Քաղաքական

09.01.2021 11:53


Շուռնուխ գյուղի բնակչին պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ (լուսանկար)

Շուռնուխ գյուղի բնակչին պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ (լուսանկար)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»:

Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:
Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. Նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից:
Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն:
Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն»:

Այս խորագրի վերջին նյութերը