Քաղաքական

09.01.2021 13:11


Այն մտավորականները, որոնք ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա համարում եմ փարիսեցիություն. Սրապիոնյան

Այն մտավորականները, որոնք ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա համարում եմ փարիսեցիություն. Սրապիոնյան

Հունվարի 12-ին, ժամը 14-ին տեղի է ունենալու «Ձայն հայրենյաց» նախաձեռնության երկրորդ կարևորագույն միջոցառումը, որի ընթացքում պետք է լինեն գեղարվեստական համարներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց մշակութաբան Սամվել Հարոյանը:

Նա տեղեկացրեց, որ մտավորականների առաջին հավաքին մասնակցել է 130 մարդ, որից 100-ը միացել է իրենց հայտարարությանը: Դրանից հետո ևս նույնքան մտավորականներ են միացել հայտարարությանը: «Հունվարի 12-ին մենք նոր կոչով հանդես կգանք և դա նույնպես կունենա նոր հետևորդներ»,-ասաց նա:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանն իր հերթին նշեց, որ այսօր ով իր հայրենյաց ձայնը բարձրացնում է, ենթարկվում է անհայտ ծագման և անհայտ գաղափարաբանություն դավանող մարդկանց հարձակումներին. «Ուզղեցինք մեր մշակույթի գործիչների խոսքը հասցնել ժողովրդին: Որովհետև 17 ուժերի շարժումը, որն ունի ընդգծված քաղաքական մոտեցում, որի պահանջների մեծ մասը կիսում ենք, մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը, որոշեցինք ձայն հայրենյաց բարձրացնել, հասկացնելու համար, որ այստեղ կուսակցականություն, աթոռակռիվ բառերը տեղին չեն: Այսօր կշեռքի նժանրին դրված է մեր պետության, մեր հայրենիքի գոյության խնդիրը»,-ընդգծեց նա:

«Ժողովրդի մեծ մասը, որ այսօր թաղված է հետպատերազմյան հուսահատ վիճակի մեջ, նա չի կարող հստակ պատկերացնել այն արհավիրքը, որը սպասում է մեզ մոտ ապագայում: Մտավորականների պարտքը նաև ճշմարիտ դիմագիծը ժողովրդին ներկայացնելն է, թմբիրից արթնացնելն է: Մեր խնդիրը հենց դա է, առանց ատելության քարոզի, բայց նաև չխնայելով սխալները ճակատին ասելուց»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու են խուսափում քաղաքականություն բառից, Սրապիոնյանն ասաց, որ եթե լինեին երանելի ճահճացման տարիները իրենք քաղաքականությամբ չէին զբաղվի. «Բայց երբ քաղաքականությունը եկել մտել է իմ տուն իմ կորած զինվոր տղայի տեսքով, դա քաղաքականություն է, թե՞ քաղաքականություն չի: Ես խոսում եմ արյան գնի մասին, որ գնացել է, որ հայրենիքը փրկվի, իսկ մեզ վերադարձնում են «Ինչ պետք է, նա էլ բանակցում ենք» արտահայտությամբ և դա արդարացնելու համար ժող ջան»-ին ենք վկայակոչում, սա արդեն համատարած քաղաքականացված իրականություն է: Այսօր այն մտավորականները, ես խոսում եմ ինձ հարող մտավորականների անունից, որոնք հայտարարում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա համարում եմ առնվազն փարիսեցիություն և դա շատ մեղմ գնահատական է: Եթե ես այս պայմաններում չզբաղվեմ քաղաքականությամբ, ինչ պետք է համարեմ ապազգային, հակահայ տարր»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդյոք այս նախաձեռնությունն ուշացած չէ, Սերժ Սրապիոնյանն ասաց. «Ժողովուրդն ասում է՝ վնասի կեսից հետ դառնալն էլ օգուտ է: Մենք հիմա գնում ենք այդ հետ դառնալու ճանապարհով»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը