Մեկնաբանություն

08.01.2021 20:15


Հեռուստաեթերում շուտով գրեթե պաշտոնապես կգործեն «թուրքական ալիքներ»

Հեռուստաեթերում շուտով գրեթե պաշտոնապես կգործեն «թուրքական ալիքներ»

Դատելով տարածվող տեղեկություններից ու շրջանառվող հրապարակումներից, Հայաստանում հեռուստաեթերը շուտով կհամալրվի հակահայկական կամ, որ նույնն է՝ թշնամական նոր հեռուստաալիքներով: Ներկայում այդ «պատասխանատու», այսինքն՝ նիկոլական, ասել է, թե՝ հակահայկական գործը հիմնականում իրենց ուսերի վրա են վերցրել պաշտոնական կամ պաշտոնականին հարող քարոզչամիջոցները, գումարած «Ազատությունը» և սորոսական միջոցներից սնվող էլի մեկ-երկու եթերաթափոն: Բայց դա՝ իր հերթին:

Այստեղ կարևորը այն է, որ ակնհայտորեն հակառակորդի կողմից «խաղացողները» ստանում են լրացուցիչ քարոզչալծակ: Խոսքը, մասնավորապես ԼՀԿ-ով ԱԺ ներթափանցած, ապա մարուքյանենց վրայից «թռած» և շատ սահուն փաշինյանի քարոզչական ու քաղաքական սպասարկմանը, իսկ ավելի ճիշտ՝ փաշինյանական հակահայ գծի սպասարկմանը զծված արման բաբաջանյանի մասին է:

Հասկանալի է, որ սա «իր փորացավն» ունի, ավելին՝ որոշակի շրջանակների` սորոսաթուրքական, կողմից դիտարկվում է փաշինյանի փոխարինման «պահեստային տարբերակ»:

Թե ով է և ինչ է իրենից ներկայացնում արման բաբաջանյանը, հանրահայտ է: Թե ինչպես է նա տարիներ շարունակ իր 1in.am-ով ու «Ժամանակով» հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարման քարոզչական ու նաև քայքայիչ աշխատանք տարել, նույնպես հայտնի է:

Նորությունը տվյալ դեպքում այն է, որ ինչ-ինչ շրջանակների պետք է նրա է՛լ ավելի ակտիվացումը: Ավելին, արման բաբաջանյանի տրամադրության տակ, փաստորեն, հայտնվել են բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ: Այնպիսի միջոցներ, որոնք թույլ են տալիս հեռուստաընկերության կամ հեռուստաալիքի ախորժակ ունենալ:

Մեծ հաշվով, նա ունի ինտերնետային հեռուստահարթակ, պարզապես հիմա տեխնիկական ու տարածման առումով դեպի ավելի լայն լսարան դուրս գալու խնդիր է դրված:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կարելի է գրեթե չկասկածել, թե ինչ աղբյուրներից կլինեն այդ միջոցները: Բայց դա թող հաջորդ իշխանության օրոք ԱԱԾ-ն պարզի:

Ինչ վերաբերում է ենթադրություններին, ապա հո հենց այնպես չէր բաբաջանյանը քարոզում, իրեն մեջտեղից պատառոտում, որ հանկարծ ու հանկարծ հայկական զինուժը չթիրախավորի ադրբեջանական գազամուղ-նավթամուղները: Դե իհարկե, ինչպե՞ս կարելի էր հանկարծ հրթիռահարել թշնամու ֆինանսական սնուցման ամենակարևոր աղբյուրները:

Մյուս կողմից, եթե փաշինյանը ջի-փի-էս-ով թուրքերի հետ Հայաստանի սահմաններն է «կարուձևում», ապա ինչո՞ւ բաբաջանյանը հեռուստաեթերում «թուրքական սահմանագծեր» չքաշի:

Հարցերը իրենք իրենց մեջ, կարելի է ասել՝ կարգավորել են: Իրենք արդեն լիարժեք վստահ են, որ ոչ միայն մարսել են հազարավոր հայ երիտասարդների կոտորածը, Հայոց բանակի կործանումն ու Հայրենիքի մի զգալի մասը թշնամուն հանձնելու ոճիրը, այլև լիովին համոզված են իրենց անպատժելիության մեջ: Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, է՛լ ավելի սարսափելի:

Չնայած, ինքնապահպանման բնազդից և դատողականությունից զրկված խառնամբոխի համար արդեն միևնո՛ւյն է, թերևս:

Այնպես որ, Հայաստանում շուտով գրեթե պաշտոնապես կարող են ոչ միայն պրո-թուրքական «եթեր քշող» հեռուստաընկերություններ գործել, այլև միանգամայն պաշտոնապես հենց թուրքական ալիքներ էլ կլինեն՝ հուրախություն նիկոլ փաշինյանի, նրա մանկլավիկների և այլ փաշինյանական վնգստյալների:

Սահակ Մահակյան

Այս խորագրի վերջին նյութերը