը գերեվարած հակահայ իշխանախումբը՝ ի դեմս «գերագույն» հողատուի և նրա քարոզչական հողաթափերի (չստիկ), մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ, ինչպես հայտնի է, անոնսում էր գերիների վերադարձի հարցը և այդ խնդրի շուրջ բանակցություններ վարելու հնարավորությունը:

Հանդիպումից հետո փաշինյան & չստիկներ իշխանախումբը ստիպված էր ընդունել որ ա) գերիների հարց բանակցությունների կամ հանդիպման ընթացքում չի քննարկվել, բ) հետևաբար՝ գերիների վերադարձի խնդիրը չի լուծվել կամ կարգավորման նախանշան չի ստացել:

Սա էական արձանագրում է այնքանով, որ նախ՝ մոսկովյան հանդիպմանն ընդառաջ փաշինյանական իշխանությունը ամենից հաճախ ու ամենից շատ խոսում էր հենց ա՛յդ խնդրի մասին: Ստացվում է, որ փաշինյանական «իշխանությունն» այնքան չկա այս բոլոր գործընթացներում, որ գոնե հրապարակայնորեն իր կողմից գերկարևոր դիտվող հարցը հանդիպման կամ բանակցությունների օրակարգ կարողանա ներառել:

Բայց դա հուշում է նաև այլ ենթադրություններ կամ հետևություններ: Մասնավորապես, գաղտնիք չէ, որ իր չեղած «իշխանությունը» մի քիչ էլ երկարաձգելու (եթե ոչ՝ պահպանելու) նպատակ հետապնդող փաշինյանը և իր չստաթիմը ռազմագերիների և անհայտ կորածների խնդիրը դարձրել են ներքաղաքական շանտաժի ու շահարկումների մանրադրամ: Այս հարցը իշխանական ստահակակույտի համար հետաքրքիր է միմիայն այնքանով, որքանով որ նրանց ու կոնկրետ «գերագույնին» հնարավորություն է տալիս գերիների ծնողներին, հարազատներին, ազգականներին ուղղորդել փաշինյանի հեռացումը պահանջող ուժերի և քաղաքացիների դեմ: Եվ այդ ուղղորդումը որոշակիորեն «աշխատում է», չնայած փաշինյանական ուղղորդումն արվում է բացահայտորեն պարզունակ ու տխմարագույն ձևակերպմամբ, թե՝ «այ, որ փաշինյանի հեռացումն են պահանջո՜ւմ, դրա պատճառո՜վ հնարավոր չէ կամ դժվարանում է գերիների վերադարձը» և այլն, և այդպես շարունակ:

Սա մոտավորապես այն ապուշության կրկնօրինակն է, թե՝ «այ, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չարվեն (2018-ին, եթե չեք մոռացել), ներդրումներ չեն լինի», «այ, որ ՍԴ-ն տիրումեր չանենք, ներդրումներ չեն լինի...», «այ, որ դատարանները չգրավենք, ներդրումներ չեն լինի...»:

Ներդրումներ, բնականաբար չեղան: Ոչ մեկը չի խելագարվել, որ իր ֆինանսական միջոցները ներդնի իմպուլսիվ-հիստերիկ մեկի կողմից կառավարվող ու քաոտիկ վիճակի մեջ դրված երկրի տնտեսության մեջ: Չշեղվենք:

Ի դեպ, մոսկովյան հանդիպման հետ կապված, տարբեր վերլուծաբաններ ուշադրություն են դարձրել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցային գործընթաց շարունակելու, ի լրումն՝ Արցախի կարգավիճակի հետ կապված քննարկումների հեռանկարին, որոնց վերաբերյալ նշումներ առկա էին Վ.Վ Պուտինի խոսքում: Կասկածից վեր է, որ փաշինյանական չստաթիմը դա փորձելու է վերագրել նիկոլի էքստրավագանտ թրաշին ու «պարզաբանում պահանջող» հայացքին, վիզը ձգած «դուխով» նստվածքին, ճմռթված տաբատին…:

Բայց իրողությունն այն է, որ իրերի նման վիճակը ուղղակիորեն շաղկապված է տարածաշրջանում ձևավորված իրավիճակում Ռուսաստանի շահերի հետ: Ամեն ինչ չափազանց պարզ է. եթե Ռուսաստանն ընդունի, որ Արցախի հիմնախնդիրը վերջնականորեն կարգավորված է ու կարգավիճակի հստակեցման հարց էլ չկա, ապա ուղղակիորեն կիմաստազրկի Արցախի մնացորդների շուրջ ռուսական խաղաղապահների տեղակայումը, այսինքն՝ իր ռազմական ներկայությունը, էլ չենք խոսում՝ Բաքվի վրա ազդեցության լծակ պահպանելու հաշվարկը: Հենց նույն նպատակով էլ, առաջին հերթին Ռուսաստանի շահերից է բխում, որպեսզի որոշակի թվով արցախցիներ վերադառնան Արցախ:

Հարցն այն չէ միայն, թե տվյալ կոնկրետ դեպքում Ռուսաստանի կոնկրետ շահը որքանով է զուգահեռվում մերինի հետ: Հարցն այն է, որ թե՛ ՄԽ-ի, թե՛ կարգավիճակի վերաբերյալ նշումների հետ Հայաստանը այս պահին ներկայացնողը բացարձակապես կապ չունի: Եռակողմ հանդիպմանը փաշինյանի ներկայությունը կամ մասնակցությունը ընդամենը ձևական կամ նոմինալ բնույթ ուներ: Նույն հաջողությամբ այնտեղ կարող էր մի խրտվիլակ դրված լինել՝ վրան կախված ցուցանակով՝ «ՀՀ ներկայացուցիչ»: Լավ, 21-րդ դարի պարագան նկատի ունենալով, թող խրտվիլակ չլիներ, այլ ռոբոտ, իմաստը նույնն է:

Ռազմագերիների հարցը մոսկովյան հանդիպման ընթացքում չքննարկվեց, փաստորեն, ու չլուծվեց: Ի դեպ, այն, որ նման հարց կարող է լինել օրակարգում, միայն պայմանական «հայկական կողմն» էր նշում: Ռուսական պաշտոնական աղբյուրները նման հատուկ շեշտադրումներ չունեին՝ հանդիպմանն ընդառաջ:

Փոխարենը, բավականին կոշտ ժամանակացույցով հստակեցվեց «Մեղրին հանձնելու» մեխանիզմը՝ «հաղորդակցության ուղիները բացելու» անվան տակ: Դրանով առաջինը, Ադրբեջանը կարճ երկաթուղային կապ է հաստատելու Նախիջևանի, բնականաբար, նաև՝ Թուրքիայի հետ: Տեսականորեն, իբր, Հայաստանն էլ երկար կապ է հաստատում Ռուսաստանի հետ: Տեսականորեն, որովհետև պարզ է, թե ինչ է լինելու հայկական վագոնների հետ ադրբեջանական տարածքում: Ով չի պատկերացնում, թող թեթևակի տնտղի աղետի գոտու համար 1989-90 թվականներին ադրբեջանական տարածքով անցած հայկական երկաթուղային բեռների վիճակի վերաբերյալ հրապարկումները:

Ի դեպ, «Մեղրու միջանցքի» վերաբերյալ խիստ ժամանակացույցի հանգամանքն էլ է ուշագրավ: Այն առումով, որ առնվազն ադրբեջանական կողմն ու Ռուսաստանը վստահ չեն, որ փաշինյանը երկար կձգի, ուստի «արագի մեջ» ձգտում են պոկել կամ հաստատել տալ ինչ հնարավոր է:

Չնայած, փաշինյանը «դեռ ձգում է»: Նա ուղղակիորեն գերի է վերցրել Հայաստանի պետական կառավարման համակարգը, որի հետ վարվում է օսվենցիմի էսէսականների պես՝ ճխտում է անելանելության գազախցիկ, նախապես վրայից հանել տալով այն ամենը, ինչ հնարավոր է հանել: Ինչ վերաբերում է նրա չստիկներին, ապա դրանք էլ են նիկոլի պատանդները: Նրանք մտել են կոլեկտիվ ազգադավության աններելի մեղքի տակ՝ պարզորոշ գիտակցելով, որ մի քիչ ավելի երկար պարգևավճարային գոյատևելու մեկ կարճլիկ ճանապարհ ունեն՝ ծառայել նիկոլին, իսկ եթե փորձեն հեռանալ, ապա հենց նախկին թիմակիցներն էլ իրենց կխժռեն: Կենդանական վախը, ի դեպ, անհիշելի ժամանակներից, որոշակի կատեգորիայի դեպքում, նաև շարժիչ ուժ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը