Քաղաքական

09.01.2021 15:03


Բանակը վաղուց իշխանությունը պիտի վերցներ իր ձեռքը, ուսադիր կրողները դրժում են իրենց երդումը. Երվանդ Բոզոյան

Բանակը վաղուց իշխանությունը պիտի վերցներ իր ձեռքը, ուսադիր կրողները դրժում են իրենց երդումը. Երվանդ Բոզոյան

Նիկոլ Փաշինյանը կոծկում է, թե ինչ է ստորագրվելու Մոսկվայում, և փորձելու է հիմնավորել, որ քանի որ պարտված կողմ ենք, ստիպված է անել այն, ինչ թելադրում է Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հիշեցնելով, որ պատերազմը հրահրվել էր հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով: Ըստ նրա՝ այս անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել, որ ժամանակ չկար հանրության հետ քննարկելու համար:

«Այն, ինչ ստորագրվելու է, Հայաստանում պոպուլյար չէ, ընդունելի չէ, այդ պատճառով էլ կոծկում է: Իշխանության գալուց հետո նույնիսկ նախկին իշխանությունների սառնարանն էր բացում, ցույց էր տալիս՝ դրա մեջ ինչ կա՝ ցույց տալով, թե ինչքան թափանցիկ է աշխատում: Հիշում եք՝ նշում էր, որ եթե Արցախի հարցի հետ կապած ինչ-որ բան լինի, հանրաքվե կնշանակի, կքննարկի ժողովրդի հետ, իսկ հիմա տեսնում ենք՝ ինչ «թափանցիկ» է աշխատում Փաշինյանը: Այն, ինչ կատարվեց 2,5 տարի առաջ, թատերական ներկայացում էր պարզունակ զանգվածի համար, ինչի շնորհիվ ձևավորեց քիչ թե շատ ամուր իշխանություն, գրավեց պետական կառույցները՝ սկզբից գործադիրը, հետո օրենսդիրը, վերջում էր ՍԴ-ն, միայն դատական համակարգը չհաջողվեց գրավել»,-ասաց նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ այն, ինչ կատարել է Փաշինյանը, աննախադեպ է համաշխարհային պատմության տեսանկյունից:

«Ցանկացած Ճ կլասի երկրում, այն, ինչ կատարել է Փաշինյանը, դրա կեսը կատարեին, այդ երկրում անմիջապես կլիներ ռազմական հեղաշրջում. բանակը իշխանությունը կվերցներ իր ձեռքը, կձևավորեր նոր իշխանություն: Ես ապշած եմ, թե Հայաստանում ինչ աստիճանի է թլպատված ուսադիրների համակարգը: Երբ ասում ենք՝ ուժային կառույցներ՝ բանակ, ԱԱԾ ոստիկանություն, կարող ենք ասել, որ դարձել են շարքային չինովնիկներ, ովքեր ուսադիրներ են կրում, երդում են տալիս, բայց այդ երդումը առոչինչ է իրենց համար: Իրենց աչքի առաջ փաստացի կատարվում է պետականության փլուզում, և իրենք դիտորդի կարգավիճակում հետևում են՝ ինչ է կատարվում»,-ընդգծեց նա՝ հավելով, որ ուսադիր կրողների կողմից երդումը դրժելը մեծագույն հանցագործություն է, ցանկացած երկրում այդպիսիները կանգնում են ռազմական տրիբունալի առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը