Մեկնաբանություն

11.01.2021 17:30


Արմեն Սարգսյանն արդեն թաղել է ՀՀ-ն և սորոսածռական բառերով խոսում է «4-րդ Հանրապետությունից»

Արմեն Սարգսյանն արդեն թաղել է ՀՀ-ն և սորոսածռական բառերով խոսում է «4-րդ Հանրապետությունից»

Անհայտ երկրի քաղաքացի, բայց Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը որոշել էր Հայաստանի Հանրապետության համար դամբանական գրել՝ միաժամանակ խոսելով «չորրորդ հանրապետության» մասին: Իհարկ, պատահական զուգադիպությամբ, նրա հոդվածը հրապարակման էր պատրաստվել հենց հունվարի 11-ին, այսինքն՝ Արմեն Սարգսյանի սրտի վարչապետ նիկոլ փաշինյանի մոսկովյան վոյաժի օրը:

«Բովանդակային պետության» մասին իր պատկերացումներն է ներկայացրել մեկը, ով 2 տարի 9 ամիս եղել է ՀՀ նախագահ, համարվել պետության գլուխը, բայց միակ բանը, ինչ արել է այդ ամբողջ ժամանակահատվածում այն է, որ ձայնը կտրած, սուսիկ-փուսիկ հետևել է, թե ինչպես են նիկոլ փաշինյանն ու նրա ավազակախումբը ուտում պետության գլուխը: Արմեն Սարգսյանը հլու-հնազանդ ծառայել է նիկոլ փաշինյանին, ինչ դեմ են տվել՝ խելոք ստորագրել է, իր առանց այն էլ ոչ ընդարձակ լիազորություններն է նաև հոժարակամ զիջել թավշյա հանցախմբին ու պետական միջոցների հաշվին շրջագայել է աշխարհում, բարձրաստիճան զբոսաշրջիկություն է արել՝ էլիտ-տուր:

Ավելին, լինելով Սահմանադրությանը հետևելու կոչված գլխավոր պետական պաշտոնյան՝ ծպտուն իսկ չի հանել, երբ փաշինյանն ու նրա դավաճանական ավազակախումբը Սահմանադրությունը դարձրել են «պոլի շոր»:

Ըստ էության, Արմեն ՍարգսյանՆ իր լռությամբ, կամակատարությամբ ու անգործությամբ դարձել է նիկոլ փաշինյանի եթե ոչ՝ հանցակիցը, ապա առնվազն՝ գործակիցը: Մեկը, որ վստահեցնում էր, թե կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրման մասին իմացել է... մամուլից: Ու այդ մեկը դեռ համարձակվում է ինչ-որ բան ասել ու նույնիսկ ստորագրել՝ «ՀՀ նախագահ»:

Պատմականորեն Արմեն Սարգսյանը միայն մեկ անելիք ունի՝ դեպքերի անցնցում ընթացքի դեպքում ապահովել իշխանության սահուն անցումը ժամանակավոր կամ «ազգային համաձայնության» կառավարությանը: Վերջ: Դրանից հետո, ինչպես փաշինյանի կառավարության ամբողջ կազմը ու «իր քայլը» խմբակցության մեծ մասը, Արմեն Սարգսյանը ևս պետք է օրենքով սահմանված կարգով համբերատար սպասի քննության ու դատի: Կարճ ասած՝ Արմեն Սարգսյանը, որպես պետության քաղաքական ղակավարության կարևոր ու բաղկացուցիչ տարր, նմանապես ու նույնչափ ենթակա է պատասխանատվության տեղի ունեցածի համար, որչափ՝ փաշինյանն ու նրա հանցաթիմը:

Լավ, բայց ինչո՞ւ հանկարծ Արմեն Սարգսյանը որոշեց ակտիվանալ: Չնայած, նրա պարագան նկատի ունենալով, երևի ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե ինչո՞ւ ինչ-ինչ շրջանակներ որոշեցին ակտիվացնել Արմեն Սարգսյանին: Չի կարելի բացառել, որ այդ «ինչ-ինչ շրջանակները» արդեն ավարտված են համարում նիկոլ փաշինյանի միսիան, և գտնում են, որ ժամանակն է անհավասարակշիռ ու հիստերիկ, ջղաձգվող ու անթրաշ դեմքով հանձնակատարին փոխարինել ուսյալ, ժպտադեմ հանձնակատարով:

«Բովանդակային պետության» մասին Արմեն Սարգսյանի երկարաշունչ շարադրանքի բովանդակությունն էլ զերծ չէ հետաքրքրական մանիպուլյացիաներից: Մեկը, ով տարիներ շարունակ եղել է ՀՀ պետական համակարգում, որպես մի երկու ամսով վարչապետ, ապա՝ Մեծ Բրիտանիայում տարիներով ՀՀ դեսպան, թելում է պրիմիտիվագույն ու պրիմիտիվ ընկալում ունեցողների համար պատրաստված այն ասեղը, թե՝ «յեյեսուն տայի ոչ մի բան չեն արել»: Սա էլ, թե՝ «Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ... Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»:

Անհեթեթություն է ասվածը: Տարիներ շարունակ, այո՛, Հայաստանն ունեցել է ուժեղ ու մարտունակ բանակ: Բանակ, որը շարունակաբար համալրել է իր զինանոցը ու մշտապես պատրաստ է եղել հետ մղել թշնամական ագրեսիան: Այո՛, ՀայաստանՆ ունեցել է առաջանցիկ տնտեսություն, հակառակ դեպքում ոչ բանակ կունանար, ոչ էլ սպառազինություն: Այո՛, Հայաստանում հաջողվել է դնել կազմակերպված պետության հիմքերը: Ու դնել այնպես, որ չնայած իր՝ Արմեն Սարգսյանի կոմֆորմիստական նախագահությանն ու նիկոլ փաշինյանի ավերակիչ կառավարմանը, այդ կազմակերպված պետության որոշ կառույցների առանձին բեկորներ դեռ պահպանվել են:

Մնացածը թող մյուսները հակադարձեն: Բայց անցյալի, իբր թե՝ իլյուզիա ու պատրանք լինելու մասին խոսում է մեկը, ով երկուսուկես տարի ծպտուն իսկ չի հանել, երբ քանդում էին բանակի կառուցվածքը, կառավարումը, երբ պետական կառույցները մեկը մյուսի ետևից նետում էին շփոթի ու անկառավարելիության հորձանուտը:

Ի դեպ, սրանց որ լսես, կարելի է կարծել, թե թշնամին մի 30 տարի Բայրակթար ու ԱԹՍ էր գնում, իսկ մենք՝ պարսատիկի քար: Մինչդեռ թշնամին այդ «նոր զինատեսակները» սկել է ինտենսիվորեն ձեռք բերել 2020–ի ամառվանից: Այնպես որ «բարձրտեխնոլոգիական» Արմեն Սարգսյանն ավելի լավ է իր ու իր ներկայությամբ երդում արտասանած կառավարության դավադիր սխալների մասին թող խոսի:

Եվս մեկ բնութագրական հանգամանք: Արմեն Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանի երրորդ Հանրապետությունն այլևս չկա, ու ժամանակն է անցնել «չորրորդ հանրապետության» ձևավորմանը»:

Կներեք, եթե Հայաստանի Հանրապետությունը չկա, դու ո՞վ ես: Չէ, լուրջ, դուք ո՞վ եք, ո՞նց եք ստորագրում՝ ՀՀ նախագահ, եթե կոնկրետ այդ ՀՀ-ն համարում եք մեռած:

Բնութագրական է և նրա իրական պատվիրատուներին մատնում է նաև «չորրորդ հանրապետություն» ձևակերպումը: Քանի կար, սա սորոսա-թրքա-ծռական շրջանակների բառամթերքն էր: Հիմա, փաստորեն, առաջին պլան է բերվում այդ նույն շրջանակների գլխավոր հովանավորյալը՝ ի դեմս Արմեն Սարգսյանի:

Ու ընդհանրապես, Արմեն Սարգսյանից ավելի հետաքրքիր կլիներ սպասել հրապարակային բացատրություն, թե այնուամենայնիվ ո՞րն էր բուն պատճառը, որ Վազգեն Սարգսյանը նրան վռնդեց Հայաստանից: Վատ չէր լինի, որ նիկոլին իր քաղաքացիության վերաբերյալ ցույց տված տեղեկանքը մի հատ էլ ժողովրդին ցույց տար՝ ժողովրդավարական հիմունքներով: Չնայած, ինքս կնախընտրեի լսել բանական բացատրություն, թե այդ ո՞նց է լինում, որ հենց իրեն ՀՀ-ում պաշտոնից զրկեցին, վազեց օտար երկրի քաղաքացիություն ընդունելու:

Արմեն Սարգսյանն այս հրապարակմամբ փորձում է տպավորություն թողնել, թե՝ ինչ եղել է, այդ ամենը՝ մի կողմ, իսկ ինքը՝ Հայաստանի ապագան է: Գնացեք կոտլետ տապակելու, դուք ի՞նչ նախագահ կամ ապագա, եթե Հայրենիքը թշնամուն հանձնելու մասին մամուլից եք տեղեկանում, կամ առնվազն ստում եք, թե մամուլից եք տեղեկացել նիկոլի կապիտուլյացիոն ստորագրության մասին...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը