Կարծիք

13.05.2011 13:30


Երբ գործին անլուրջ են մոտենում

Երբ գործին անլուրջ են մոտենում

Քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու, Լևոն Տեր-Պետրոսյանը երբ ցանկանա, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրելու, իսկ խիստ պետականաշեն լրատվամիջոցներն էլ երբեմն-երբեմն հաղորդելու են, որ մարտի 1-ի գործը համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում է:

Մի խոսքով, ոմանց համար սա երանելի վիճակ է: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան թվում է նրանց, ովքեր շարունակում են հայտարարել, թե իրենց նպատակն արտահերթ նախագահական ընտրություններն են: Քաղաքականությունը լուրջ գործ է: Հայտարարություններին պետք է հետևեն գործերը: Իսկ երբ շարունակ պահանջում ես արտահերթ ընտրություններ և կոնկրետ քայլերի չես դիմում, հաստատապես հայտնվում ես այնտեղ, որտեղ քո տեղն է:

Դեռ կարճ ժամանակ հնարավոր է մոլորության մեջ գցել հազարավոր մարդկանց՝ նրանց հավատացնելով, որ իշխանափոխության գնալու ամենալավ տարբերակը «երկխոսությունն է»: Բայց եթե իրոք նպատակն արտահերթ ընտրություններն են, ապա դրա համար երկխոսելու որևէ կարիք չկա: Անհրաժեշտ է հերթական բազմամարդ հանրահավաքի ժամանակ հայտարարել, թե պահանջում ենք արտահերթ ընտրություններ նշանակել: Ընդ որում, պետք է հայտարարել որոշակի և իրական ժամկետներ: Իսկ նման հայտարարությունից հետո պետք է անցնել ամենօրյա բողոքի գործողությունների: Եթե այս քայլերը չեն արվում, ապա արդեն լուրջ կասկածներ են առաջանում իրական նպատակների վերաբերյալ:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե իր ընտրած ուղուց շեղվելու դեպքում կկործանենք բոլոր հարցերը: Այլ կերպ ասած՝ առաջին նախագահն ամենօրյա գործողությունների դիմելու որևէ մտադրություն չունի: Ավելին, նա այնքան քաջածանոթ է Սերժ Սարգսյանի վարչախմբի էությանը, որ ավելի քան համոզված է, որ նա, առանց ժողովրդի հուժկու ճնշման, կամովին չի հանձնի իշխանությունը: Ճիշտ է, այսօր մեր կողքին ապրում են լուրջ դեմքով քաղաքագետներ, որոնք պնդում են, թե հենց այս ճանապարհով էլ տեղի կունենա իշխանափոխությունը, և որ կատարելով Կոնգրեսի պահանջները՝ Սերժ Սարգսյանը թուլանում է, իսկ նրա բուրգը` ճաքեր տալիս, ինչն էլ կհանգեցնի անխուսափելի իշխանափոխության:

Անշուշտ, ուշ թե շուտ, Սերժ Սարգսյանի բուրգը փլուզվելու է, բայց առանց ժողովրդի ճնշման, առանց հրաժարականի որոշակի պահանջի իշխանությունները հրաժարական չեն տա:

Կոնգրեսն իր ստեղծման օրը շատ հստակ և պարզ հայտարարել է, որ իր գերագույն նպատակն ավազակապետության կազմաքանդումն է: Միամիտների միամիտը պետք է լինել՝ մտածելու համար, որ մի քանի պատգամավորական մանդատ ստանալով կարելի է բուրգը կազմաքանդել: Այնպես որ, եթե Կոնգրեսի նպատակը դեռ չի փոխվել, ապա մայիսի 31-ին ՀԱԿ առաջնորդներն ավելի քան պարզ և հստակ պետք է հայտարարեն՝ մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ խորհրդարանական հերթական ընտրություններին:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մեջ ոչ մի վատ բան չկա, կարելի է մասնակցել, բայց Կոնգրեսը, որն իր առջև ի սկզբանե խնդիր էր դրել կազմաքանդել ավազակապետությունը, պետք է հայտարարի, որ եթե խորհրդարանում չկարողանա մեծամասնություն կազմել, ապա, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, հրաժարվելու է բոլոր մանդատներից:

Կոնգրեսը նաև պետք է պահանջի և փորձի հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարի, թե հերթական կամ արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը, ո՛չ էլ իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից որևէ մեկը չեն պայքարելու նախագահի աթոռի համար:

Եթե այս ամենը չարվի, ապա նույնիսկ ամենամիամիտների համար էլ  պարզ կդառնա, թե իրականում իր առջև ինչ խնդիր է դրել Հայ ազգային կոնգրեսը կամ ավելի ճիշտ՝ Լևոն Տեր–Պետրոսյանը: Եթե կոնգրեսականները հայտարարեն, որ խորհրդարանում տեղեր զբաղեցնելով ավելի լավ կպայքարեն ավազակապետության դեմ, ապա միայն ծիծաղելի վիճակում կհայտնվեն:

Արդեն այսօր Կոնգրեսի քարոզիչներից ոմանք, հասկանալով, թե դեպի ուր է տանում այս կիսափակ կամ կիսաբաց դուռը, փորձում են հիմնավորել, որ կարելի է և պայքարել խորհրդարանում ներկայացված լինելու համար: Իսկապես տխուր պատկեր է:

Մարդկանց մի խումբ այժմ անհամբեր սպասում է մայիսի 31-ի հանրահավաքին: Սպասում է ոչ թե ականատեսը լինելու թատերականացված շոուի, այլ Կոնգրեսից հստակ հայտարարություններ լսելու: Եթե նման հայտարարություններ չլինեն, ապա Կոնգրեսին ոչինչ չի մնա, քան երազել խորհրդարանական մի քանի տեղերի մասին: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե Կոնգրեսը կորցնի իր համակիրների նոսրացող բանակը, ապա նույնիսկ կեղծված ընտրությունների դեպքում խորհրդարանում մի տեղ անգամ չի ստանա: Քաղաքականությունը շատ ավելի լուրջ գործ է, քան պատկերացնում են որոշ կոնգրեսականներ:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը